ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Անտիկ աշխարհում տաղանդ բառը դրամի միավոր էր, իսկ այժմ այդ բառի իմաստի տակ շատեր հասկանում են կարողությունը հայտնի դառնալու, և, իհարկե, դրանով նաև դրամ վաստակելու: Սուրբ Հռիփսիմեն մերժեց հարստությունը, փողը, շքեղությունը, հասարակության մեջ ազդեցիկ դիրքը: Նույն բանն արեց Սուրբ Սանդուխտ կույսը: Նա թագավորի դուստր էր, ուներ մեծ հարստություն, իշխանություն, սակայն այս ամենից հրաժարվեց: Իսկ հիմա համեմատենք այս սրբուհիներին մերօրյա որոշ երիտասարդուհիների հետ: Մերօրյա մարդկանց մի զգալի մաս ձգտում է այն ամենին, ինչից հրաժարվեցին Սուրբ Հռիփսիմեն և Սուրբ Սանդուխտը և այլ սրբեր:

Այսօր շատեր ձգտում են նորաձևության, սիրում են շքեղ մեքենա վարել և ամեն ինչում բարօրություն ունենալ: Սակայն Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է. «Մարդիկ երջանիկ են համարում նրան, ով ունի երթևեկության շքեղ միջոցներ, գեղեցիկ կին կամ ամուսին, հարստություն կամ բարօրություն: Սակայն եթե այս ամենը նրանից հեռացնենք, նա ամբողջովին դատարկ և միայնակ կմնա»: Եվ իրոք, եթե սահմանենք, որ երջանկությունը մարդուն շրջապատող իրերը կամ առարկաներն են, ապա այդպիսի սահմանումը ծիծաղելի և անհեթեթ կթվա: Իսկ սրբերն իրենց մերժումով մեզ սովորեցնում են, որ իրական երջանկությունը գալիս է մեկ այլ աղբյուրից` Աստծուց, հանուն որի իրենք հրաժարվեցին ամեն ինչից: Հետևաբար, իրենց ընտրությամբ նրանք մեզ բոլորիս կարծես ասում են. «Երջանկություն գտնելու համար նախ պետք է գտնենք Աստծուն»:

ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ ԻԲՐԵՎ ԱՐԴՅՈՒՆՔ

Սկզբնական շրջանում Կաթողիկոսներն ամուսնանում էին, որովհետև այն ժամանակ հատուկ ուշադրություն էին դարձնում տոհմի շարունակելիությանը: Մեր պատմիչները, սակայն, նշում են այն փաստը, որ Կաթողիկոսներն ամուսնանում էին որդեծնության համար և հոգևոր գործունեության անցնելուց հետո ապրում էին այնպես, ինչպես հրահանգում էր Պողոս առաքյալը կորնթացիներին ուղղված թղթում. «Նրանք, որ կին ունեն, թող այնպես ապրեն, որպես թե ունեցած չլինեին» (Ա Կորնթ. 7.29):

Մեր սուրբ Կաթողիկոսներն ավելի շատ հետևել են կյանքի այն ձևին, որով ապրեցին մարգարեները, Հովհաննես Մկրտիչը և Հիսուս Քրիստոս, և որը քարոզում էր Պողոս առաքյալը` այն ավելի բարձր դասելով ամուսնությունից: Շատ մարդկանց համար սա կարող է անհասկանալի թվալ: Սակայն մեկ բան բոլորն էլ կարող են հասկանալ` ինչ էլ լինի, Աստծուն պետք է ամեն ինչից և բոլորից վեր դասել:

Այսօր հաճախ ենք, դժբախտաբար, ականատես լինում հետևյալ իրողությանը: Տեսնում ենք ընտանիքներ, որոնք կարծես թե երջանիկ են, կան խելոք և գեղեցիկ երեխաներ, ապահով աշխատանք: Բայց մեկ էլ հանկարծ տեսնում ես, որ մի չնչին պատճառից ամուսինները բաժանվում են, ընտանիքը քայքայվում է, և երեխաների աչքերը լցվում են տխրությամբ: Հաճախ էլ ամուսինները ներքնապես արդեն բաժանված են լինում նույնիսկ միասին ապրելով: Ի՞նչն է դրա պատճառը:

Մարդկանց համար նպատակ է դարձել երջանկությունը և լավ ապրելը, մինչդեռ նպատակը պետք է լինի Աստված, իսկ երջանկությունը դեպի Աստված այդ ձգտման արդյունքը: Ինչպես որ առանց կրակի չկա ջերմություն և առանց արևի` լույս, այնպես էլ առանց Աստծո չկա երջանկություն: Հաճախ մտածեք այս մասին, և ճշմարտությունն ընդունելու դեպքում երջանկությունը ձեզ համար արդեն այլ իմաստ կստանա: