ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Մարդկանց կողմից կատարվող ամենանողկալի հանցագործությունը փոքրիկ երեխաների սպանությունն է: Խնդիրն առավել ցավ է պատճառում Աստվածաշնչում մանկասպանության հրահանգների դիտարկումով: Սուրբ Գիրքը վկայում է, որ մշտական բնակության համար տարածք գրավելու նպատակով արշավի ելած հրեաներին Աստված պատվիրել է սպանել ոչ միայն իրենց հակառակորդներին, այլև` նրանց երեխաներին, նույնիսկ` ծծկեր մանուկներին, դեռ չծնված մարդկային էակներին` հղի կանանց սպանությամբ (Ա Թագ. 15.3, Թվ. 31.17, Բ Օր. 2.34, 3.6): Հրեաներին եգիպտական գերությունից ազատելու համար Աստված կոտորում է եգիպտացիների բոլոր առաջնեկներին (Ելք 11.4-5, 12.29):

Աստվածաշնչում կարելի է տեսնել մանկասպանության երկու տեսակ` Աստծո հրամանով կամ պատժով` վերոնշյալները, և չարի հրահրումով, ինչպես Հին Կտակարանում փարավոնի կարգադրությամբ հրեա մանուկների սպանությունները (Ելք 1.22) և Բեթղեհեմի մանուկների կոտորածը Նոր Կտակարանում (Մատթ. 2.16): Մանկասպանության աստվածային թելադրության պարագային նկատի է առնվում ծնողների մեղքը, երեխաների մեղսագործներ ու չարագործներ դառնալու հեռանկարը: Սակայն ինչու՞ դեռևս անմեղ երեխան պիտի պատժվի իր ծնողների մեղքերի համար: Աստվածաշնչում թեև ասվում է, որ զավակները հայրերի և հայրերը զավակների փոխարեն չպիտի պատժվեն (Բ Օր. 24.16, Եզեկ. 18.20), բայց նաև նշվում է, որ մեղքերի համար Աստված պատժում է մարդկանց երրորդ և նույնիսկ չորրորդ սերնդին, իսկ աստվածահաճո կյանքի համար օրհնում է մինչև հազարերորդ սերունդ (Ելք 20.5-6, Բ Օր. 5.9-10): Այս հակադիր հաստատումները պետք է հասկանալ այն իրողությամբ, որ զավակները ծնողների և ծնողները զավակների փոխարեն պատժվում են այն դեպքում, երբ մեղքի ազդեցությունը, հակումը կամ պատճառը երկուստեք է:

Այսպես բարեպաշտ Հեղի քահանան մահվամբ է պատժվում իր մեղսալի որդիների պատճառով, որովհետև բավականին նախանձախնդիր ու խիստ չէր իր զավակներին խրատելու և մեղավոր ճանապարհից դարձի բերելու համար (Ա Թագ. 2.22-25, 29): Երեխաները պատժվում են իրենց չարագործ ծնողների չար գործերին մասնակցություն բերելու և դատապարտելի նույն ճանապարհով ընթանալու կանխատեսմամբ, ինչպես ասում է նաև մարգարեն. «Պատրաստիր քո որդիներին` իրենց հայրերի մեղքերի պատճառով սպանվելու համար, որպեսզի ոտքի չելնեն նրանք, չնվաճեն երկիրը և այն չլցնեն պատերազմներով» (Ես. 14.21): Մարդկային տրամաբանությամբ թվում է, թե վաղաժամ մահվան ենթարկված երեխաները կարող էին մեծանալ և առաքինի կյանքով ապրել: Սակայն Աստծո ամենագիտության նկատառումով այն եզրահանգումն է առաջ գալիս, որ Աստված կանխագիտեր, որ այդպես չէր լինելու: Այսպես նաև վախճանված մարդու պարագային Աստված կարող է իմանալ, թե նա իր ազատ կամքով ինչպիսի կյանքի ընթացք կունենար: Հետևաբար, դեռևս չգործված իրողությունը չի վերացնում Աստծո ամենագիտությունը և կանխիմացությունը հնարավոր կատարվելիք գործողությունների և դեպքերի մասին: Այլ է, հավատքի համար նահատակվածների պարագան, երբ նրանք դառնում են սուրբ մարտիրոսներ:

Կատարյալ արդարությունը հավիտենության կատեգորիա է. ոչ հավիտենական, ժամանակային սահմաններում դիտարկելիս մարդկային արդարության համեմատ Աստված նույնիսկ անարդար կարող է թվալ` մի կողմից շատ դեպքերում անգամ ծանր մեղավորներին չպատժելով ու ներելով, մյուս կողմից երեխաների վաղաժամ մահ թույլ տալով ու առավել ևս պատվիրելով: Հավիտենության դիտակետից, սակայն, ժամանակային սահմաններով պարփակված արդարության հասկացությունն իր տեղը զիջում է հավերժության մեջ հարատևող արդարության գաղափարին: Վաղաժամ մահվամբ երեխաները վերցվում են երկրային իրականությունից, որպեսզի իրենց հայրերի մեղքերին հետևելով կամ աստվածայնորեն կանխատեսելի չարագործ ընթացքով` չզրկվեն հավիտենական փառքից ու երանությունից: Ինչպես անապատում դեգերող իսրայելցիներն իրենց մեղքերի պատճառով չկարողացան մտնել ավետյաց երկիր, այլ այնտեղ մուտք գործեցին նրանց զավակները (Բ Օր. 1.34-39), այդպես էլ մեղսագործ ծնողների երեխաները, որոնք ըստ աստվածային կանխագիտության երկրային կեցության մեջ պիտի հետևեին ծնողների չար գործերին, վերցվեցին, որպեսզի իրենց ծնողների նման չդատապարտվեն և մուտք գործեն հավիտենական երանություն:

Մանկասպանության աստվածային հրահանգների համար Արարչին ուղղված մարդկային մեղադրանքը նախ ինքնամեղադրանքի պետք է վերածվի համաշխարհային մասշտաբով լայնորեն կիրառվող հղիության արհեստական ընդհատմամբ կամ վիժեցմամբ դեռ չծնված միլիոնավոր երեխաների սպանության ողբերգության առջև, մեղսագործություն, որին առնչված է մարդկային հասարակության անդամների գերակշռող մասը: Համեմատության մեջ Աստված վեր է հառնում իր գթասրտությամբ, որովհետև սպանված մանուկներին տանում է հավիտենություն, մինչդեռ մարդիկ նպատակ ու մտադրություն ունեն իրենց իսկ կենդանի պտուղները ոչնչացնելն ու վերացնելը և նրանցից, որպես մի ավելորդ բեռից, ձերբազատվելը: Աստված` իբրև կյանքի աղբյուր, միայն Ինքն ունի երկրային կյանքից զրկելու իրավասությունը: Սա խոստովանում է նաև արդար Հոբը, ով իր զավակների հանկարծակի մահվան լուրն իմանալով ասում է. «Իմ մոր որովայնից ես մերկ դուրս եկա, մերկ էլ կվերադառնամ: Տերը տվեց, Տերն էլ հետ առավ: Ինչպես որ հաճելի էր Տիրոջը, այնպես էլ եղավ: Թող օրհնյալ լինի Տիրոջ անունը» (Հոբ 1.21-22): Բայց անգամ Եկեղեցին թույլատրում է, որ մարդու կամքով ու որոշմամբ չծնված մանուկների սպանություն կատարվի մեկ դեպքի համար` երբ մոր կյանքին վտանգ է սպառնում: Ինչպես նման դեպքերում բոլոր մարդկանցից միայն բժիշկն է տեսնում, որ պտուղը վտանգավոր է առողջության համար, և մանկասպանության համապատասխան կարգադրություն է անում, այդպես էլ նշյալ իրողության նմանությամբ կարող ենք ասել, որ միայն Աստված գիտե, թե այդ մանուկները պղծության ու հոգևոր մահվան ինչ վնասներ պիտի բերեին, որով էլ և պայմանավորված են մանկասպանության աստվածաշնչյան կարգադրությունները: Իհարկե, այս բացատրությունները չեն հավակնում կատարյալ ու ամբողջական լինելու, սակայն փորձ են` երկրային և հոգևոր իրողությունների փոխհարաբերության դիտարկումով անդրադառնալու քննարկվող երևույթին: Այստեղ նաև տեղին է հարցադրումը, թե ինչո՞ւ, օրինակ, նույն կերպ չպատահեց ֆաշիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի մահը մանուկ հասակում, որով կկանխվեր Երկրորդ համաշխարհային պատերազմը և հրեական Հոլոքոստը: Այս հարցին ինչ-որ չափով պատասխանել են որոշ «Հոլոքոստի աստվածաբաններ», ինչին կանդրադառնանք հաջորդ հրապարակումներից մեկում:

Հին Կտակարանում նշվում է, որ երկրային կյանքից զրկված երեխան կենդանի է հավիտենության մեջ, և բարեպաշտ ծնողները հետո պիտի միանան նրան (Բ Թագ. 12.23): Աստվածաշունչն ասում է, որ զավակներին կորցրած և թշվառության ու հիվանդության մեջ գտնվող Հոբի կողմից Աստծուն ուղղված բազմաթիվ հարցերին ու հարցադրումներին Աստված չի պատասխանում: Դրա փոխարեն Աստված հայտնվում է Հոբին փոթորկի ու ամպի միջից և Իր հերթին հարցեր ուղղում Հոբին` վեր հանելով աշխարհի և տիեզերքի իմաստուն արարման ու կարգավորության պատկերը, Արարչի հզոր ու ամենակարող լինելու հաստատումը: Աստված կարող էր մխիթարական խոսքեր ասել աստվածային թույլատու կամքով և չարի փորձությամբ սիրելի զավակներին կորցրած Հոբին: Սակայն դրա փոխարեն Հոբին ուղղված հարցերով Աստված ցույց է տալիս Իր մեծազորությունը, և Հոբը բավարարվում է դրանով, նրան գոհացնում է Աստծո ներկայությունը: Այսօր նույնպես արդիական են Աստծուն ուղղված Հոբի գրքի հարցադրումները, որոնց առջև փիլիսոփաներ, աստվածաբաններ փորձում են արդարացնել Աստծուն, բայց, ինչպես երևում է Հոբի գրքից, Աստծուն որևէ արդարացում պետք չէ:

Քրիստոսի ծնունդը, որ աստվածային մարդեղացմամբ աշխարհի և մարդկության փրկագործության սկիզբն էր, պատճառ դարձավ Բեթղեհեմի մանուկների սպանության: Հերովդես թագավորի հրամանով իրականացված Բեթղեհեմի մանուկների կոտորածին անդրադառնալով` Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է, որ Աստված թույլ չէր տա այդ երեխաների զոհվելը, եթե կանխատեսեր, որ նրանք մեծ, բարի գործեր կանեին և արժանի կդառնային հավիտենական երանության, այլ վաղ հասակից իսկ Աստված այդ երեխաներին` հանուն Քրիստոսի առաջին նահատակներին, հավիտենության բերկրանքին արժանացրեց: Հրեաների կողմից բնաջնջվող ժողովուրդներն իրենք էին իրենց երեխաներին սպանում` մանուկների հաճախակի զոհաբերություններ կատարելով իրենց կուռքերի առջև, իրենց իսկ երեխաներին ենթարկելով ահավոր չարչարանքների ու մահվան: Մեղսագործ մարդկության մեջ տարածված երեխաների զոհաբերությունը կենդանիների զոհաբերությամբ փոխարինեց Աբրահամ նահապետը, երբ իր որդու փոխարեն Աստծուն ընծայված խոյ զոհաբերեց (Ծննդ. 22. 7-13): Եվ մինչ հին աշխարհում մարդկությունն իր կուռք-աստվածների առջև զոհաբերում էր իր երեխաներին, Նոր Կտակարանի ժամանակներում Աստված Ինքը զոհաբերվեց` հանուն մարդկության փրկության: