ԵՐԴՈՒՄ

Ի՞նչ է երդումը` ազնվության կամ անկեղծության երաշխի՞ք:

Երդումը մարդու կողմից իր վկայության վավերականության ապացուցման գործողությունն է` խոսքով արտահայտված, վկայակոչումով մի երրորդ իրողության կամ անձի, անձերի և կամ գերբնական անձի, ուժի: Երդումն ասվում է ի ներկայության որևէ մարդու կամ մարդկանց, որոնց առջև բերված վկայության հավաստիացման անհրաժեշտությունը կա:

Երդման կարիքն առաջանում է այն ժամանակ, երբ մարդու ազնվության նկատմամբ կասկած է ծագում այլոց մոտ, կամ երբ մարդը կարծում է, որ իր խոսքի նկատմամբ վստահության պակաս կա, և ինքը կասկածվում է խաբեության, կեղծավորության մեղքերի մեջ:

Երդումն անձի ազնվության վավերացման ձև է, սակայն այն խանգարում է բուն ազնվության առաքինության զորացմանը, քանզի երդումը նաև գործածվում է խաբեության նպատակով, այլոց` երդման հանդեպ վստահությունը չարաշահելով:

Կան մարդիկ, ովքեր երդվում են հավատալիքներով, սրբություններով, հարազատ և ամենաթանկ մարդուն և նույնիսկ Աստծուն վկայակոչելով: «Էրեխուս արև», «մորս արև», «Աստված վկա» և նման այլ արտահայտություններ տարածված են մանավանդ հայաստանաբնակ հայերի մեջ: Արդյո՞ք ասածը հավաստելու համար մարդն անհրաժեշտություն ունի երդվելու և մի՞թե սա է ազնվության ապացուցման միակ ճանապարհը:

Քրիստոս արգելեց երդվելը: Տերն ասաց. «Ես ձեզ ասում եմ` ամենևի՛ն չերդվել. ո՛չ երկնքի վրա, որովհետև Աստծու աթոռն է, ո՛չ երկրի վրա, որովհետև Նրա ոտքերին պատվանդան է, և ո՛չ Երուսաղեմի վրա, որովհետև մեծ Արքայի քաղաքն է: Եվ քո գլխով էլ չերդվես, որովհետև չես կարող մի մազ իսկ սպիտակ կամ սև դարձնել: Այլ ձեր խոսքը լինի` այոն` այո, և ոչը` ոչ. որովհետև դրանից ավելին չարից է» (Մատթ. 5.3437):

Երդման այս արգելքը Մատթեոսի Ավետարանի սկզբում է: Ավետարանի վերջում երևում է, թե ինչու է Քրիստոս ուշադրություն դարձնում երդման վրա և արգելում այն: Հրեական միջավայրում փարիսեցիներն ու օրենսգետները երդումների տարբերակումներ էին անում և այդպես ուսուցանում` սովորեցնելով, որ կան երդումներ, որոնք արժեք չունեն, կան այնպիսիք, որոնք հավաստիության արժանի են: Ընդ որում, փարիսեցիներն ու օրենսգետներն իրենց ուսուցումն առնչում էին այնպիսի սրբությունների, որպիսիք հրեական տաճարն էր, աստվածպաշտական իրողությունները:

«Վա՜յ ձեզ, կու՛յր առաջնորդներ, որ ասում եք` ով որ երդվի տաճարի վրա, այդ երդումը ոչինչ չի նշանակում. բայց ով որ երդվի տաճարի մեջ եղած ոսկու վրա, պարտավորվում է այն կատարել: Հիմարնե՛ր և կույրե՛ր, ի՞նչն է մեծ` ոսկի՞ն, թե՞ տաճարը, որ սրբացնում է ոսկին: Եվ` ով որ երդվի սեղանի վրա, այդ երդումը ոչինչ չի նշանակում. բայց ով որ երդվի նրա վրա գտնվող ընծայի վրա, պարտավորվում է այն կատարել: Հիմարնե՛ր և կույրե՛ր, ի՞նչն է մեծ` ընծա՞ն, թե՞ սեղանը, որ սրբագործում է ընծան: Իսկ արդ, ով որ երդվեց սեղանի վրա, երդված կլինի նրա վրա և այն ամենի վրա, որ սեղանի վրա է: Եվ ով երդվեց տաճարի վրա, երդված կլինի նրա և նրա մեջ բնակվող Աստծու վրա: Եվ ով երդվեց երկնքի վրա, երդված կլինի Աստծու աթոռի և նրա վրա նստողի վրայ» (Մատթ. 23.16-22):

Քրիստոս ասաց. «Թող ձեր խոսքը լինի` այոն` այո, և ոչը` ոչ»: Երդման այս արգելքը կոչ է ազնվությամբ ապրելու, որովհետև ազնիվ մարդու խոսքին չեն կասկածում, ազնիվ մարդը երևում է նաև իր խոսելաձևում ու գործողություններում և նրա հանդեպ կասկածանքներ ու երդման անհրաժեշտություն չեն առաջանում:

Ուրեմն, երդմանն ապավինելու փոխարեն, մարդ միշտ պետք է առավելագույն ազնվությամբ ապրի, և այնպիսին պետք է լինի կերպարը, որպեսզի որևէ մեկը կասկածի դույզն-ինչ նշույլ չունենա նրա ազնվության հանդեպ:

Կարդալ նաև`