ԵՐԴՈՒՄ ԵՎ ԽՈՍՏՈՒՄ

Հիսուս Քրիստոս իսպառ արգելում է երդումը (Մատթ. 5.37): Այդ դեպքում ինչո՞ւ են պետության նախագահները, զինվորականները, բժիշկները, դատարանում վկաները երդվում:

Երդումը երկու ուղղություն ունի` մեկը դեպի անցյալ, մյուսը դեպի ապագա: Դեպի ապագա ուղղված երդումը տարբերվում է անցյալի նկատառումով կատարված երդումից, որովհետև եթե վերջինս արդեն կատարված իրողության մասին վկայության հավաստիացման համար է արվում, ապագայի դիտարկումով երդումը հիմնականում խոստում է կամ ուխտ:

Պետության նախագահների, բժիշկների, զինվորականների երդումները վերաբերում են դեպի ապագա ուղղված երդման ձևին, որով այս երդումը վերածվում է խոստումի: Օրինակ` պետության ղեկավարները, ստանձնելով իրենց պարտականությունները, երդվելով խոստանում են, որ իրենց ծառայությունը ժողովրդին և պետությանը լավագույնս պիտի իրականացնեն:

Հոմանիշների բառարանում երդման դիմաց նշվում են «խոստում» կամ «ուխտ» բառերը: Դա ևս ցույց է տալիս, որ համապատասխան հանգամանքներում խոստում և ուխտ է կատարվում` ի հակադրություն անցյալին վերաբերող երդումի, որն արդեն կատարվածի առնչությամբ ազնվության, անկեղծության կասկածների փարատման փորձ է:

Պետության ղեկավարները երդվում են հիմնականում երկրի սահմանադրության և Աստվածաշնչի վրա: Սակայն եթե Աստվածաշունչը որևէ մեկի համար նշանակություն չունի, ապա անիմաստ է դառնում նրա այդպիսի երդումը:

Այսպես, 2013 թվականին իր լիազորություններն արդեն դադարեցրած Ավստրալիայի առաջին և դեռևս միակ կին վարչապետը հրաժարվել էր Աստվածաշնչի վրա երդվելուց այն հիմնավորմամբ, որ ինքն անհավատ է, աթեիստ է, և իր համար իմաստ չունի Սուրբ Գրքի առկայությամբ կատարվող երդումը: Փոխարենը նա պարզապես հավաստիացրեց, հաստատում կատարեց իր պարտականությունների պարտաճանաչ կատարման` հանուն իր երկրի և ժողովրդի:

Մինչդեռ եթե պետության ղեկավարը քրիստոնյա է, նրա համար Աստվածաշնչի վրա երդումն իր նշանակությունն է ստանում, որով նա վկայակոչում է նաև Աստծո հանդեպ հավատքով, Աստծո ներկայության գիտակցությամբ իր խոստման կատարումը:

Իսկ կա՞ն դեպքեր, երբ քրիստոնյաների երդվելն էլ է անհրաժեշտություն:

Հավատացյալները խոստում իմաստով երդումը կատարում են սուրբ Պսակի արարողության ժամանակ: Հարսն ու փեսան, սուրբ խորանի դիմաց գտնվելով, քահանաների, իրենց հարազատների ներկայությամբ խոստանում են ամուր պահել իրենց ընտանիքը, սիրել միմյանց, ապրել աստվածային պատվիրանների համաձայն:

Այլ խոսքով ասած` փոխադարձ սիրո և հոգատարության ուխտ են կնքում եկեղեցում, և այս ուխտը կոչվում է նաև ամուսնական ուխտ: Այսպես նաև ձեռնադրվող հոգևորականները ձեռնադրության արարողության ընթացքում ուխտ են անում աշխարհից հրաժարման, այսինքն` աշխարհի մեղսալի ընթացքներից հեռու մնալու և Աստծուն ու Եկեղեցուն նվիրումով ծառայելու:

Կենցաղային հանգամանքներում քրիստոնյայի համար ճիշտ չէ երդվելը, այլ Քրիստոսի խոսքի համաձայն այո-ն կամ ոչ-ը հաստատելը` միշտ ձգտելով ավելի կատարյալ դառնալ ազնվության, տերունապատվեր սիրո մեջ: