ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Ո՞րն է երաժշտության առաքելությունը:

Քրիստոս մի առակ պատմեց անառակ որդու մասին, որը խորհրդանշում է մեղավոր մարդու դարձն առ Աստված (Ղուկ. 15.11-32): Երբ հորից հեռացած և մեղքերի ու թշվառության մեջ ընկած որդին վերադառնում է, ուրախացած հայրը պատվիրում է խնջույք անել: Ավագ եղբայրը տունդարձի ճանապարհին լսում է իրեն հասնող երգի ու պարի ձայները, այնուհետ տեղեկանում եղբոր վերադարձի մասին:

Այս առակով Քրիստոս նաև ցույց է տալիս խնջույքների ժամանակ գործածվող երաժշտության, պարի ընդունելի լինելը, այսինքն` միայն կրոնական երաժշտությունը չէ, որ պետք է տեղ ունենա մարդու կյանքում: Հին հունական փիլիսոփաներից Արիստոտելը նկատում էր, որ երաժշտությունը նման է մարդկային զգացումներին, և առաջարկում էր նաև երաժշտությունը գործածել մարդկանց զայրույթը, տրամադրության անկյալ վիճակը մեղմելու, երեխաների դաստիարակության համար: Երաժշտության մասին նման կարծիք ուներ նաև Պլատոնը:

Պատարագի մեկնության մեջ նշվում է, որ հոգևոր երաժշտությունը մեծ նշանակություն ունի աղոթական կյանքի համար: Պատարագի արարողության ժամանակ հնչող երաժշտության մասին մեկնիչներն ասում են, որ մարդիկ աշխարհի տարբեր հոգսերով են մուտք գործում եկեղեցի, և հոգեպարար երաժշտության հնչողությունն օգնում է թոթափել ծանրաբեռնված հոգսաշատ մտածումները, կենտրոնանալ արարողության հոգևոր խորհրդի վրա և խաղաղ հոգով աղոթել Աստծուն:

Երաժշտությունը կարող է խաղաղեցնել, ուրախացնել, աշխուժացնել և կամ էլ ագրեսիայի տրամադրվածություն առաջացնել: Սա նշանակում է, որ երաժշտությունը կարող է դրական և բացասական դերակատարություն ունենալ: Մարդու բարօրության համար երաժշտությունը պետք է օգնի վեհ ու առաքինի զգացումները վեր հանելու և դրանով առաջնորդելու դեպի բարին ու գեղեցիկը: