ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՆԱԽԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԱՐԴՈՒ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Ուրեմն, քրիստոնյան կարող է նաև տարբեր տեսակի երաժշտություն լսել: Նշվեց, որ սև ռոքը հակաքրիստոնեական է: Սակայն երաժշտության որևէ այլ տեսակի նախընտրությունը կարո՞ղ է հակառակ լինել քրիստոնյայի վարքագծին:

Հոգեբանական տեսակետով` երաժշտության տարբեր ժանրերի նախասիրությամբ կարելի է որոշակի պատկերացում կազմել մարդու բնավորության մասին: Ուսումնասիրություններից մեկը երաժշտական նախապատվությունները բաժանում է չորս խմբերի, որոնցով երևում են նաև անձին հատուկ բնավորության հատկանիշները:

Այլընտրանքային ռոք, ծանր մետալ, ագրեսիվ երաժշտություն սիրողներն այն մարդիկ են, ովքեր սովորաբար ապստամբող են, առանց երկնչելու վտանգներին դեմ հանդիման են գնում, ռիսկի են դիմում, իրենց համարում են խելացի և գործուն:

Ռեփ, հիփհոփ` ռիթմիկ, պարային երաժշտություն նախընտրողներն աշխույժ, խոհական, զրուցասեր անձեր են, դեմ են նորին հակառակվող պահպանողական գաղափարներին:

Կրոնական, փոփ, թեթև երաժշտության կողմնակիցները կենսուրախ են, ուրիշներին օգնող, ընկերասեր, խոհուն և յուրահատուկ:

Դասական, բլյուզ, ջազ և ժողովրդական երաժշտության սիրահարները ստեղծագործական, մտածող, նոր փորձառություններ սիրող և քաղաքականապես ազատամիտ մարդիկ են:

Ամեն պարագայում պետք է նկատի ունենալ, որ քրիստոնյան պետք է չափավոր լինի աշխարհիկ իրողություններում և ջանա առաջանալ հոգևոր կյանքի մեջ:

1970-ական թվականներից սկսած մեծ հետաքրքրություն բերեցին նաև աստվածաշնչյան թեմաներով ռոքօպերաները: Ինչպե՞ս եք վերաբերվում այս «երկխոսությանը»:

2001 թվականին Հայաստանում քրիստոնեության պետականորեն ընդունման 1700-ամյակի տոնակատարության շրջանակներում Հայ Առաքելական Եկեղեցու նախաձեռնությամբ ներկայացվեց առաջին հայկական «Գրիգոր Լուսավորիչ» ռոք-օպերան, որը թերևս ժանրային իր կատարման առումով առաջինն էր նաև մեր տարածաշրջանում: Սա ցույց է տալիս, որ Եկեղեցին նախապաշարմունքներ չունի երաժշտության հետ կապված և գեղեցիկ ստեղծագործություն լինելու պարագայում այն գովելի և գնահատելի է համարվում:

Ռոք երաժշտությունը հիմնականում տարբերվում է փոփ երաժշտությունից նրանով, որ փոփ երաժշտության ժանրում առաջին տեղում երգն է, երաժշտությունն ուղեկցում և օգնում է երգը ներկայացնելուն, իսկ ռոքի մեջ առաջնային դիրքում են նաև գործիքային կատարումները, ի մասնավորի էլեկտրական կիթառի երկար սոլոները, հարվածային գործիքների ձայնը, ինչպես նաև երգողի ձայնի սովորականից ավելի բարձր կամ ցածր տոնայնությամբ հնչողականությունը:

Աստվածաշնչյան թեմաներով ռոք-օպերաների ներկայացումները միտում ունեն շեղվելու սուրբգրական բուն պատումներից և կերպարները ներկայացնելու գեղարվեստական նոր մոտեցումներով ու փոփոխություններով:

Այսպես, օրինակ, 1973 թ. Հիսուս Քրիստոսի մասին էկրանավորված ռոք-օպերայում Քրիստոսի կերպարը ներկայացված է ավետարանական կերպարին անհարիր փոփոխություններով, ինչը պատշաճ չէ աստվածաշնչյան գործող անձանց ներկայացնելիս:

Պետք է նշել, որ հնում եկեղեցական Հայրերը դեմ էին նույնիսկ թատրոնին, մանավանդ այն թատերական ներկայացումներին, որոնք անպարկեշտ տեսարաններ էին ցուցադրում, վերաբերում էին Եկեղեցուն, Քրիստոսի երկրային կյանքին կամ աստվածաշնչյան որևէ իրադարձության, քանզի իրականությունը հաճախ ծաղրվում էր, տարածվում էին անբարո և անպարկեշտ բարքեր: