ԵՎ ԳԻՇԵՐ ԷՐ

Երբ Հիսուս այս բաներն ասաց, խռովվեց Իր հոգում, վկայեց ու ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մեկն Ինձ մատնելու է»: Աշակերտներն իրար էին նայում տարակուսելով, թե ո՛ւմ մասին է ասում: Եվ աշակերտներից մեկը, որին Հիսուս սիրում էր, նստել էր Նրա մոտ:

Սիմոն Պետրոսը սրան ակնարկ արեց` հարցնելով, թե այդ ո՛ւմ մասին է ասում: Եվ սա Հիսուսի կրծքովն ընկավ ու ասաց Նրան. «Տե՛ր, ո՞վ է»: Հիսուս պատասխանեց և ասաց. «Նա է, որի համար Ես այս պատառը կթաթախեմ և կտամ իրեն»: Եվ թաթախելով պատառը` տալիս է Իսկարիովտացի Հուդային: Եվ երբ նա պատառն առավ, սատանան մտավ նրա մեջ:

Հիսուս նրան ասաց. «Հիմա ինչ որ անելու ես, իսկույն արա՛»: Եվ սեղանակիցներից ոչ ոք չիմացավ, թե Նա ինչի՛ համար այդ նրան ասաց. որովհետև ոմանք կարծում էին, թե, քանի որ Հուդան էր գանձանակը պահում, Հիսուս նրան ասաց. «Գնի՛ր, ինչ որ մեզ տոնի ժամանակ պետք է» և կամ` որ մի բան տա աղքատներին: Իսկ նա պատառը վերցնելով` իսկույն դուրս ելավ: Եվ գիշեր էր…

ՆՈՐ ՊԱՏՎԻՐԱՆԸ

Եվ երբ նա դուրս ելավ, Հիսուս ասաց. «Այժմ մարդու Որդին փառավորվեց, և Աստված փառավորվեց Նրանով, քանի որ, եթե Աստված փառավորվեց Նրանով, Աստված էլ Նրան կփառավորի Իրենով. և իսկույն կփառավորի Նրան:

Որդյակնե՛րս, մի քիչ ժամանակ դեռ ձեզ հետ եմ. Ինձ պիտի փնտրեք, և ինչպես ասացի հրեաներին` ուր Ես եմ գնում, դուք չեք կարող գալ, – այժմ այդ ձեզ էլ եմ ասում:

Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց. ինչպես Ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյա՛նց սիրեցեք: Եթե դուք միմյանց սիրեք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք Իմ աշակերտներն էք» (Հովհ. 13.21-35):