ԵՍ ՁԵԶ ՀԵՏ ԵՄ ԲՈԼՈՐ ՕՐԵՐՈՒՄ

Ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն Իմ անունով, այնտեղ եմ Ես, նրանց մեջ (Մատթ. 18.20):

Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը (Մատթ. 28.20):

Քանի դեռ լույսը ձեզ հետ ունեք, հավատացե՛ք լույսին, որպեսզի լույսի որդիներ լինեք (Հովհ. 12.36):

Մի՛ վախեցիր, քանզի Ես քեզ հետ եմ, մի՛ խաբվիր, քանզի Ես եմ քո Աստվածը, Ես, որ զորացրի քեզ, օգնեցի քեզ ու պահպանեցի քեզ Իմ արդար աջով (Եսայի 41.10):

Սիրում եմ քեզ, Տե՛ր, զորությո՛ւն իմ. ո՛վ Տեր, պահպանի՛չ իմ, ապավե՛ն իմ եւ փրկի՛չ (Սաղմ. 17.2):

Տերը ողորմում և պահպանում է մանուկներին. ես խոնարհ եղա, և Տերն ինձ փրկեց (Սաղմ. 114.6):

Ես ննջեցի ու քնեցի. զարթնեցի, և Տերն իմ ապավենն է (Սաղմ. 3.6):

Հավատարիմ է Տերը, Նա կզորացնի ձեզ ու կպահի չարից (Բ Թեսաղ. 3.3):

Եթե նստես, աներկյուղ կլինես, եթե քնես, քունդ անուշ կլինի, և չես երկնչի հանկարծահաս սարսափներից, ոչ էլ ամբարիշտների վերահաս հարձակումներից, որովհետև Տերը կլինի քո բոլոր ճանապարհների վրա և ոտքդ հաստատուն կպահի, որ չսայթաքես (Առակ. 3.24-26):

Եվ թող խաղաղության Աստվածը լինի ձեզ բոլորիդ հետ: Ամեն (Հռ. 15.33):