ԵՍ ԵՄ ՔՈ ՏԵՐ ԱՍՏՎԱԾԸ

«Ես եմ քո Տեր ԱստվածըԻնձնից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար» (Ելք 20.2-3): Ի՞նչ է նշանակում «Ես եմ»` անձնական դերանվան գործածությունը: Արդյո՞ք դա նշանակում է, որ Աստված ոչ թե տիեզերական կամ վերտիեզերական գերբնական ուժ է, այլ կոնկրետ անձնավորություն:

Աստված Իրեն հայտնում է որպես անձ, ում հետ մարդու հաղորդակցությունը կայանում է անձնական հարաբերության շրջանակում: Աստվածաշնչում անձնային այս հատկության շեշտումով Աստված պատկերվում է որպես սիրող հայր, հոգատար ծնող, ով իր խնամքի ներքո է պահում իր զավակներին` մարդուն և ողջ արարչագործությունը (Բ Օր. 32.6, Ես. 63.16, 64.8, Մաղաք. 2.10, Երեմ. 3.19, 31.9, Մատթ. 6.9, 26, 7.11, Ղուկ. 6.35-36, 12.32, Հովհ. 16.27, Հռ. 8.15-16, Ա Հովհ. 3.1):

Քրիստոնեության մեջ Աստծո ընկալման բացառիկությունն անձնավորյալ և սիրող ու ներող, բայց նաև արդար ու ճշմարիտ Աստծո գաղափարն է, ով հայտնվել է մարդկության պատմության մեջ աստվածային հայտնութենական ներգործություններով, ինչպես նաև Իր մասնավոր հայտնությունն է բերում հավատացյալի կյանքում:

Այս ընկալումով Աստծո լինելիության և գործունեության պատկերացումը դուրս է դեիզմի` մարդկային կյանքին անմասնակից վերին գերբնական ուժի վերաբերյալ պատկերացումից, և հիմնվում է թեիզմի գաղափարի վրա, որն ուսուցանում է Աստծո ներկայությունն ու մասնակցությունը մարդու անհատական կյանքին, աշխարհի պատմությանը:

Պետք է նշել, որ թեիզմից տարբերվող հասկացություններ են նաև պանթեիզմը, ըստ որի` բնությունն ու տիեզերքը նույնական են աստվածության հետ, և պանենթեիզմը, որը շեշտում է աստվածայինի ներթափանցված լինելը նաև բնության, տիեզերքի մեջ: