ԵՂԲՈՐ ՀԱՆԴԵՊ ՍԵՐԸ

Ո՞րն է եղբոր հանդեպ սերը, և ո՞վ է մեր եղբայրը:

 Աշխարհի հանդեպ սիրո դրսևորման բացատրությունից հետո առաքյալն ավելի հանգամանալից անդրադառնում է եղբայրների հանդեպ սիրո գաղափարին: Հատկանշական է, որ նա եղբայրների հանդեպ սիրո բացատրությունն սկսում է սպանության պատմությամբ` հիշեցնելով Կայենի կողմից Աբելի սպանության մասին:

Առաքյալն ասում է. «Այս է այն պատվիրանը, որ լսեցիք ի սկզբանե` որ սիրե՛նք միմյանց. ոչ ինչպես Կայենը, որ չարից էր և սպանեց իր եղբորը, որովհետև իր գործերը չար էին, իսկ եղբոր գործերը` բարի» (3.11-12): Այնուհետև առաքյալը շարունակում է. «Մենք գիտենք, որ մահվանից դեպի կյանք անցանք, քանզի սիրում ենք մեր եղբայրներին: Իսկ ով չի սիրում եղբորը, մնում է մահվան մեջ» (3.14):

Ինչի՞ համար է առաքյալը եղբայների հանդեպ սիրո բացատրությունն սկսում եղբայրասպանության պատմությամբ: Ո՞չ արդյոք նրա համար, որ ցույց տա, թե քրիստոնեական սերը տարածվում է անգամ նրանց վրա, ովքեր նույնիսկ մեր հանդեպ չարիք են գործում: Բայց արդյո՞ք այդպիսի մեկը կարող է եղբայր համարվել:

Առաքյալը, եղբոր հանդեպ սիրո մասին խոսելով, չի պարզաբանում «եղբայր» հասկացությունը, քանի որ հատկապես վաղ շրջանի քրիստոնյաները պետք է որ քաջ ծանոթ լինեին Քրիստոսի ուսմունքին, ով բացահայտեց «եղբայր» հասկացության քրիստոնեական ընկալումը: Քրիստոս ընդլայնեց այս հասկացությունը` դուրս բերելով ընտանեկան, արյունակցական սահմաններից, ազգային և նույնիսկ կրոնական պատկանելությունից:

Քրիստոնեական ընկալումով պետք է սիրել ոչ միայն նրան, ով արժանի է սիրվելու, այլ իրական քրիստոնյան պետք է սիրի նրան, ում վրա կարող է տարածել իր սերը, գթությունն ու հոգածությունը:

Օրենսգետներից մեկը հարցնում է Քրիստոսին. «Վարդապե՛տ, ի՞նչ պետք է անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»: Եվ Նա նրան ասաց. «Օրենքում ի՞նչ է գրված, ինչպե՞ս ես ընթերցում»: Սա պատասխանեց և ասաց. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով և քո ամբողջ զորությամբ և քո ամբողջ մտքով. և պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը»: Եվ Հիսուս նրան ասաց. «Ճիշտ պատասխան տվեցիր, այդ արա՛ և կփրկվես» (Ղուկ. 10.25-28):

Ղուկաս Ավետարանիչը, ով պատմում է այս մասին, նշում է որ այդ մարդը, կամենալով ինքն իրեն արդարացնել, ասաց Հիսուսին. «Իսկ ո՞վ է իմ ընկերը»: Եվ Քրիստոս նրան պատասխանելու համար անմիջապես պատմեց Բարի սամարացու առակը (29-37): Մի մարդ Երուսաղեմից Երիքով էր իջնում: Ճանապարհին ավազակները հարձակվում են նրա վրա, կողոպտում, վիրավորում: Մարդն այդպես ընկած է մնում գետնին:

Կողքով անցնում է քահանան, բայց անտարբերությամբ հեռանում է: Քահանան, եթե նույնիսկ գթասրտություն չունենար, ապա իր կոչման բերումով պարտականություն ուներ գթություն և օգնություն ցուցաբերելու: Ապա գալիս է ղևտացին` տաճարի սպասավորը, ով նույնպես հեռանում առանց օգնելու: Հին Կտակարանում հրեաների կողմից ոսկե հորթի դատապարտելի պաշտամունքից հետո ղևտացիները, ովքեր Մովսես մարգարեին օգնեցին արմատախիլ անել նոր ծագած կռապաշտությունը, Մովսեսի կողմից կարգվեցին տաճարին սպասավորության համար (Ելք 32.20, 25-29, Թվ. 3.12):

Եվ ահա գալիս է սամարացին: Քրիստոս պատահական չի ընտրել սամարացու կերպարը: Սամարիան Եփրեմի ցեղին բաժին ընկած տարածքն էր: Հրեաների բաբելոնյան գերությունից հետո հակասություն էր առաջ եկել հրեաների և սամարացիների միջև, որովհետև սամարացիներն ընդունում էին միայն Մովսեսի հնգամատյանը և ճիշտ համարում, որ Աստծո պաշտամունքը, զոհաբերությունները լինեին ոչ թե Երուսաղեմում, որը հետո կարգել էր Դավիթ թագավորը, այլ Գարիզին լեռան վրա, ինչպես նախապես սահմանել էր Մովսեսը (Բ Օր. 11.29, Հեսու 8.33, Հովհ. 4.20):

Սամարացիներն արհամարվում էին հրեաների կողմից, և հրեաները նրանց հետ հարաբերություններ չէին պահում: Եվ այս սամարացին օգնություն է ցույց տալիս, խնամք է ցուցաբերում մի մարդու հանդեպ, ով հրեա էր, քանի որ առակում ասվում է, թե նա Երուսաղեմից էր դուրս եկել և իր ճանապարհը սկսել:

Առակը պատմելուց հետո Քրիստոս հարցնում է, թե ո՞վ է ընկերը, մերձավորը, և օրենսգետը պատասխանում է. «Նա, ով նրան բարիք արեց» (Ղուկ. 36-37): Սակայն քրիստոնեական տեսանկյունից երկուսն էլ օրինակ են ընկերոջ, մերձավորի:

Մեզ ընկեր պետք է համարենք ոչ միայն նրան, ով մեզ բարիք է անում, այլև նրան, ում մենք կարող ենք բարիք գործել: Հետևաբար, պետք է սիրել ոչ միայն նրան, ով արժանի է սիրվելու, այլ նաև բոլոր նրանց, որոնց վրա կարող ենք տարածել սերը, գթասրտությունը, բարեգործությունը: