ԵԿԵՂԵՑՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

Եկեղեցին, եկեղեցականները Աստծուն ծառայելուց և ժողովրդի հոգևոր կարիքներին սպասավորելուց բացի նաև հանդես են գալիս որպես միջնորդ հավատացյալի և Աստծո միջև, ինչպես, օրինակ, մեղքերի թողությամբ, մկրտության միջոցով Երկնքի Արքայության և հավիտենական կյանքի ժառանգորդ լինելու շնորհի փոխանցմամբ, եկեղեցական խորհրդակատարություններով հավատացյալին Աստծո շնորհներին հաղորդակից լինելու գործում:

«Օրհնեալ լինի նա Տիրոջից, որ իր գութը չպակասեցրեց ողջերից և մեռածներից» (Հռութ 2.20),- ասվում է Հռութի գրքում ողորմություն տված մարդու մասին: Նաև Աստվածաշնչում մեկ այլ տեղ` Մակաբայեցիների գրքում, նշվում է մեռյալների հարության հույսով մեռածների համար աղոթելը. «Սթափ մտածելով՝ նա չորս սատեր արծաթ հավաքեց և տվեց, որ տանեն, Երուսաղեմում զոհեր մատուցեն կատարված մեղքերի համար: Դա խիստ իմաստուն քայլ էր, որովհետև ինչ որ անում էր, մեռելների հարության մասին մտահոգվելով էր անում: Եթե պատերազմում ընկածների հարության ակնկալություն չունենար, զուր կլիներ մեռելների համար աղոթք մատուցելը: Նա ճիշտ էր հասկացել, որ գեղեցիկ մահով ընկածները շնորհների են արժանանում: Նա հավատում էր, որ քաջությամբ ընկածները մեղքերի թողություն կստանան» (Բ Մակաբ. 12. 43-46):

Եվ մենք էլ մեր գութը չպակասեցնելով ողջերից ու մեռածներից և մեռյալների հարության ակնկալությունն ունենալով` Պատարագի ընթացքում աղոթում ենք և մեր ննջեցյալների համար` խնդրելով նաև հոգևորականի աղոթքը ննջեցյալի համար եկեղեցում կատարվող հոգեհանգստյան արարողության ընթացքում: Այսինքն` Եկեղեցին նաև ննջեցյալի հետ կապված հարցում, նրա համար աղոթելով և Աստծո ողորմությունը խնդրելով, հանդես է գալիս որպես միջնորդ:

Եկեղեցու և հոգևորականության միջնորդական դերը չեն ընդունում աղանդավորները, բաղոքական-ավետարանականները: Եկեղեցու միջնորդական դերի մերժումը սկսվեց հատկապես 16-րդ դարում բողոքականության առաջնորդների կողմից: Հռոմի Կաթլիկ Եկեղեցում տարածում էր գտել ինդուլգենցիան` մեղքերի թողության թղթերի վաճառքը, որը 13-րդ դարից սկսած կաթոլիկ հոգևորականների հարստացման հիմնական միջոցներից մեկն էր, որովհետև Եկեղեցի էին մուտք գործել մարդիկ, որոնց նպատակը ոչ թե Աստծուն և մարդկանց ծառայելն էր, այլ` սեփական որովայնին և մամոնային:

Սրա դեմ առաջինը պայքարեց Մարտին Լյութերը, ով, սակայն, ընկավ հակառակ ծայրահեղության մեջ` բոլորովին մերժելով Եկեղեցու և հոգևորականության դերը հավատացյալի կյանքում: Այդ ժամանակամիջոցը պատմության մեջ հայտնի է ռեֆորմացիայի (բարեփոխման) ժամանակաշրջան անունով: Ռեֆորմացիայի հայրենիքը Գերմանիան էր, իսկ դրա սկիզբը համարվում է Մարտին Լյութերի (1483 – 1546) ելույթը Վիտտենբերգում 1517 թ.` ինդուլգենցիայի դեմ ներկայացված 95 թեզիսներով: Ռեֆորմացիայի երկրորդ կենտրոնը Շվեյցարիան էր, որտեղ բողոքական հայացքները ձևավորվեցին ֆրանսիացի Ժան Կալվինի (1509 – 1564) միջոցով: Ռեֆորմացիայի ընթացքը պատմաբանները բնորոշում են հատկանշված երեք հետևյալ ուղղություններով:

  1. Բուրժուական (ավելացնենք նաև` կրոնական), որի գաղափարախոսները` Լյութերը և Կալվինը, ասում էին, որ հավատացյալին աստվածային շնորհներին հաղորդակից են դարձնում ոչ թե Եկեղեցու խորհուրդները, այլ հավատը, մերժում էին հոգևորականությունը և նրա միջնորդական դերը: Դրա համար Լյութերը ապացուցում էր, որ պետք է աշխարհիկացնել եկեղեցապատկան հողերը, վանքերը, հիվանդանոցները, դպրոցները:
  2. Սոցիալական անհավասարության դեմ պայքարողներ. – Սրանք գյուղացիներն էին, ովքեր խիստ շահագործումից ճնծված` հանդես էին գալիս խոշոր հողատերերի դեմ, իսկ Եկեղեցին ևս հողատեր էր: Այս պայքարողների շարքում էին նաև անաբապտիստները, ովքեր անհարաժեշտ էին համարում երկրորդ մկրտությունը գիտակցական տարիքում:
  3. Հասարակության վերին խավը – հողատերեր, ովքեր իրենց տիրույթները ցանկանում էին ընդլայնել Եկեղեցու հողերի հաշվին:

Այսպիսով, արևմտյան Եվրոպայում հասարակության տարբեր խավերի մոտ տարբեր միտումներով դժգոհություն էր առաջացել Կաթոլիկ Եկեղեցու դեմ, և ստեղծվել էր այնպիսի մթնոլորտ, որում բողոքականության գաղափարներն արագորեն ընդունվեցին մեծ թվով մարդկանց կողմից:

Սակայն միջնորդությանն անդրադառնալով` Սուրբ Պողոս առաքյալը խոսում է Քրիստոսի փրկչական քավության մասին` ասելով. «Որովհետև կա… մեկ Միջնորդ Աստծո և մարդկանց միջև` Հիսուս Քրիստոս Մարդը, Ով Իրեն իբրև փրկանք տվեց բոլորի համար» (Ա Տիմ. 2.5)։ Սուրբ Հովհաննես առաքյալը նույնպես նման միտք է արտահայտում քավության և դրա հետ կապված միջնորդության մասին։ Նա ասում է. «Եթե մեկը մեղանչի, Աստծո առաջ բարեխոս ունենք Հիսուս Քրիստոսին` արդարին և անարատին։ Նա է մեր մեղքերի քավությունը, և ոչ միայն մեր, այլև ամբողջ աշխարհի» (Ա Հովհ. 2.12)։

Հետևաբար, այն միջնորդությունը, որի մասին Պողոս առաքյալը խոսում է, վերաբերում է փրկագործությանը։ Իսկ այն բարեխոսությունը, որի մասին Սուրբ Հովհաննես առաքյալն է խոսում, վերաբերում է քավությանը։ Մինչդեռ բողոքականները, նկատի ունենալով այս երկու տեսակի միջնորդությունները, Եկեղեցու դեմ հանդես գալով` իրենց մերժումը տարածեցին միջնորդության ողջ հասկացության վրա: Նրանք պնդում էին, և հիմա էլ նրանց հետևորդները հավաստում են, որ հավատի միջոցով ենք հաղորդակից դառնում շնորհներին:

Սակայն որտեղի՞ց է հավատը: Պողոս առաքյալն ասում է. «Ինչպե՞ս հավատան, ում մասին չլսեցին. կամ` ինչպե՞ս լսեն առանց մեկի քարոզելուն. կամ` ինչպե՞ս քարոզեն, եթե չառաքվեցին» (Հռոմ. 10.14)։ Նշանակում է` Եկեղեցին այն միջնորդն է, որի միջոցով մարդիկ հասնում են առ Աստված հավատին: Սուրբ Պողոս առաքյալն այս մասին բացատրում է կորնթացիներին,  կապված իր և Ապողոսի սպասավորության հետ, ասելով. «Իսկ արդ` ո՞վ է Պողոսը կամ ո՞վ է Ապողոսը. սպասավորներ, որոնցով հավատացիք» (Ա Կոր. 3.45)։ Նույնն է ասվում նաև Հովհաննես Մկրտչի վերաբերյալ. «Նա եկավ վկայելու համար, որպեսզի վկայի Լույսի մասին, որպեսզի ամենքը հավատան նրա միջոցով» (Հովհ. 1.7)։

Բայց երբ մարդկանց հավատի են բերում, նրանց չեն լքում, այլ ուղղություն են ցույց տալիս, առաջնորդում, որպեսզի չմոլորվեն: Երբ Պենտեկոստեի օրը Պետրոսի ճառից հետո երեք հազար հրեաներ հավատացին և հարցրեցին` ի՞նչ անենք, առաքյալները չասեցին, թե հավատը բավական է, այլ հորդորեցին մկրտության (Գործք 2.37-38): Երեք հազար հոգուն մկրտելը բավականին դժվար պիտի լիներ, բայց առաքյալները մկրտեցին նրանց, որովհետև դա էր ճիշտը:

Փիլիպպոսը, երբ դարձի բերեց եթովպացի ներքինուն, նրան նաև մկրտեց, միջնորդ եղավ` նրան հաղորդակից դարձնելու մկրտության փրկարար խորհրդին (Գործք 8.38): Հետևաբար, Եկեղեցին միջնորդ է մարդկանց հավատի բերելու և նրանց հովվելու, առաջնորդելու իմաստով և իրեն չի վերագրում Քրիստոսին վերաբերող միջնորդությունները:

Այսպես Եկեղեցին իր վարդապետությամբ զգուշացնում է ծայրահեղություններից, որից ոմանք չկարողացան զերծ մնալ` պայքարելով Եկեղեցում առկա թերությունների դեմ: Եվ Ճշմարտության պահպանումով ու քարոզմամբ Եկեղեցին սովորեցնում է հավատի ոսկե միջինը, որպեսզի մարդիկ պահեն ոսկե օրենքը (Մատթ. 7.12)` հանդերձյալ կյանքում մտնելու Հայտնության գրքում հիշվող Աստծո ոսկե քաղաքի (Հայտն. 21.18) ոսկե դարպասներով: