ԵԿԵՂԵՑՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԸ

Եկեղեցին Երկնքի Արքայությունն է երկրի վրա: Եկեղեցին` իբրև շինություն, այն միակ վայրն է, որտեղ առավել արդյունավետ են լինում մարդկային աղոթքները, և դարձյալ` եկեղեցին այն միակ վայրն է, որտեղ մարդը կարողանում է հաղորդակցվել Աստծո հետ ոչ միայն հոգեպես, այլև նյութապես` Սուրբ Հաղորդության` Քրիստոսի Սուրբ Մարմնի և Արյան ճաշակմամբ:

Եկեղեցուն բամբասողները, հայհոյողները իրենց վրա մեծ մեղք են բարդում, որով և մեծ պատիժ են ստանալու, եթե այստեղ չապաշխարեն և թողություն չստանան: Եթե քահանան առաքյալներից փոխանցված իշխանությամբ այստեղ մեղքը չի թողնում, այն չի թողնվում նաև Աստծո կողմից, և եթե այստեղ մեղքը չի թողնվում, այնտեղ էլ չի թողնվում նաև պատիժը, ինչպես որ ասաց նաև մեր Տերը` Հիսուս Քրիստոս (Հովհ. 20.23):

Քրիստոսի և Եկեղեցու միասնությունը հաճախ համեմատում են Պսակի խորհդի հետ: Այսպես ուսացանողներից է հատկապես Սուրբ Պողոս առաքյալը, ով ասում է, որ ինչպես Եկեղեցին հնազանդ է Քրիստոսին, այդպես էլ կանայք պետք է հնազանդ լինեն իրենց ամուսիններին (Եփ. 5.24): Ամուսնության մասին Աստվածաշնչում նշվում է, որ «Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և պիտի գնա իր կնոջ հետևից» (Ծննդ. 2.24, Մարկ. 10.7, Եփ. 5.31): Եվ սրա իրագործումը լինում է հենց ամուսնության ժամանակ, երբ փեսան թողնում է իր հորն ու մորը և գնում հարսի ետևից:

Այսպես նաև Քրիստոս հանուն հարսի` Եկեղեցու, նախ թողեց Իր Հորը և մարդացավ, մարմնացավ, աշխարհ եկավ, այնուհետև, երբ խաչի վրա էր, թողեց իր մորը: Սակայն ծնողներին թողնելու և ընտրյալի ետևից գնալու աստվածաշնչյան խոսքերը վերաբերում են ոչ միայն փեսային` տղամարդուն, այլև կնոջը, ով ևս ամուսնանալիս թողնում է իր հորն ու մորը և գնում ամուսնու ետևից:

Այսպես նաև Եկեղեցին` իբրև հարս, Քրիստոսին միանալով` թողեց իր հայրական սովորությունը` կռապաշտությունը, և մայրական սովորությունը` անընդհատ մեղանչելը, և այժմ գնում է փեսայի` Քրիստոսի ետևից նրա Հայրական տուն, այսինքն` Երկնքի Արքայություն: Եկեղեցին երբեմն համեմատում են նաև Քրիստոսի պատմուճանի հետ: Երբ հրեաները հռոմեացիների ձեռքով խաչեցին Քրրստոսին, Նրա պատմուճանը չպատռվեց ու չբաժանվեց (Հովհ. 19.23), ու թեև այսօր որոշ կազմակերպություններ, աղանդներ, կրոններ պայքարում են Եկեղեցուն դեմ, այն, այնուամենայնիվ, Քրիստոսի պատմուճանի պես մնալու է անբաժանելի:

Հավատացյալներին դեպի եկեղեցի` արարողությանը մասնակցելու է կանչում եկեղեցու զանգը իր ղողանջով: Հնում սովորություն կար եկեղեցու զանգը երեք անգամ հնչեցնել, որպեսզի եթե մարդը առաջին երկու անգամները ծուլանար, ապա երրորդ անգամ մարմնական հակումները հաղթահարելով` հետևեր հոգու կանչին և գնար եկեղեցի:

Այս երեք անգամ հնչեցնելը կարգվել էր Պետրոս առաքյալի հետ տեղի ունեցած դեպքի նկատառումով: Պետրոս առաքյալը Քրիստոսին ուրանալուց ետ չդարձավ աքաղաղի երկու անգամ կանչելու ժամանակ (Մարկ. 14.72), բայց աքաղաղի երրորդ կանչի ժամանակ առաքյալն արդեն դուրս էր եկել սխալ ընթացքից` դառնապես լաց լինելով: Այդ երեք անգամները խորհրդանշում են մարգարեներին, առաքյալներին և վարդապետներին, ովքեր մարդկանց հետ խոսում էին Աստծո մասին և հորդորում ճիշտ կյանքով և հավատքով ապրելու:

Մարգարեները հիմնականում գործում էին իրենց ժողովրդի մեջ, առաքյալները քրիստոնեությունը տարածեցին ամբողջ աշխարհում, բայց նրանց օրոք դեռ շատերը հեռու մնացին Քրիստոսից: Սակայն այժմ շարունակվում է քրիստոնյա վարդապետների քարոզչությունը, որով ի վերջո քրիստոնյա է դառնալու նաև ողջ աշխարհը, ինչպես մարգարեանում է Պողոս առաքյալը հռոմեացիներին ուղղված իր նամակում (11.25):

Որպես ճշմարիտ հավատացյալներ` մենք պետք է մեր հավատքը վկայենք և մարդկանց դեպի եկեղեցի բերենք, նկատի ունենալով եկեղեցին լայն իմաստով, այսինքն` հավատքի ճշմարիտ գիտակցություն չունեցողներին ճշմարտության բերելով միացնել հավատացողների խմբին: Սակայն բացի դրանից մենք ինքներս պետք է օինակելի գործեր անենք, առաքինությամբ ապրենք, այլապես կնմանվենք քիչ առաջ հիշված եկեղեցու զանգին, որը մարդկանց դեպի եկեղեցի է կանչում, բայց ինքը միշտ մնում է դրսում: Եվ այս իմաստով պետք է ոչ միայն զանգ լինենք, այսինքն` մեր հավատը հնչեցնող, մարդկանց եկեղեցի բերող, այլև պետք է նմանվենք եկեղեցու մշտավառ կանթեղին, այսինքն` մեր սրտերում և հոգիներում միշտ վառ պահենք հավատքի լույսը մեր բարի կյանքով և առաքինություններով: