ԵԿԵՂԵՑՈՒ ԻՐԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Պապ թագավորը որոշ տարաձայնություններ է ունեցել Ներսես Մեծ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Կարծիք կա, որ տարաձայնությունների պատճառներից մեկն էլ աղքատանոցների և անկելանոցների առկայությունն էր, որովհետև ըստ թագավորի` բազում մարդիկ ընկնում էին անհոգության մեջ և ծուլության մատնվում:

Այսօր շատ մարդիկ Եկեղեցին հաճախ շփոթում են սոցապնախարարության հետ: Ոմանք ասում են. «Ինչու՞ Եկեղեցին ինձ նյութապես չի օգնում»: Պետք է բոլորս էլ իմանանք, որ Եկեղեցին առաջին հերթին զբաղվում է մարդու հոգուն և ոչ թե մարմնին վերաբերող հարցերով: Սակայն, ինչ խոսք, ծայրահեղ անհրաժեշտության դեպքում Եկեղեցին միշտ էլ պետք է օգնության ձեռք մեկնի նաև նյութական իմաստով: Եվ այսօր էլ մեր երկրում գործում են նաև Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի կողմից հիմնադրված Սոցիալական բաժինը, բարեգործական ճաշարանները և տարբեր խնամատար հաստատությունները:

Հիսուս Քրիստոս Պետրոս առաքյալին երեք անգամ հարցրեց` սիրու՞մ ես ինձ, և դրական պատասխան ստանալուց հետո ասաց` հովվիր Իմ հոտը: Ըստ Սուրբ Գրիգոր Տաթևացու` Քրիստոս սրանով ցույց տվեց հոտը հովվելու երեք ձևերը, որոնք նախ վերաբերում են թեմի առաջնորդ եպիսկոպոսներին: Եպիսկոպոսներն առաջին հերթին պետք է նյութական օգնություն ցույց տան իրենց թեմի կարիքավորներին ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, որովհետև բոլորի համար անխտիր հոգալը հնարավոր չէ և վտանգ կա, որ մարդիկ կընկնեն ծուլության ու անհոգության մեջ` ցանկանալով ապրել ուրիշների հաշվին:

Այսօր էլ շատ մարդիկ ենք տեսնում, ովքեր մուրացկանի հոգեբանություն են ձեռք բերել և ծուլության մեջ ընկնելով` մուրացկանությունը դարձրել են մասնագիտություն կամ էլ փող վաստակելու հեշտ ճանապարհ: Այսինքն` շատ դեպքերում մուրացկանությունը ոչ թե աղքատության նշան է, այլ՝ հոգեբանություն կամ էլ նույնիսկ հոգեկան հիվանդություն: Երկրորդ` եպիսկոպոսը պետք է հոգա իր թեմի մարդկանց հոգևոր պետքերը: Եվ երրորդ` եպիսկոպոսը պետք է իր կյանքով ու գործերով մյուսների համար օրինակ լինի:

Եթե Եկեղեցին ավելի շատ զբաղվի նյութական պետքերով, ապա դրանով կխախտի նաև Քրիստոսի պատվիրանը, որն ասում է. «Հոգ մի՛ արեք, ձեր հոգու համար, թե ի՛նչ պիտի ուտեք կամ ի՛ նչ պիտի խմեք, և ոչ էլ ձեր մարմնի համար, թե ի՛նչ պիտի հագնեք, որովհետև հեթանոսներն են այդ բոլորը որոնում: Նախ խնդրեցեք Աստծո արքայությունը և Նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա» (Մատթ. 6.25, 32, 33):

Եկեղեցուց նյութական օգնություն ակնկալելուց առաջ նախ ինքներս մեզ անկեղծորեն մի հարց տանք. «Փնտրե՞լ ենք արդյոք ամենից առաջ Աստծո արքայությունն ու արդարությունը»: Եթե ոչ, ուրեմն հետևենք Քրիստոսի այս կոչին և հաստատապես պիտի համոզվենք, որ Աստված երբեք չի ստում: