ԵԿԵՂԵՑՈՒ ԵՎ ՎԱՆՔԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Ո՞րն է եկեղեցու և վանքի տարբերությունը:

Եկեղեցին, եթե շինությունը նկատի ունենք, աղոթավայրն է, որ կառուցված է հատուկ օրհնությամբ ու նվիրագործումով, օծումով և հաստատված է հավաքական կամ ընդհանրական աղոթքների, աստվածպաշտական արարողությունների համար: Եկեղեցիները լինում են բնակավայրերում` հավատացյալների հոգևոր կարիքների համար:

Վանքերն առավելաբար լինում են նաև բնակավայրերից դուրս և նախատեսված են վանականների կեցության, վանականների աղոթական կյանքի համար: Վանքն ունենում է եկեղեցի` պաշտամունքային վայր, ինչպես նաև վանաբնակների համար հատուկ կացարաններ:

Վանքերը հիմնականում շինության առումով վանական համալիրներ են, որտեղ բացի եկեղեցուց կան նաև վանական կյանքի համար անհրաժեշտ շինությունները, կացարանները, ուսումնարանները, դպրանոցները, գրադարանները և այլն: Այսպիսին են եղել միջնադարյան մեր զարգացած վանքերը:

Ցավոք սրտի, Հայոց Ցեղասպանության տարիներին, ինչպես նաև խորհրդային իշխանության աթեիստական տարիներին շատ եկեղեցիներ ու վանքեր ավերվեցին, վանական հաստատությունները դադարեցրին իրենց գործունեությունը, բազմաթիվ եկեղեցականներ, վանականներ սպանդի ենթարկվեցին:

Այսօր աշխատանքներ են իրականացվում եկեղեցաշինության հետ մեկտեղ նաև վանքերը վերանորոգելու, վանական կյանքը վերահաստատելու, որտեղ վանականները մշտական աղոթք պիտի հնչեցնեն և կրոնական մտքի աշխատություններ պատրաստեն:

Եկեղեցիներն իրենց կառուցվածքով լինում են բազիլիկ, խաչաձև, բոլորաձևԻ՞նչ խորհուրդ ունեն յուրաքանչյուրը:

Եկեղեցական ճարտարապետության մեջ խորհուրդ ունի հատկապես եկեղեցիների խաչաձև հիմքը, ինչը նշանակում է, որ Եկեղեցին հիմնված է Քրիստոսի՝ խաչելությամբ իրագործված փրկագործությամբ: Բազիլիկ եկեղեցիները համեմատաբար առավել վաղ շրջանի եկեղեցիներ են, որոնք ավելի պարզ կառույց ունեն:

Սակայն եկեղեցական ճարտարապետությունը միշտ միացած է հոգևոր-կրոնական խորհրդանշաններին: Եկեղեցու քարերը, որ շաղախով միանում ու եկեղեցու կառույցն են կազմում, խորհրդանշում են տարբեր տարիքի ու սեռի մարդկանց, որոնք, միանալով իբրև հավատացյալներ, կազմում են Քրիստոսի Եկեղեցին:

Եկեղեցիների դուռը հիմնականում բացվում է դեպի արևելք, և եկեղեցիների խորանը, որի վրա մատուցվում է պատարագը, լինում է արևելյան կողմում, որովհետև, ըստ Աստվածաշնչի, Քրիստոսի երկրորդ գալուստը լինելու է արևելքից (Մատթ. 24.27): Բացի դրանից արևելքը հոգևոր լույսի, լուսավորության խորհրդանիշն է:

Եկեղեցիները կառուցվում են հիմնօրհնեքի արարողությամբ, այսինքն՝ օրհնվում են եկեղեցու հիմքերը և հիմքերի մեջ տեղադրվում են քարեր` Ավետարանիչների, առաքյալների, Պողոս առաքյալի և Գրիգոր Լուսավորչի անուններով, ինչը նշանակում է, որ Եկեղեցին հիմնված է առաքյալների, մարգարեների, Քրիստոսի ուսուցման հիմքի վրա:

Եկեղեցու ներսի սյուները խորհրդանշում են առաքինությունները, իսկ սյուները միացնող կամարները` սերը, որով գործվում են առաքինությունները: Սլացիկ գմբեթը ցույց է տալիս դեպի երկինք բարձրանալը, և գմբեթների վրա խաչի զետեղումը` խաչով, խաչի զորությամբ Եկեղեցու պսակված լինելը:

Եկեղեցական հեղինակները եկեղեցին իր խորհրդով նմանեցնում են նոյյան տապանին. ինչպես որ տապանում պատսպարվողները փրկվեցին ջրհեղեղից, այնպես էլ եկեղեցու ներսում գտնվողները, այս ալեկոծ կյանքի հորձանքները հաղթահարելով, փրկության են արժանանալու:

Եկեղեցական շինությունը ոմանք դիտում են որպես միայն ճարտարապետական կառույց: Սակայն եկեղեցին իր բուն էությամբ վեր է սոսկ ճարտարապետական կառույց լինելու իրողությունից և այն վայրն է, որտեղ աստվածային ներկայությունն է, որտեղ երկնային շնորհները տրվում են հավատացյալներին աղոթքների, եկեղեցական խորհուրդների, արարողությունների միջոցով: