ԵԿԵՂԵՑՈՒ ԳՈՐԾԸ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ

Նկատի ունենալով արդի աշխարհում բնության վիճակը, բնության, շրջակա միջավայրի հանդեպ հանդիպող անընդունելի վերաբերմունքն ու վարմունքը` Եկեղեցին ինքն ուղղակիորեն ի՞նչ է անում էկոլոգիական խնդիրների լուծման ուղղությամբ:

Մարդու հոգևոր վիճակը, մտածելակերպն արտահայտվում են նրա վարվեցողության արտաքին դրսևորումներով: Աստծո կամքին հակառակ ընթացքները` մեղքը, մեղավոր արարքներն են, որ մարդուն ու բնությանը վնասներ են պատճառում: Հետևաբար, անձին, ժողովրդին, աշխարհին հասցվող հարվածները չարի ու չարիքի հարձակում են, մարդու ձեռամբ կատարված ու կատարվող չարագործություններ:

Եկեղեցին ավելի խորն է տեսնում խնդիրը` այն որպես մեղք արմատավորված համարելով հոգևոր ոլորտում, որտեղից մեղքը պետք է մաքրել, մեղավոր, անկյալ վիճակն ու մտածելակերպը հաղթահարել ու մարդուն սրբության առաջնորդել:

Քրիստոս հաղթեց մահվանն ու մեղքին, մարդուն զորություն տվեց գերության մեջ չմնալու մեղքի ու մահվան ճիրաններում և Իր շնորհները բաշխեց` չարին հաղթելու, բարին հաստատելու, սրբության հասնելու համար:

Մարդու փրկության համար իրականացվող Եկեղեցու առաքելությունը զորացնում է հոգևոր կյանքն ու գիտակցությունը, բերում Աստծո պատվիրանների իրագործման ու աստվածային կամքի համաձայն ապրելու կարևորության ընկալումը:

Ճշմարիտ աստվածճանաչողության ու աշխարհընկալման հաստատումը, այլոց կամ շրջակա միջավայրը վնասող շահամոլ և նյութապաշտ նկրտումներից զգուշացումները, աստվածաշնորհ կյանքի հանդեպ խորին հարգանքն ու Աստծո պատկերով ստեղծված մարդուն որպես մեծագույն արժեք ընկալելը էկոլոգիական խնդիրների հիմնական լուծումներից են: