ԵԿԵՂԵՑՈՒ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Աստված մեզ լսում է ամեն տեղից և Աստված ամենուրեք է, սակայն, փոխաբերական իմաստով ասած, Աստված ամեն տեղ չի իջնում: Աստված չի իջնում տարատեսակ սրահներ ու կինոդահլիճներ, որովհետև դրանք նաև մեղավոր տեղեր են: Մինչդեռ եկեղեցին օրհնված և օծված վայր է` մաքրությամբ և սրբությամբ լի:  Հենց այստեղ է, որ կատարվում է մեր հաշտությունն Աստծո հետ, այստեղ է, որ քահանայի ձայնը բացում է երկինքը, և երկնային հրեշտակները Քրիստոսի գլխավորությամբ իջնում են եկեղեցու խորան, ուր Սուրբ Հոգով սրբագործվում են Պատարագի հացն ու գինին:

«Եթե միայն այս կյանքի համար ենք հույս դրել ի Քրիստոս, ողորմելի ենք, քան բոլոր մարդիկ»,- ասում է Պողոս առաքյալը (Ա Կորնթ. 15.19): Բայց եթե ուզում եք հավիտենական կյանք ունենալ, լսեք, թե ինչ է ասում Քրիստոս. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չուտեք մարդու Որդու մարմինը և չըմպեք նրա արյունը, ձեր մեջ կյանք չեք ունենա» (Հովհ. 6.54):

Այսօր շատ մարդիկ ասում են. «Ես իմ մեջ հավատում եմ Աստծուն, աղոթում եմ, էլ ինչի՞ համար եկեղեցի գնամ»: Եվ հենց այս պատճառով որոշ մարդիկ հազվադեպ են եկեղեցի գալիս կամ ընդհանրապես եկեղեցում չեն լինում: Բայց մենք առաջին հերթին եկեղեցի չենք գնում աղոթելու համար: Իրոք, եթե ուզում ենք աղոթել, կարող ենք աղոթել նաև ցանկացած տեղում, և ամեն տեղից էլ մեզ Աստված կլսի, չնայած որ աղոթելը շատ ավելի արդյունավետ է եկեղեցում:

Եվ նույն կերպ, եթե ուզում ենք մոմ վառել, ապա կարող ենք մոմ վառել նաև մեր տանը մի որևէ սրբապատկերի առաջ: Եվ եթե ուզում ենք քարոզ լսել, ապա հատկապես այսօր կարող ենք որոշակի ժամերի միացնել ռադիոընդունիչն ու հեռուստացույցը և քարոզ լսել: Հետևաբար, մենք եկեղեցի ենք գնում առաջին հերթին ոչ թե ինչոր բան անելու կամ տալու, այլ ստանալու համար: Աստված մարդուն փնտրում է ոչ թե նրանից վերցնելու, այլ տալու համար:

Իսկ որտե՞ղ է արդյոք Աստված ավելի մոտ լինում մարդկանց հատկապես Պատարագի օրերին, եթե ոչ եկեղեցում: Քրիստոս ասում է, որ Իր հիշատակի համար սրբագործվող հացն ու գինին Իր Մարմինն ու Արյունն են: Եվ մենք հաստատապես գիտենք ու հավատում ենք, որ Պատարագի ժամանակ Սուրբ Սեղանի վրա օրինական ու վավերական հոգևորականի կողմից սրբագործվող հացն ու գինին աստվածային զորությամբ դառնում են Հիսուս Քրիստոս, ով Իրեն ամբողջովին բաշխում է հավատացյալներին: Ավելի ճիշտ եզրաբանությամբ՝ այդ հացն ու գինին փոխարկվում են Քրիստոսի Մարմնի և Արյան, որոնց հաղորդվելով բազում շնորհներ ու բժշկություն ենք ստանում:

Եվ, հետևաբար, մենք առաջին հերթին եկեղեցի ենք գնում աստվածային շնորհներ ստանալու, հատկապես ստանալու այն մեծագույնը` Սուրբ Հաղորդությունը, որով Քրիստոս Աստված Իրեն տալիս է մարդկանց: Մարդիկ կան, ովքեր աղանդավորների, հերետիկոսների նման ասում են, որ այդ հացն ու գինին մարմին և արյուն չեն, այլ պարզապես մարմնի ու արյան խորհրդանիշ և, հետևաբար, դրա համար էլ պետք չէ եկեղեցի գնալ, կարելի է այլ տեղում էլ հավաքվել: Բայց Սուրբ Կյուրեղ Երուսաղեմացին ասում է. «Եթե Քրիստոս Ինքն ասաց, որ դրանք Իր Մարմինն ու Արյունն են, ապա ո՞վ կհամարձակվի հակառակը ասել»:

Մարդը չի կարող փրկվել միայն Ավետարանի քարոզչությամբ, որովհետև, օրինակ, եթե քաղցած որևէ մեկի հետ մենք խոսենք հացի մասին, ասենք, թե ինչ գեղեցիկ, կենդանարար հատկություններ ունի հացը, նա, միևնույն է, վերջ ի վերջո սովից կմեռնի: Այդ իսկ պատճառով էլ եկեղեցիներում Աստված ոչ միայն Իր պաշտոնյաների միջոցով քարոզում է Իր վարդապետությունն ու արքայությունը, այլև Իրեն է ամբողջովին տալիս հավատացյալներին:

Քրիստոսի Մարմինն ու Արյունը նման են թթխմորի, որն աստիճանաբար փոխում է ադամական մարմինը, մաքրում մեղքերից, թերություններից, արատներից, ինչպես որ մի փոքրիկ թթխմորը փոխում և իրեն է նմանեցնում խմորի ողջ զանգվածը: Եվ եթե շատերդ անգիտության պատճառով արդեն երկար ժամանակ է, ինչ չեք հաղորդվել Քրիստոսի սրբարար Մարմնին ու Արյանը, ապա մի կորցրեք այս գեղեցիկ հնարավորությունը:

Գնացեք եկեղեցի ու գործած մեղքերի համար ապաշխարելով և թողություն ստանալով ճաշակեցեք Հաղորդությունը, որովհետև միայն եկեղեցիներում է հնարավոր Աստծո հետ հաղորդակցությունը ոչ միայն հոգեպես, այլև նյութապես: Հաղորդություն ստանալու պայմաններն են նախ մկրտված լինելը, այնուհետև սեփական մեղքերի համար զղջալն ու ապաշխարելը և Պատարագից առաջ կամ Պատարագի ընթացքում քահանայի միջոցով մեղքերի թողություն ստանալը: