ԵԿԵՂԵՑԻ ԵՎ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Այսօր էլ շատերը ցանկանում են, որ Եկեղեցին կողմնակից լինի իշխանափոխության բռնի ձևերի կամ ծածանի ապստամբության դրոշը: Սակայն Եկեղեցին չի կարող ուրանալ Ավետարանի սկզբունքները, Քրիստոսի վարդապետությունը և այլ բան քարոզել:

Այսպես էր վերաբերմունքը նաև Քրիստոսի հանդեպ: Նրան շատերն ընկալում էին որպես աշխարհիկ մեսիայի, ով պետք է գար և փրկեր Իսրայելի ժողովրդին հռոմական տիրապետության լծից: Քրիստոսին նույնիսկ ցանկանում էին ներքաշել քաղաքական խարդավանքների մեջ: Փարիսեցիներն այդ նպատակով անգամ մի նենգ հարց հորինեցին, որպեսզի ողջ ժողովրդի առջև այն ուղղեն Քրիստոսին: Փարիսեցիները Քրիստոսին ասացին. «Վարդապե՛տ, գիտենք, որ ճշմարտախոս ես և Աստծու ճանապարհը ճշմարտությամբ ես ուսուցանում. և ոչ մեկից չես քաշվում ու ոչ մի մարդու աչառություն չես անում: Արդ, ասա՛ մեզ, ինչպե՞ս է քեզ թվում. պե՞տք է հարկ տալ կայսրին, թէ՞` ոչ» (Մատթ. 22.16-17, Մարկ. 12.14, Ղուկ. 20.21-22):

Հարցը բավականին նենգ էր և հատուկ էր մտածվել քաղաքական մեքենայությունների համար: Եթե Քրիստոս պատասխաներ, որ օրինավոր է կայսրին հարկ տալը, ողջ ժողովուրդը կելներ Նրա դեմ, որովհետև հրեաները ստիպողաբար էին հռոմեացիներին հարկեր վճարում, քանզի հռոմեցիները ոչ թե օրինաբար էին իշխում Իսրայելում, այլ բռնությամբ եկել և հաստատել էին իրենց իշխանությունը:

Եթե Քրիստոս պատասխաներ` կայսերը հարկ տալը օրինավոր չէ, ապա այդ դեպքում կասեին, որ ժողովրդին ապստամբության է պատրաստում Հռոմի դեմ և հռոմեական իշխանությունների ներկայացուցիչներին կհանեին Քրիստոսի դեմ: Դրա համար Քրիստոս Իր մեծագույն իմաստությամբ նրանց պատասխանեց. «Գնացե՛ք, տվե՛ք կայսրինը` կայսեր և Աստծունը` Աստծուն» (Մատթ. 22.21, Մարկ. 12.17, Ղուկ. 20.25):

Եվ այսօր էլ եթե ցանկանում են Եկեղեցուց խոսք լսել, Եկեղեցին այլ բան չի կարող ասել, քան` Քրիստոս, այլապես կդադարի Քրիստոսի Եկեղեցի լինելուց: Դրա համար մենք էլ, պատմության դառը իրադարձությունները ցույց տալով, առաքյալների, քրիստոնյաների աստվածային ներգործությամբ հաղթանակները մատնանշելով, Քրիստոսի պես ասում ենք. «Գնացե՛ք և տվե՛ք կայսրինը` կայսեր և Աստծունը` Աստծուն»: