ԵԿԵՂԵՑԻ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ հարաբերության մեջ են Եկեղեցին և գիտությունը:

Պատմության ընթացքում գիտության հանդեպ Եկեղեցու վերաբերմունքի մասին խոսելիս պետք է տարբերակում կատարել արևմտյան երկրներում Կաթոլիկ Եկեղեցու և Հայ Առաքելական Եկեղեցու դիրքորոշումների վերաբերյալ: Ի տարբերություն արևմտաեվրոպական երկրներում Եկեղեցու և գիտության բնագավառի միջև առկա լարվածության` հայ իրականության մեջ մեր Սուրբ Եկեղեցին է հանդիսացել նաև գիտության օրրանը:

Հայ Եկեղեցու ծոցում և կամ Եկեղեցու հովանու ներքո են զարգացել գիտությունները, հոգևոր-կրթական հաստատություններն են առավելաբար պատրաստել անվանի գիտնականներ: Այսպիսով, եկեղեցական ոլորտում են զարգացել գիտության այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են տիեզերաբանությունը, աստղագիտությունը, տոմարագիտությունը, մաթեմատիկան, երկրաչափությունը, պատմագիտությունը, բանասիրությունը, քերականությունը և այլն:

Հայ Եկեղեցին է նաև Հայաստանում հիմնել բարձրագույն ուսումնական հաստատություններ` համալսարաններ, որոնք իրենց մակարդակով չեն զիջել և անգամ գերազանցել են եվրոպական համալսարաններին: Միջնադարյան հայկական բարձրագույն կրթական հաստատությունների հիմնադրման ու գործունեության պատմությունն ուսումնասիրողները նշում են, որ հայոց համալսարաններն ուսուցման ծրագրերի առումով ավելի հագեցած են եղել և տարբերվել են նույն ժամանակաշրջանի եվրոպական համալսարաններից, քանզի հայ ուսանողներին տրվել են գիտելիքներ նաև նախաքրիստոնեական շրջանի կրոնի, հավատալիքների մասին, ինչի համար որպես ուսուցման ձեռնարկ ծառայել է նաև Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոցը»:

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր էլ շարունակում է քաջալերել գիտության մշակներին, խրախուսել գիտնականների գործունեությունը, գիտության ասպարեզի տարբեր գործիչների արժանացնում է Եկեղեցու բարձր պարգևների, պատվո շքանշանների:

Հայ Եկեղեցին ներկայումս շարունակում է գիտության զարգացմանը բերել իր նպաստը հատկապես բանասիրական գիտությունների ոլորտում: Տարբեր եկեղեցականներ հեղինակում են պատմաբանական, հայագիտական, բանասիրական աշխատություններ, ինչպես նաև եկեղեցական ասպարեզին հատուկ աստվածաբանական, եկեղեցաբանական, եկեղեցագիտական աշխատություններ, որոնք ներկայացվում են ինչպես հայ, այնպես էլ այլազգի ընթերցողների, գիտական շրջանակների ուշադրությանը:

image2Գիտությունն այլ տեսակետ է առաջարկում մարդկության ստեղծման վերաբերյալ: Ինչպե՞ս է Եկեղեցին բացատրում, որ Ադամից ու Եվայից առաջացավ մարդկությունը:

Աստվածաշնչի Ծննդոց գիրքը հայտնում է, որ Աստված ստեղծեց արական և իգական սեռի առաջին մարդկանց` Ադամին ու Եվային (Ծննդ. 1.27, 5.2): Սուրբ Գրքում խոսվում է հատկապես նրանց երկու որդիների` Կայենի և Աբելի մասին (Ծննդ. 4.1-15), քանզի հիշատակելի պատմություն է նրանց հետ կապված: Սակայն աստվածաշնչյան տեղեկությամբ Ադամն ու Եվան շատ այլ զավակներ ունեցան (Ծննդ. 4.25-26, 5.34) և նրանց ամուսնությամբ շատացան մարդիկ:

Աստվածաշունչը մարդկության առաջացումը կապում է Ադամի ու Եվայի հետ՝ նշելով, որ Աստված նրանց պատվեր տվեց մարդկության ստեղծման` ասելով. «Աճեցե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը» (Ծննդ. 1.28): Ջրհեղեղից հետո մարդկությունը պետք է վերածնվեր Նոյից ու նրա որդիներից, և նրանց էլ Աստված ուղղեց նույն խոսքը` երկրի վրա բազմանալու, բուսական ու կենդանական աշխարհին տիրելու (Ծննդ. 9.12):

Մենք այսօր մի մեծ գերդաստանի պատմությամբ կարող ենք տեսնել, որ ամուսնական մեկ զույգից սերում են բազում սերունդներ: Այսպես էլ Ադամից ու Եվայից առաջացան բազում մարդիկ: Համաշխարհային ջրհեղեղից հետո փրկվեցին միայն Նոյն ու իր կինը և նրանց երեք որդիներն իրենց կանանցով: Եվ հետջրհեղեղյան ժամանակաշրջանում մարդկությունը բազմացավ այս ընտանիքից (Ծննդ. 7.23, 9.1, 10.32):

Ադամից ու Եվայից մարդկության ծագման պատմությունը մերձավոր, արյունակցական սերտ կապի մեջ եղող մարդկանց ամուսնության հարցն է առաջ բերում: 3-րդ դարի եկեղեցական հեղինակներից Մեթոդիոս Օլիմպացին կուսության առաքինության մասին իր հայտնի գրական գործում խոսում է ամուսնության և նրա աստիճանական զարգացման` ամուսնության էվոլյուցիայի մասին:

Նա հաստատում է, որ մարդու գոյության սկզբնական շրջանում Աստծո կողմից թույլատրված էին մերձավոր ամուսնությունները, որոնք դադարեցին Աբրահամի ժամանակ: Աստված ուխտ կնքեց Աբրահամի հետ, որի նշանն էր թլփատությունը: Թլփատությունը նշանակում էր, որ մարդը պետք է հեռու մնա մարմնի մեղավոր կրքերից, ինչպես նաև ցույց էր տալիս, որ այլևս դադարում են նույն մարմնից սերած մարդկանց` արյունակից հարազատների ամուսնությունները, որն այդուհետ համարվում էր արյունապղծություն: Ղևտացվոց գրքում արդեն տրվում են ամուսնության արգելքի և թույլտվության աստիճանակարգումները (գլուխներ 18-20):

Մերձավորների ամուսնության դադարեցմամբ, սակայն, շարունակվում էր բազմակնությունը, որը, ինչպես նշում է Մեթոդիոս Օլիմպացին, դադարեց մարգարեական շրջանում: Եկեղեցական հեղինակը վկայակոչում է Երեմիայի մարգարեությունը, որտեղ մարգարեն ասում է, որ իգամոլ ձիու է նման տարբեր կանանց տենչող մարդը (Երեմ. 5.8): Մեթոդիոսը մեջբերում է անում նաև Սողոմոնի իմաստության գրքից, որտեղ ասվում է. «Ուրա՛խ եղիր քո երիտասարդ օրերի կնոջ հետ» (Առակ. 5.18):

Քրիստոս ևս ճիշտ համարեց միակնությունը: Միակնության հաստատումով ամուսնությունը հասնում է իր զարգացման վերջին փուլին, որից այն կողմ անցնում է կատարյալ վիճակի, որը կուսության առաքինությունն է: Մեթոդիոս Օլիմպացին, իր այս ուսուցմամբ նկարագրելով կուսության առաքինության վեհությունը, միաժամանակ մեծապես պատվելի է համարում ամուսնությունը` չնսեմացնելով ամուսնության կարևոր դերը մարդկության կյանքում:

Կարդալ նաև`