ԵԿԵՂԵՑԻ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՆՎԱԶՄԱՆ ՄԱՍԻՆ

Արևմտյան մասնագետները հաճախ իրենց դիտարկումներում հիմնվում են վիճակագրական այն տեղեկության վրա, որ օրեցօր նվազում է եկեղեցի հաճախողների թիվը: Ինչպիսի՞ն է պատկերը մեզ մոտ:

Այս հարցին պատասխանելուց առաջ նախ կցանկանայի անդրադառնալ բնակչության կենսամակարդակի խնդրին: Լավ է, երբ կենսամակարդակը բարձր է, բայց դա երբեմն անուղղակի կերպով բերում է մեղքերի ավելացման: Սա չի նշանակում, որ չպետք է պայքարենք աղքատության դեմ, բայց կենսամակարդակի բարձրացումը, երբ զատված է կրոնական նախանձախնդրությունից, անուղղակի կերպով բերում է նաև մեղսալի ընթացքի: Դժվար պայմաններում ապրողն աշխատում է իր գոյությունը պահպանելու համար, իսկ առատ նյութական ունեցողը, եթե հեռու է քրիստոնեական արժեհամակարգից, ընկնում է տարբեր մեղքերի մեջ, որով էլ և հեռանում Եկեղեցուց: Գուցե հենց նաև սա նկատի ուներ Քրիստոս, երբ ասում էր, որ ավելի հեշտ է պարանը ասեղի անցքով անցնի, քան հարուստը մտնի Երկնքի արքայություն (Մատթ. 19.24, Մարկ.10.25, Ղուկ. 18.24):

Կապիտալիստական հասարակարգի խիստ քննադատությամբ հայտնի, գիտնական, հոգեբան Էրիխ Ֆրոմն իր «Առողջ հասարակություն» աշխատության մեջ ներկայացնում է վիճակագրական տվյալներ տարբեր պետություններում հանցագործությունների, կյանքի արատավոր բարքերի թվի վերաբերյալ: Զարմանալի է, բայց սպանությունների, ինքնասպանությունների, տարբեր հանցագործությունների, հարբեցողության ամենաբարձր ցուցանիշներն աշխարհի տնտեսապես զարգացած երկրներում են` Դանիա, Շվեյցարիա, Ֆինլանդիա, Շվեդիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ և այլն: Սա նշանակում է, որ մարդը, եթե հեռու է կրոնից, բավարարելով իր բնական կարիքները` անցնում է անբնական, մեղսալի կարիքների բավարարմանը:

Հատկապես արևմտյան երկրներում եկեղեցի հաճախողների թվի նվազումը պայմանավորված է նաև այս հանգամանքով: Մեզ մոտ` Հայաստանում, կա արտագաղթի խնդիրը, որը բավականին մտահոգիչ է, և պետության, հասարակության, քաղաքացիների համար պատասխանատու բոլոր այրերը, հաստատությունները, երկրի իշխանությունները, Եկեղեցին պետք է ջանադիր աշխատանք տանեն այս խնդրի լուծման ուղղությամբ: Արտագաղթը, իհարկե, իր ազդեցությունն է ունենում Հայաստանում եկեղեցի հաճախողների թվի նվազումով և սա տեսանելի է նաև եկեղեցական արարողությունների հաշվարկում: Բայց նվազման տարբերությունը քիչ է, որովհետև քարոզչական գործունեությունը, որ իրականացնում են եկեղեցականները, նաև քարոզչական այնպիսի միջոցները, որոնցից են հեռուստա և ռադիո հաղորդումները, տալիս են իրենց արդյունքները:

Արտագաղթողների մեջ շատ են ակտիվ հավատացյալները, ովքեր արդեն եկեղեցի կհաճախեն Հայաստանից դուրս, իսկ այստեղ, ովքեր մինչ այդ պասիվ էին հոգևոր-եկեղեցական կյանքում, քարոզչության շնորհիվ դառնում են ակտիվ հավատացյալներ: Եվ դա է պատճառը, որ հատկապես մեծ տոներին մեր եկեղեցիները միշտ լի են լինում բազմաթիվ հավատացյալներով:

 image20Պասիվությունը կրոնական կյանքում նշանակո՞ւմ է, որ մարդիկ ընդհանրապես կորցրել են իրենց վստահությունը կրոնի հանդեպ:

Պասիվությունը նշանակում է, որ մարդիկ ավելի շատ հետաքրքրվում են այլ արժեքներով, որոնք նյութական են և անցողիկ: Երբ մարդը նյութականը վեր է դասում մնացած ամեն ինչից, նա, ինչպես ասում է Քրիստոս, ծառայում է ոչ թե Աստծուն, այլ մամոնային (Մատթ. 6.24, Ղուկ. 16.13): Այսինքն` միայն նյութականի վրա կենտրոնանալը վնասում է հավատքը և մարդուն հեռացնում կրոնական բարձր արժեքներից:

Քրիստոս չմերժեց նյութականի կարևորությունը մարդու կյանքում: Այս տեսակետից կարող ենք նույնիսկ ասել, որ քրիստոնեությունն անգամ նյութական, մատերիալիստական կրոն է, քանի որ Աստված, որ հոգի է, մարդացավ` նյութականացավ, Աստված ստեղծեց ոչ միայն հոգևոր, երկնային աշխարհը, այլև այս երկիրը, նյութական աշխարհը, տիեզերքը:

Քրիստոս «Հայր մեր» աղոթքի մեջ սովորեցրեց աղոթել հանապազօրյա հացի համար (Մատթ. 6.11, Ղուկ. 11.3), ուտելիքի բազմացումով կերակրեց բազմաթիվ մարդկանց (Մատթ. 14.17-21, 15.32-38, Մարկ. 6.41-44, 8. 1-10, Ղուկ. 9.13-17, Հովհ. 6.9-13), սակայն սովորեցրեց նախ և առաջ խնդրել Աստծո արքայությունը, կամքը և Նրա արդարությունը (Մատթ. 6.10, 33, Ղուկ. 11.2): Երբ խախտվում է այս հերթականությունը, և մարդը նյութականը վեր է դասում մնացյալ առավել արժեքավոր իրողություններից, վնասում է իր հավատքը: Հետևաբար, կրոնի հանդեպ վստահության պակասի խնդիրը նախ պետք է տեսնել մարդու անհատական կյանքի դիտարկումով: