ԵԿԵՂԵՑԻՆ ՈՒ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋՆԱԴԱՐՈՒՄ ԵՎ ԱՅՍՕՐ

Միջնադարյան Եկեղեցին դեմ էր գիտությանը և մահվան էր դատապարտում քիմիկոսներին, աստղագետներին, Եկեղեցու տեսակետներին հակադրվող գիտնականներին: Ինչպիսի՞ն է այսօրվա մոտեցումը:

Միջնադարում գիտության դեմ Եկեղեցու հանդես գալն իրականություն է Կաթոլիկ Եկեղեցու պարագայում: Հայ Առաքելական Եկեղեցու պատմության մեջ երբեք չեն եղել ինկվիզիցիայի խարույկներ, առաջադեմ գիտնականների, մտածողների հալածանքներ, ընդհակառակը, Հայ Եկեղեցին էր հովանավորն ու օրրանը գիտության:

Երբ ասում ենք, որ Կաթոլիկ Եկեղեցին հալածում էր ու մահապատժի դատապարտում գիտության գործիչներին, պետք է նկատի ունենանք Եկեղեցին ոչ թե եկեղեցաբանական իմաստով, քանզի Եկեղեցին սուրբ է և սրբարար, այլ Կաթոլիկ Եկեղեցում մեծ իշխանություն ունեցող հոգևորականներին:

Բարձրաստիճան հոգևորականներ, վախենալով, որ գիտական միտքը կարող է կասկածի տակ դնել Կաթոլիկ Եկեղեցու այդ ժամանակի պատկերացումներն ու ուսուցումները և դրանով իսկ նվազեցնել իրենց ազդեցությունը հասարակության վրա, ջանում էին ամեն կերպ լռեցնել տարբեր գիտնականներին` նրանց չարչարանքների մատնելով, մահապատժի ենթարկելով:

Կաթոլիկ Եկեղեցու միջնադարյան պատմության խայտառակ իրողությունների համար Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդը հրապարակավ պաշտոնապես ներողություն խնդրեց ամբողջ աշխարհից: Այսօր Կաթոլիկ Եկեղեցին խրախուսում է գիտության առաջընթացն ու զարգացումը մարդկության բարօրության համար, հպարտությամբ ներկայացնում հանրահայտ հոգևորական գիտնականների անունները, ինչպես նաև այն գիտնականների մեծ ցանկը, ովքեր եղել են Կաթոլիկ Եկեղեցու անդամներ և կամ այսօր Կաթոլիկ Եկեղեցու հավատարիմ հետևորդներն են: