ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԵՊԻ ԵՐԿԻՆՔ ԲԱՐՁՐԱՑՈՂ ԳԱՂՏՆԻ ՃԱՄՓԱ ՄԸ ՈՒՆԻ

ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ

Եկեղեցին Հայկական, ծննդավայրն է հոգվույս,

Ինչպես քարայր մ’ընդարձակ, պարզ ու խորհուրդ, մութ ու լույս,

Իր գավիթովն հյուրընկալ, իր լայն բեմով, ու հեռուն,

Կանգնած իր լուռ խորանով, որ կարծես նավ մ’ է ծըփուն . . :

 

Եկեղեցին Հայկական ես աչքըս գոց կտեսնեմ,

Ու կշնչեմ, կլսեմ` իր Հիսուսով մանկադեմ,

Իր սեղանեն մխացող քուլա – քուլա խունկերով,

Եվ իր պատերը ցնցող աղոթքներով ալեխռով . . . :

 

Եկեղեցին Հայկական մեծ վարագույն մ’ է բանված,

Որուն ետև, սըկիհին մեջ, կիջնե Ի՛նքը Աստված,

Որուն առջև` գլխահակ կուգա իմ ազգըս ամբողջ

Հաղորդվիլ անցյալին հաց ու գինվով կենսառողջ:

 

Եկեղեցին Հայկական ծովուն դիմաց ալեկոծ

Նավահանգիստ մ’ է խաղաղ, ցուրտ գիշերին` հուր ու բոց,

Ու տփռակեզ ցերեկին անտառ մըն է ստվերոտ,

Ուր շուշաններ կծաղկին Շարականի գետին մոտ:

 

Եկեղեցին Հայկական մեն մի քարին տակ գետնի

Դեպի երկինք բարձրացող գաղտնի ճամփա մը ունի.

Եկեղեցին Հայկական հայ հոգիին և մարմնույն

Զըրահանդերձ է փայլուն, մինչ իր խաչերն են դաշույն,

Եվ զանգակներն են բոմբյո՛ւն, և երգն է միշտ հաղթություն . . .

Վահան Թեքեյան