ԵԿԵՂԵՑԻՆ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄԸ

Աշխարհում ստեղծված պատերազմական իրավիճակների հաղթահարման համար Եկեղեցին ի՞նչ է անում:

Եկեղեցին, միջեկեղեցական կազմակերպությունները, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հանդես են գալիս պատերազմներն ու ահաբեկչությունները դատապարտող հայտարարություններով, զգաստության, խաղաղության վերահաստատման կոչերով, պատերազմից տուժածներին, փախստականներին խնամելով, օգնություն ու զորակցություն տրամադրելով:

Հակամարտությունների խաղաղ կարգավորման համար Եկեղեցու սպասավորները նաև բանակցում են պատասխանատու կողմերի ներկայացուցիչների հետ, գործունեություն ծավալում միջկրոնական ասպարեզում` տարբեր կրոնների ներկայացուցիչների հետ ևս ջանքեր ներդնելու աշխարհում խաղաղության, ապահովության հաստատման համար:

Վերջին տասնամյակներում հայ ժողովրդին անմիջականորեն առնչվող ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար Հայ Առաքելական Եկեղեցու Կաթողիկոսները լուրջ ջանքեր են ներդրել: Ռուս Ուղղափառ Եկեղեցին նույնպես իր անմիջական գործուն սատարումն է դրսևորել արցախյան հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Երջանկահիշատակ Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ռուս Ուղղափառ Եկեղեցու պետ Ալեքսի Երկրորդի միջնորդությամբ հանդիպեց Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ: Այսպիսի հանդիպում ունեցավ նաև Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետության տարիներին այդ հանդիպումներն ու բանակցությունները շարունակվեցին կրկին Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Ալեքսի Երկրորդի, այնուհետ` Ռուս Եկեղեցու նորընտիր Պատրիարք Կիրիլի միջնորդությամբ:

Այդ հանդիպումների ընթացքում ստորագրվեցին և հրապարակվեցին կարևոր հայտարարություններ հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: 2010 թ. ապրիլի 26-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատվիրակությամբ մեկնեց Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու` մասնակցելու կրոնապետների համաշխարհային գագաթաժողովին, որտեղ իր խոսքում Նորին Սրբությունը վերստին բարձրաձայնեց արցախյան հարցը, աշխարհում խաղաղության հաստատման կարևորությունը: Վեհափառ Հայրապետը հանդիպեց նաև Ադրբեջանի նախագահին և իր հորդորը բերեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար:

Սա ցույց է տալիս, որ Եկեղեցին հոգևոր ասպարեզի միջոցով կարևոր ջանքեր է բերում պատերազմների դադարեցման, մարդկության կյանքում աստվածաշնորհ խաղաղության հաստատման առաքելության մեջ: Սակայն քրիստոնեական երկրներում Եկեղեցու սպասավորները նաև իրենց հոգևոր ծառայությունն են իրականացնում բանակում` քաջալերելու և զորացնելու զինվորներին, որպեսզի նրանք բարձր պահեն մարտական ոգին, մշտարթուն լինեն հայրենիքի, հավատքի, սրբազան արժեքների պաշտպանության նվիրական գործում և իրենց արիասիրտ ծառայությամբ պահապանները լինեն խաղաղության, կանխեն պատերազմի վերսկսման փորձերը:

Հավատքի զորացումով անպարտելի է դառնում ոգին և գովարժան սխրանքներ գործում: Ոմանք կարծում են, որ սպառազինությունների մրցավազքը և ռազմական ասպարեզում զենքի պաշարի կուտակումը կարող է վճռական լինել: Մինչդեռ առաջին հերթին հավատքն է հաղթական, ինչպես որ պատանի Դավիթը հավատքով զորացած և պարզունակ մի զենքով հաղթեց մեծ զենքերով զինված հսկա Գողիաթին, փրկեց ժողովրդին պատերազմի վտանգից, պահպանեց խաղաղությունը (Ա Թագ. 17.4-10, 40-52):