ԵԿԵՂԵՑԻՆ ԴԻԱԿԻԶՄԱՆ ՄԱՍԻՆ

2007 թ. փետրվարին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքը: Ինչպիսի՞ն է Հայ Առաքելական Եկեղեցու դիրքորոշումը դիակիզման վերաբերյալ:

Պետական օրենքների ընդունման պարագայում մի մտահոգիչ իրողություն է նկատվում: Այն օրենքները, որոնք վերաբերում են կյանքի հոգևոր կողմին, հավատքին ու հավատալիքներին, կարող են կազմվել և ընդունվել առանց Եկեղեցու հետ սկզբնական խորհրդակցության, քննարկման և երբեմն նույնիսկ առանց Եկեղեցու համաձայնության:

Կրոնական փոքրամասնությունների` աղանդավորների պարագայում պետությունը զգուշավոր մոտեցումներ է ցուցաբերում` նկատի առնելով նրանց կրոնական համոզմունքները, որպեսզի չլինի թե մեղադրվի կրոնական փոքրամասնության հանդեպ խտրականություն դրսևորելու և հալածանքի մեջ: Սակայն համապատասխան օրենքներ ընդունելիս առավելաբար պետք է հաշվի առնել մարդկանց կրոնական ընկալումները, սովորույթները:

Տարբեր ուսումնասիրություններ հայաստանյան և օտարերկրյա մասնագետների կողմից ցույց են տալիս, որ Հայաստանի բնակչության իննսուն տոկոսը և ավելին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անդամներ են, որով և բնակչության մեծ մասին վերաբերող, հոգևորին առնչվող օրենքներ ընդունելիս պետությունը պետք է հաշվի նստի Հայ Եկեղեցու կարծիքի հետ, ինչպես որ վարվում է աղանդավորների պարագայում: Օրինակ` Եհովայի վկաների առնչությամբ, նկատի ունենալով նրանց կրոնական համոզմունքները, պետությունն օրենք է ընդունում զինվորական ծառայությունը փոխարինելու այլընտրանքային ծառայությամբ, խղճի ազատության օրենքով որոշակի լիազորություններ են տրվում կրոնական բնույթի խմբակցություններին:

Այսպիսի զգուշավոր մոտեցում սկսեց դրսևորվել հատկապես այն բանից հետո, երբ Եհովայի վկաները դատական հայտ ներկայացրին ընդդեմ Հայաստանի Հանրապետության և պետությունը ստիպված Եվրադատարանի կայացրած որոշումով այդ աղանդին վճարեց հարյուր հազար եվրոյից ավելի գումար պետական գանձանակից, այն գանձանակից, որի կայացման համար մենք` այս երկրի քաղաքացիներս, մշտապես հարկեր ենք վճարում:

Ճիշտ է, ՀՀ սահմանադրությամբ ընդգծված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու` որպես ազգային Եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում, նաև Եկեղեցի-պետություն հարաբերությունների շրջագծում պետությունը բավականին աջակից է Եկեղեցու գործունեությանը, սակայն կարևոր օրենքների ընդունման մեջ լինում է, որ շրջանցվում է Եկեղեցու կարծիքը: Այդպես եղավ և՛ Եհովայի վկաների պետականորեն գրանցման, և՛ «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքների ընդունման դեպքում, ինչպես նաև գենդերային օրենքի նախագծի ստեղծման գործընթացներում:

Եհովայի վկաներին պետական գրանցում տալու առնչությամբ այն ժամանակվա արդարադատության նախարարն ուշադրություն չդարձրեց հոգևորականների բողոքներին, Հայ Առաքելական Եկեղեցու դեմ լինելուն և վստահեցնում էր, որ դա պետք է իրականացվի, քանի որ դրանով իբր ավելի մեծ հնարավորություն է ընձեռվում նրանց գործունեությունը վերահսկելու: Այդ ժամանակ մեզ չէր ասվում, որ մեր հարևան երկրներից Վրաստանը մերժել է այդ աղանդի պետական գրանցումը և նույնիսկ ավելին` այնտեղ չէին ընդառաջում նաև Հայ, Ուղղափառ, Կաթոլիկ Եկեղեցիների գրանցման խնդրանքին: Լայնորեն չէր լուսաբանվում նաև, որ եվրոպական որոշ երկրներ նույնպես արգելել են Եհովայի վկաների գրանցումը` դա նպաստավոր չհամարելով պետության համար:

Եվ այսօր պարզվում է, որ Հայաստանում այդ աղանդը գրանցելու համար ներկայացված հիմնավորումներից մեկը նույնպես ձևական է եղել` նրանց գործունեությունը վերահսկելը, քանի որ այդ աղանդավորները շարունակում են տնից տուն մտնելով քարոզել` խախտելով Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքը, ըստ որի` իրավունք ունեն քարոզչություն իրականացնել միմիայն իրենց համայնքի ներսում: Ահա այսպես եղավ նաև դիակիզարաններին առնչվող օրենքի ընդունումը:

Դիակիզման առնչությամբ Եկեղեցու պաշտոնական տեսակետի վերաբերյալ պետք է ասել հետևյալը: Այսօր ոչ մի հոգևորական հատկապես արդիական հարցերի ու խնդիրների վերաբերյալ չի կարող արտահայտել Հայ Առաքելական Եկեղեցու պաշտոնական տեսակետները, որովհետև դրանք բանաձևված և արձանագրված չեն. սոցիալական հայեցակարգի կազմումն ընթացքի մեջ է: Յուրաքանչյուր եկեղեցական արտահայտում է իր կարծիքը, որով կարելի է ներկայացնել Եկեղեցու դիրքորոշումը, եթե այն հստակ է:

Այս պարագայում ևս կարող ենք հստակորեն արտահայտել Հայ Առաքելական Եկեղեցու դիրքորոշումը դիակիզման վերաբերյալ, քանի որ խնդիրը բավականին քննարկվել է: Դիրքորոշումը հետևյալն է` Հայ Առաքելական Եկեղեցին չի խրախուսում դիակիզումը: Այն լայնորեն ընդունելի չէ, որովհետև չի համապատասխանում հայոց կյանքում քրիստոնեական ընդունված հավատալիքներին, ավանդույթներին, ծիսաարարողական կարգին:

Գերեզմաններում բոլոր հանգուցյալները թաղված են դեմքով դեպի արևելք, այսպես նաև հուղարկավորության ժամանակ ննջեցյալին տանը կամ եկեղեցում դեմքով դեպի արևելք են դնում: Քրիստոս ասաց, որ երկրորդ գալստյան ժամանակ գալու է արևելքից (Մատթ. 24.27): Դրա համար էլ ննջեցյալներին դեմքով դեպի այդ կողմն ենք թաղում, որպեսզի Երկրորդ գալստյան ժամանակ գերեզմանից հարություն առնեն դեմքով դեպի Փրկիչը:

Դիակիզման պարագայում այս ամենը կիրառել հնարավոր չէ, որովհետև մոխրի մեջ չի կարելի որոշել՝ որտեղ է գլուխը, դեմքը, որտեղ` ոտքերը: Բացի դրանից, քրիստոնեության մեջ մահացածներին կոչում են ննջեցյալներ, որովհետև հավատում ենք, որ մահացածը չի ոչնչացել, այլ կարծես ննջել է, ողջ է հոգով և մեռյալների հարության ժամանակ նաև մարմնապես պիտի արթնանա, հարություն առնի: Եվ հուղարկավորության ժամանակ մահացածի մարմինը ևս ննջեցյալ, ննջած լինելու իրողությունն է ցույց տալիս: Մինչդեռ դիակիզման ժամանակ ննջած լինելու այդ պատկերացումը ջնջվում է, մարդն արդեն դառնում է ոչ թե ննջեցյալ, այլ մոխրացյալ, և արդեն պետք է խոսենք ոչ թե ննջեցյալների, այլ մոխրացյալների մասին: