ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԵՎ ԳԵՐԵԿԵՂԵՑԻ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԻՏՈՒՄԸ

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ (ԵՀԽ) և Էկումենիզմ. շատերն այն դիտարկում են նաև որպես միջկրոնական երկխոսություն և համագործակցություն, սակայն արդյո՞ք ԵՀԽն գերեկեղեցի չէ մեծ հաշվով` հիմնված բոլոր Եկեղեցիները միավորելու նպատակով ստեղծած մեկ ընդհանուր գաղափարի վրա:

Էկումենիկ շարժումն ունի ինչպես համակրողներ, այնպես էլ հակակրողներ: Կան Եկեղեցիներ, հոգևորականներ, որոնք խիստ դեմ են Էկումենիկ շարժմանը, քանի որ կարծիքներից մեկով, այն միտում ունի վերածվելու գերեկեղեցու` դավանաբանությունների, փորձառության, ավանդությունների խառնուրդ ներկայացնելով:

Չնայած որ ԵՀԽն իր հայտարարություններից մեկում նշել է, որ նպատակ չկա գերեկեղեցի կազմելու, այլ քրիստոնեական միությունն ու միասնությունը հաստատելու ջանքեր են գործադրվում, այնուամենայնիվ, Վրաց Ուղղափառ Եկեղեցին 1997 թ., Բուլղար Ուղղափառ Եկեղեցին 1998 թ.դուրս եկան ԵՀԽ-ի անդամությունից:

Այս դեպքերից հետո Ռուս և Սերբ Ուղղափառ Եկեղեցիների նախաձեռնությամբ Թեսաղոնիկում 1998 թ. Ուղղափառ Եկեղեցիների ներկայացուցիչների հանդիպում կազմակերպվեց` ԵՀԽ-ից Վրաց Եկեղեցու դուրս գալու կապակցությամբ` ի մասնավորի քննարկելու նաև յոթ տարին մեկ գումարվող ԵՀԽ-իհերթական 1998-99 թթ. Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեում ութերորդ գլխավոր համագումարին մասնակցության հարցը:

ԵՀԽ-ի գլխավոր համագումարին նախորդող Ուղղափառ Եկեղեցիների այդ հանդիպման ընդունած փաստաթղթում արձանագրված էր, որ հաճախ ԵՀԽ համագումարներին, ինչպես օրինակ 1991 թ. Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերրայում ԵՀԽ յոթերորդ գլխավոր համագումարին, 1992 թ. Կենտրոնական կոմիտեի նիստերում ուղղափառ պատգամավորները վճռական դիրքորոշում են որդեգրել Աստվածաշնչի համար գործածվող ինկլուզիվ` ներառական լեզվի դեմ, որը 20-րդ դարի 70-80-ականներին արդեն մշակվել էր ֆեմինիստների կողմից. այն դերանունների և այլ խոսքի մասերի հավաքածու է` սեռը չարտահայտելու համար, և այս հնարքով արդեն բավականին Աստվածաշնչեր են լույս տեսել:

Սրանցում Ծննդոց Գրքում Եվան կոչվում է ոչ թե Ադամի օգնական, այլ գործակից, հնարավորինս փոխված են այն բառերն ու արտահայտությունները, որոնք սեռ կարող են հատկանշել հատկապես Աստծո պարագային և այլն: Այս ժողովներում բացի Աստվածաշնչի ներառական լեզվին դեմ լինելուց, ուղղափառները հանդես են եկել կանանց ձեռնադրության, սեռական փոքրամասնությունների իրավունքների հետ կապված անընդունելի դիրքորոշումների դեմ:

Սակայն այդ հարցերով նրանց հայտարարություններն ընդունվել են որպես փոքրաթիվների հայտարարություն, քանի որ բողոքականներն են մեծ թիվ կազմում ԵՀԽ-ում, որով և ուղղափառները չեն կարողանում ազդել համապատասխան գործընթացների և ԵՀԽ-ի բարոյական բնույթի վրա:

Արդյունքում Ուղղափառ Եկեղեցիները ԵՀԽ-ին հայտարարեցին, որ ԵՀԽ-ին ուղղափառության անդամության ներկա ձևն իրենց այլևս բավարար չէ, և եթե ԵՀԽ-ի կառույցներն արմատականորեն չփոխվեն, ապա Ուղղափառ Եկեղեցիները նույնպես դուրս կգան ԵՀԽ-ից, ինչպես դա արել է Վրաց Ուղղափառ Եկեղեցին: Այնուամենայնիվ, Ուղղափառ Եկեղեցիները դեռ շարունակում են ԵՀԽ-ի անդամ լինել: