ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԸ ԴԱՎԱՆԱՆՔԻ ՀԵՏ

Եկեղեցու ճարտարապետական դիմագիծը կարո՞ղ է ուղիղ կապ ունենալ հավատքի, դավանանքի ուղղության հետ:

Եկեղեցական կառույցներն արտահայտությունն են նաև տվյալ ժողովրդի կրոնական դավանության, հոգևոր ապրումների ու ըմբռնումների: Մեր եկեղեցիները համեմատաբար ավելի պարզ են, երբեմն ավելի ցածր, քան եվրոպական հսկայական տաճարները: Հայկական եկեղեցիներում մարդը չի փոքրանում եկեղեցական շինության մեծության ու բարձրության մեջ, այլ Աստծո տուն մուտք գործած լինելու տպավորությունն է ունենում:

Ուղղափառ կամ կաթոլիկ դավանության եկեղեցիները հաճախ լինում են խիստ բարձր և երբեմն նույնիսկ ծանրաբեռնված պատկերաքանդակներով ու արձաններով թե՛ եկեղեցու արտաքին պատերին և թե՛ եկեղեցու ներսում: Այստեղ մարդն ավելի փոքր է թվում եկեղեցու հսկա տարածության մեջ: Բացի դրանից, այդ եկեղեցիներին հատուկ է շքեղազարդումը, որը երբեք մաս չի կազմել հայ եկեղեցական ճարտարապետության: Հայկական եկեղեցիները, կարելի է ասել, իրենց մեծությունն ու վեհությունը ցույց են տալիս իրենց պարզության մեջ:

Այսօր, իհարկե, եկեղեցական ճարտարապետությունը նաև արդիական կառույցներ է կերտում, և աշխարհի տարբեր երկրներում, ավանդական Եկեղեցիներից առավելաբար Կաթոլիկ Եկեղեցում կարող ենք տեսնել արդիական ճարտարապետության դրսևորումներ, ինչը, սակայն, չի արվում եկեղեցական ճարտարապետության ավանդական ըմբռնմանը դեմ գնալու հաշվին:

Ներկայումս հայ եկեղեցական ճարտարապետությունը ևս կարող է զարգացումներ ապրել, նորովի եկեղեցական շինությունների նախագծեր ներկայացնել նոր, արդիական լուծումներով, բայց հավատարիմ մնալով հայ ճարտարապետության նվիրագործված ավանդույթներին:

Ինչո՞ւ են եկեղեցիների շենքերը շքեղ, լի բազում խորհրդանիշներով, այլ ոչ` հասարակ ու համեստ:

Մեր եկեղեցիները համեստ կառույցներ են, եթե համեմատենք օրինակ Քյոլնի կաթոլիկ տաճարի, Միլանի տաճարի, Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի կամ ռուսական հայտնի եկեղեցիներից Մոսկվայի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հետ:

Այս եկեղեցիներում հաճախ սովորություն կա ճոխ սրբապատկերների, ոսկե զարդերի, ոսկեջրած գմբեթների օգտագործման, ինչը հատուկ չէ մեր եկեղեցական կառույցներին: Այս իմաստով մեր եկեղեցիները համեստ են, բայց ճոխ են իրենց ճարտարապետական հորինվածքի և ինքնատիպության մեջ:

Եկեղեցում զետեղված առարկաները խորհրդանշաններ են, որոնք պատկերում են Քրիստոսի խաչը, հիշեցնում երկնային արքայության, հանդերձյալ կյանքի, անդրաշխարհյան իրողությունների մասին: Այդ խորհրդանշաններն օգնում են նաև հավատացյալներին սովորական կենցաղային առարկաներից անցնել դեպի հավերժություն պատկերող առարկաները և եկեղեցում աղոթելիս չշեղվել առօրյա մտածմունքների պատճառով ու հոգու խորին ապրումով զրուցել Աստծո հետ: