ՊԱՏԿԵՐ ԵՎ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ. ԵԹԵ ՄԵԿԸ ՔՈ ԱՋ ԾՆՈՏԻՆ ԱՊՏԱԿ ՏԱ

ԵԹԵ ՄԵԿԸ ՔՈ ԱՋ ԾՆՈՏԻՆ ԱՊՏԱԿ ՏԱ, ՆՐԱՆ ՄՅՈՒՍՆ ԷԼ ԴԱՐՁՐՈՒ (Մատթ. 5.39)

Այս խոսքը նախ պետք է հասկանալ միջանձնական հարաբերությունների նկատառումով: Սուրբ Եփրեմ Ասորու մեկնության համաձայն` Քրիստոս այս պատվիրանով մարդկանց մեկ աստիճանով վեր բարձրացրեց Օրենքից և ճշմարտությունից: Մովսեսը պատվիրելով «աչքի փոխարեն` աչք, ատամի փոխարեն` ատամ» (Ելք 21.23-24, Մատթ. 5.38), սրանով միևնույն ժամանակ պատվիրեց որևէ մեկին անարդարացիորեն չհարվածել, որով մարդուն բարձրացրեց ճշմարտության աստիճանին, իսկ Քրիստոս մարդուն բարձրացրեց շնորհի աստիճանին:

Եթե քեզ մեկը խփում է, դու նրանից վրեժ լուծելու օրինական իրավունք ունես` ըստ Հին Կտակարանի, սակայն Եփրեմ Ասորին ասում է. «Մեծ պարգև է նրա  համար, ով անարդարացիորեն չի ապտակում, բայց առավել մեծ պարգև է նրա համար, ով ապտակին պատասխանում է ապտակով շնորհի մեջ (այսինքն` գործողությամբ չի ապտակում)»։ Ըստ Եփրեմ Ասորու` թշնամիներին սիրելու պատվիրանը նախ տրվեց ոչ թե թշնամիների, այլ մեզ համար:

Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է, որ մյուս երեսը դարձնելը հզոր միջոց է թշնամուն կատարելապես հաղթելու, որով իրապես թշնամին փոխվում է դառնում բարեկամ և նույնիսկ հավատարիմ ծառա: Սակայն Քրիստոսի այս պատվիրանը պետք է կատարել ոչ թե թշնամուն ծառայի վերածելու ցանկությամբ, այլ ճիշտ կերպով վարվելու նախանձախնդրությամբ: