ՊԱՏԿԵՐ ԵՎ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ. ԵԹԵ ՄԵԿԸ ՔԵԶ ԴԱՏԻ Է ԿԱՆՉՈՒՄ

«Եթե մեկը քեզ հետ խնդիր ունի և քեզ դատի է կանչում, մինչ նրա հետ դեռ ճանապարհին ես, եղի՛ր իրավախոհ կանխավ. գուցե նա քեզ դատավորին հանձնի, և դատավորը՝ դահճին, ու դու բանտ նետվես: Ճշմարիտ եմ ասում քեզ, այնտեղից դուրս չես գա, մինչև չվճարես վերջին դահեկանը: Եթե մեկը քեզ հետ խնդիր ունի և քեզ դատի է կանչում, մինչ նրա հետ դեռ ճանապարհին ես, եղիր իրավախոհ կանխավ»  (Մատթ. 5.25-26):

Քրիստոս  ասում  է,  որ քեզ  դատի  կանչողի  հետ դեռ  ճանապարհին  իրավախոհ  եղիր, հաշտվիր:  Ըստ  Սուրբ Հովհան Ոսկեբերանի`  հաշտվելն  անհրաժեշտ է,  որովհետև   քանի դեռ  դատարան  չես  մտել,  քո  տերը  դու  ես. դատարան  մտնելուց  հետո  դու  այլևս  քո տերը  չես, այլ արդեն ենթակա ես դատավորի և դատարանի կարգադրություններին:

Եկեղեցական հեղինակներից Օգոստինոսն այս ավետարանական հատվածն այլաբանական է համարում: Նա այստեղ իբրև հակառակորդ (մարդու մեղսալի ընթացքին)  հասկանում է Աստծո պատվիրանը, ճանապարհը` այս կյանքը, ինչը նշանակում է, որ այս կյանքում պետք է ապրել Աստծո պատվիրաններն իրագործելով։

Ըստ Ստեփանոս Սյունեցու՝ մարդն այս կյանքում պետք է հաշտվի  Աստծո պատվիրանի հետ, որպեսզի հետագայում չդատապարտվի: