ԴՐԱԽՏ ԵՎ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ

«Դրախտ» բառը մեր մարդկային մտածողության մեջ համարժեք է դարձել երջանկություն և երանություն բառերին: Եվ դրախտի կորուստը մարդկության համար կարծես թե անխախտ և անփոփոխ երջանկության ու երանության կորուստն էր: Ըստ մի մտածողի շատ հետաքրքիր սահմանումի` երջանկությունը մարդու կոչումն է: Իրոք, եթե դիտենք ինքներս մեզ և մյուս մարդկանց, կնկատենք, որ մեր և մնացած բոլորի ողջ կյանքի որոնումներն ու փնտրտուքներն ունեն միայն մեկ նպատակ` երջանկություն:

Եվ չնայած մեր բոլոր ջանքերին` շատերիս հաճախ այնպես է թվում, թե այդպես էլ չենք կարողացել հասնել մեր երազած երջանկությանը: Եվ կարծես թե Ադամից ժառանգաբար մեզ է փոխանցվել ոչ միայն անհնազանդության ադամական մեղքը, այլև դրախտային երջանկության կամ երանության կորստի ցավը և այն վերագտնելու տենչալի բաղձանքը: Երբեմն մենք, հոգնելով կյանքի առօրյայից ու միապաղաղությունից, հոգսերից ու դժվարություններից, ինքներս մեզ ասում ենք. «Այնպես կուզեի, որ դրախտում լինեի»:

Բայց միևնույն ժամանակ մեր մտքի մեջ դրախտը պատկերվում է իբրև հեքիաթային կանաչ տարածություն` մեղմ ու շոյող քամուց հեզությամբ այս ու այն կողմ օրորվող գեղեցիկ ծառերով, իրենց գեղեցիկ գլխիկները սիրահարների նման միմյանց մոտեցնող և տարածության մեջ բազմերանգ գույներ սփռող սքանչելի ծաղիկներով: Ահա թե մոտավորապես ինչ ենք պատկերացնում մենք, երբ արտասանում ենք «դրախտ» բառը: Բայց ամեն տեղ էլ խոտեր, ծառեր և ծաղիկներ կան, և մենք էլ շատ անգամներ ենք այդպիսի վայր տեսել կամ նման տեղում հանգստացել, սակայն ոչ մի անգամ մենք չենք զգացել, թե ինչ է դրախտը:

Եվ եթե նույնիսկ հիանալի տրամադրություն ունեցող մեկի համար բնության այդ գեղեցիկ տեսքը կարող է հեքիաթային թվալ, ապա դառը դժբախտություն ճաշակած և հոգու խորքում նոր բացված վերք ունեցող մեկին այդ ամենը կարող է միայն մռայլ մի տեսարան երևալ: Հետևաբար, դրախտը դրախտ էին դարձնում ոչ թե խոտերը, ծառերն ու ծաղիկները, այլ` աստվածային ներկայությունը:  Եվ երջանկության մեր ձգտումը կամ դրախտի տենչանքը, ինչքան էլ որ ինքներս չգիտակցենք դա, այնուամենայնիվ, աստվածային ներկայության ներքին և հոգևոր փափագն է, մի ներկայություն, որը մեզ բերում է հոգու անդորրություն, խաղաղություն և ներդաշնակություն:

Իսկ ի՞նչ է երջանկությունը, եթե ոչ` հոգու խաղաղ և ներդաշնակ վիճակ: Բայց մենք ինչպե՞ս կարող ենք զգալ` սիրու՞մ ենք Աստծուն, թե՞ ոչ, և այդ սիրո պատճառով արդյո՞ք Աստված բնակվում է մեր մեջ: Սերը մի այնպիսի զգացմունք է, որը կարելի է միայն զգալ սրտի որոշ թրթիռներով և սրտի բոցավառ ջերմությամբ: Սակայն այսօր մեր սրտերը կարծես ընդդարմացել են, և շատ բան ինքներս չենք կարողանում զգալ: Այդ անզգայության հիմնական պատճառներից մեկն այն է, որ մենք այսօր ավելի շատ շփվում ենք անշունչ առարկաների հետ, իսկ մարդկանց հետ մեր հարաբերություններն էլ իջեցրել ենք սխալ մակարդակի վրա:

Երբեմն մեզանից ոմանք ցանկանում են զգալ Աստծո հանդեպ իրենց սրտի ջերմությունը, սրտի այնպիսի երանելի ջերմություն, որն ունենում է սիրահարված մարդը: Սառած կամ անզգայացած սրտերը վերստին զգայուն դարձնելու և մեր մեջ աստվածային բնակությունը հաստատապես իմանալու մասին Հակոբոս առաքյալն իր ընդհանրական թղթում ասում է. «Եթե միմյանց սիրենք, Աստված բնակվում է մեր մեջ, և Նրա սերը մեր մեջ կատարյալ է» (Ա Հովհ. 4.12):

Հետևաբար, եթե միմյանց սիրում ենք, Աստված բնակվում է մեր մեջ անկախ նրանից մենք դա երբեմն զգում ենք, թե ոչ, և սրտերը զգայուն դարձնելու պայմանն էլ առաքյալը շեշտում է` եթե միմյանց սիրենք: Այս պայմանը ենթադրում է ատելության բացակայություն, որովհետև եթե մեկն ատում է կամ արհամարհում է իր եղբորը, իր հարազատին կամ իր բարեկամին, որոնց տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսնում (Ա Հովհ. 4.20 ):