ԴՈՒՔ ՁԵՐ ՄԱՍԻՆ

Դուք Ձեր մասին ձևավորված կարծիք ունեք: Այդ կարծիքը որոշ չափով կարող է նմանվել հարազատների, շրջապատի կարծիքներին կամ տարբերվել դրանցից: Տրամաբանական է թվում, որ Ձեր մասին Ձեր մտածումները շատ ավելի ճշգրիտ կլինեն, քան ուրիշներինը, որովհետև ինքներդ Ձեզ, Ձեր ներաշխարհն ու բնավորությունը շատ ավելի լավ եք ճանաչում: Բայց իրականությունը բոլորովին այլ է: Հաճախ Ձեր տեսակետը Ձեր մասին կարող է առավել սխալ լինել, քան շրջապատի տպավորությունը: Սեփական անձի վերաբերյալ կազմված տեսանկյունին Դուք ամեն օր ավելացնում եք նոր եզրահանգումներ՝ կապված մարդկանց հետ հարաբերությունների, դեպքերի ընթացքի հետ:

Անձնական բնութագրի առնչությամբ դիտարկումների համեմատական ճշգրտությունը կարելի է որոշել այն իրողությունից, թե Ձեր մասին ինքներդ Ձեզ հետ խոսելով ինչպիսի բառապաշար եք օգտագործում՝ դրակա՞ն, չեզոք-պատմողակա՞ն, թե՞ բացասական: Մեծ թվով մարդիկ հակված են չափազանցված ինքնաքննադատության, ներքին խոսակցության մեջ սեփական անձի մասին մտքում հնչող դատողություններում առավելաբար բացասական բառապաշար օգտագործելու: Այդ բացասական բառապաշարի դրսևորումները կարող են ի հայտ գալ կենցաղային սովորական անցուդարձից մինչև գործնական լուրջ իրադարձություններ:

Բացասական բառապաշարով հետևյալ սխալ դրսևորումները կարող են լինել: Մեկը չբարևեց, ուրեմն, վիրավորված է ինձանից կամ ինձ արժանի չի համարում իր հետ շփվելու: Մեկը խիստ հայացքով նայեց, ուրեմն, ինչ-որ բանով իրեն դուր չեմ գալիս: Հավաքույթում կամ մի խմբում քիչ հեռու կանգնած մեկը քո կողմը նայելով ծիծաղեց, ուրեմն, հաստատ քեզ վրա է ծիծաղում, և ծիծաղելի ինչ-որ թերություն կա վրադ: Մեկի հետ խոսելիս սպասվածի համեմատ բարեհամբույր պատասխան չստանալը, ուրեմն, նշանակում է որ քեզ հակակրում են կամ ստորակարգ համարում:

Այսպիսի դեպքերում բոլորի գործողությունները դիտվում են սեփական թերարժեքությամբ պայմանավորված՝ «ես արժանի չեմ», «ես ավելի ցածր եմ», «ես թերություն ունեմ», «ես այնքան էլ լավը չեմ» սխալ պատկերացումներով: Մինչդեռ Ձեզ չբարևելը կարող է լինել մեկի կողմից դիմացինին չնկատելու փաստ, մտքերի մեջ գտնվելու երևույթ, խիստ հայացքով նայելը՝ Ձեզ հետ անմիջականորեն ոչ մի կապ չունեցող, տվյալ անձի՝ մտահոգության մեջ լինելու իրողություն, Ձեր կողմն ուղղված հայացքն ու ծիծաղը ամենևին Ձեզ չվերաբերող զվարճալի մի պատմության հիշատակում՝ պատահականորեն Ձեր ուղղությամբ նայվածքով, անբարեհամբույր թվացող պատասխանը՝ շտապողականության հետևանք կամ սովորական գործնական պատասխան:

Մտային-զգացական նման վիճակը չի կարելի շփոթել հոգևոր ոլորտի իրողությունների հետ, որտեղ գիտակից խոնարհության, հեզության վարմունքն է գովելի, քանի որ ուրիշի հանդեպ սիրով լցված մարդը չի կարող ամբարտավան, անհարգալից, արհամարող կերպով իրեն պահել փոխհարաբերությունների մեջ: Քրիստոս ասում է. «Ով իր անձը բարձրացնում է, կխոնարհվի. և ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրանա» (Մատթ. 23.12, Ղուկ. 14.11, 18.14): Անձը բարձրացնելու և խոնարհեցնելու մասին այս ուսուցումը գոռոզությունից, ամբարտավանությունից զերծ մնալու և այդպիսի խոնարհությամբ մարդկանցից պատվի արժանանալու մասին է: Սա գիտակից և ճիշտ վարմունքի հորդոր է, և ոչ թե՝ ինքնանվաստացման ու ինքնաստորակարգման մեջ լինելու պատվեր:

Քրիստոսի նշած վարվելակերպով մարդը կբարձրանա ոչ միայն շրջապատողների աչքում, այլև՝ Աստծո առաջ: Բայց առօրյա վարմունքներում ինքնադատությունը, սեփական անձի արժեզրկումը, որ կայանում են հատկապես ներքին խոսակցության մեջ օգտագործվող ժխտական բառերով, դրական խոսքերի անտեսումով, վնասում են մարդուն, նրա ապրելակերպը, գործողությունները, շփումները, նպատակասլացությունը, հաջողությունների ընթանալը: Վերստին անդրադառնանք, որ ժխտական բառերն ու մտածումները մեծ չափով արգելակում են մարդու լիարժեք ինքնադրսևորումը, ազատ ու բնական վարքագիծը, դարձնում կաշկանդված, գործողություններում ու խոսքերում՝ անինքնավստահ, երկչոտ, հեռացնում են հաջողությունից, նախաձեռնող լինելուց, վնասում առողջ հոգեբանությունը:

Աստվածաշնչից կարող ենք հիշել, որ Դավիթ մարգարեն ասում է. «Ես որդ եմ և ոչ թե մարդ» (Սաղմ.21.7): Նաև Պողոս առաքյալն է ասում. «Ես իսկ եմ առաքյալներից հետինը, առաքյալ կոչվելու արժանի չեմ» (Ա Կորնթ. 15.9), «ես եմ մեղավորների գլուխը [այսինքն՝ մեղավորներից առաջինը, գլխավորը, ամենամեղավորը]» (Ա Տիմ. 1.15): Այսպես նաև Սուրբ Գրիգոր Նարեկացին Մատյան ողբերգության մեջ նշում է. «Ես՝ գլուխս [գլխավորս] մեղավորների, առաջինս պատժապարտների, պատկերս հանցավորների» (Մատյան ողբերգության, Բան ԿԵ): Բայց պետք է նկատի ունենալ, որ մարդ-Աստված հարաբերություններում Աստծո հետ աղոթական հաղորդակցության մեջ մեղավոր զգալու վիճակը, մեղքերի համար զղջումն ու ապաշխարությունը, ինքնաքննադատությունն ու ինքնամեղադրանքը և Աստծուն ուղղված արդարության ու քավության, թողության աղաչանքը պետք է մնա հոգևոր կյանքի խորը անձնական ոլորտում:

Ապաշխարության հոգեվիճակը, Աստծո առջև մեղավոր լինելու գիտակցումը այլ է, այն չպետք է իջեցնել նաև կենցաղային հարաբերությունների ու գործունեության ոլորտ՝ վնասելով դրանք: Չպետք է հոգևոր տվյալ ապրումը հասարակ դարձնել տարածելով նաև կենցաղային առօրյայի վրա, մարդկանց հետ հարաբերություններում արհեստականորեն ստորադասվել և մեղավոր, զղջացող լինելու հոգեվիճակը, անտեղի անձը ճնշելը, վատաբանելը, ստորակարգվելը, ինքն իրեն տարբեր առումներով թերարժեք համարելը հաստատել որպես ճիշտ վարքագիծ: Սովորական, առօրյա գործունեության մեջ իր մասին մտորումներում անձի բացասական բառապաշարը արգելակում ու վնասում է ինքնազգացողությունը, հեռացնում համարձակությունը, հաջողության համար նախաձեռնությունները, կենսուրախությունը, մինչդեռ դրական մտածումը խթանում է արդյունալի ծրագրերի իրագործումը, ուրախալի փոխհարաբերությունները, ազատ ու լիարժեք զգալու ունակությունը:

Դուք Աստծո պատկերն եք, Նրա ստեղծագործության գլուխգործոցը: Ձեզ է Աստված պարգևում իր անսահման սերը, բարիքները, օրհնությունները, շնորհները: Ձեզ համար է բացել Երկնքի արքայության դռները, նվիրել հավիտենական կյանքը Քրիստոսի փրկագործությամբ: Ուրեմն, պետք է հեռու լինեք ինքնանվաստացման, թերարժեքության, հուսահատության դառնացնող զգացումներից և ներքին ինքնախոսակցության մեջ ինքներդ Ձեր վերաբերյալ դրական բառապաշար օգտագործելով հաստատեք Ձեր արժանապատիվ ու առաքինի կերպարը՝ նպատակադրվածության, խանդավառված լինելու, ձեռքբերումների հասնելու ոգևորության և նորանոր հաջողությունների համար: