ԴԻԱԿԻԶՈՒՄ ԵՎ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Հայ ժողովուրդը մահացած մարմնի նկատմամբ վերաբերմունքի ի՞նչ փուլեր է անցել մինչև թաղման կարգը որդեգրելը:

Պեղումները ցույց են տալիս, որ հայ ժողովրդի մոտ ավելի շատ տարածված է եղել հողի մեջ թաղումը, իսկ դիակիզումն ամենայն հավանականությամբ չի գործածվել, քանի որ այդ պարագայում պիտի լինեին համապատասխան մոխրային կուտակումներ, որպիսիք չեն հայտնաբերվել: Հրեաների մոտ, ի տարբերություն հայերի, կիրառվել է և՛ թաղումը հողի մեջ, ինչպես նաև թաղումը քարանձավում` դամբարանային թաղումները, բայց նաև` եգիպտացիների նման մարմնի զմռսումը:

Աստվածաշունչն ասում է, որ Աբրահամն ու նրա կին Սառան, Իսահակն ու նրա կին Ռեբեկան, Հակոբն ու նրա կին Լիան թաղվել են Քանանացիների երկրում` Մամբրեի կաղնու դիմաց գտնվող քարայրում, որն Աբրահամը գնել էր իբրև սեփական շիրմավայր (Ծննդ. 49.28-32): Եգիպտոսի կառավարիչ դարձած Հովսեփի կարգադրությամբ Հակոբ նահապետին, ըստ եգիպտական սովորության, զմռսել են, այնուհետ տեղափոխել` թաղելու Աբրահամի շիրիմը հանդիսացող քարայրում` Մամբրեի կաղնու դիմաց (Ծննդ. 50.26, 13):

Քրիստոսի թաղումը ևս դամբարանային բնույթի էր, որովհետև Տիրոջը դրեցին քարանձավում և մուտքի դուռը մեծ քարով փակեցին (Մատթ. 27.57-60, Մարկ. 15.43, 45-46, Ղուկ. 23.50-53, Հովհ. 19.38-42): Այսպես էր թաղված նաև Ղազարոսը (Հովհ. 11.38), որին Քրիստոս հարություն տվեց, և Ղազարոսը քարանձավից դուրս եկավ նմանատիպ թաղումների ժամանակ գործածվող պատանքով փաթաթված (Հովհ. 11.43-44):

Հրեաները կիրառում էին դամբարանային թաղումները, որից որոշ ժամանակ անց մահացածի ոսկորները դուրս էին բերում և թաղում հողի մեջ: Սա արվում էր այն հավատալիքի համաձայն, ըստ որի` քանի դեռ մահացած մարդու ոսկորներն առկա են, ապա նրա հոգին` եբրայերեն ռուահը, զորացյալ կլինի:

Ուղղափառ Եկեղեցիներում ևս դամբարանային թաղումները և հողի մեջ թաղումները զուգահեռաբար կիրառվել են` դամբարանային թաղումները վերապահելով առավելաբար հոգևորականներին: Միջնադարյան շատ ուղղափառ վանքերում մահացածների ոսկորները վանքերի ստորին հարկերում են զետեղվել, ինչպես նաև հատուկ անոթների մեջ են պահվել սրբակենցաղ վանականների կամ հոգևորականների գանգերը կամ ոսկորները: Այս ավանդույթն ուղղափառության մեջ մինչ այժմ էլ շարունակվում է:

Նաև Կաթոլիկ Եկեղեցում Կապուցինների միաբանության անդամները բարձրաստիճան հոգևորականներին զմռսում էին և իրենց եկեղեցական զգեստներով կանգնեցնում վանքի կամ եկեղեցու ստորին հարկերում գտնվող հատուկ խորշերում, որոնց այսօր էլ կարելի է ականատես լինել:

Կաթոլիկ Եկեղեցում այսօր էլ գործում է որոշ սրբերին չթաղելու, նրանց մարմիններն ի ցույց դնելու սովորույթը, ինչպես կաթոլիկ սրբերից Բեռնադեթի մարմինը Ֆրանսիայի հարավում գտնվող Լուրդի եկեղեցում կամ Հովհաննես 23-րդ պապի աճյունը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում: Հնդկական իրականության մեջ առավել շատ տարածված է եղել դիակիզումը, եգիպտացիների մոտ` դիակների զմռսումը և դամբարանային թաղումները:

Կարդալ նաև`