ԴԻԱԿԻԶՈՒՄ ԵՎ ԹԱՂՈՒՄ

Եթե մարդն ընտրել է դիակիզման մեթոդը, Հայ Առաքելական Եկեղեցին հրաժարվելո՞ւ է հոգեհանգստի և թաղման կարգը կատարելուց:

Եթե Հայ Առաքելական Եկեղեցու անդամներից մեկն ընտրի դիակիզումը, ապա մահից հետո նրա համար թաղման կարգ չի կատարվի, որովհետև այն արվում է ննջեցյալի աճյունի և ոչ թե մոխիրների առկայությամբ: Տվյալ դեպքում կատարվում է միայն հոգեհանգստյան արարողություն:

Մարդ կարող է նախընտրել դիակիզումը՝ իր պատկերացումներից ելնելով. ոմանք երբեմն մտածում են, որ ավելի լավ է դիակիզվել, քան մարմինը փտեցնել և որդերի կեր դարձնել: Այս պատկերացումով է Շեքսպիրի հերոսներից Համլետը պատասխանում թագավորի` սպանված սենեկապետի որտեղ գտնվելու մասին հարցին: Համլետն ասում է, որ նա ընթրիքի է, բայց ոչ թե այնտեղ, որտեղ ուտում են, այլ այնտեղ, որտեղ ուտվում են: Շեքսպիրյան հերոսի խոսքով մարդու կայսրը կերակրի տեսակից որդն է: Մենք պարարտացնում ենք կենդանիներին մեր ուտելու համար, և մեզ ենք պարարտացնում, որ հետո որդերի կերակուր դառնանք: Այսպիսով, գեր թագավորը և նիհար մուրացկանը մի սեղանի երկու տարբեր կերակուրներ են: Նույն մոտեցմամբ, ինչպես նշվում է «Համլետ» ստեղծագործության մեջ, մարդը կարող է ձուկ բռնել որդով, որը կերել է մի թագավորի և հետո ուտել ձկանը, որը կերել է այդ որդը:

Նմանատիպ պատկերացումները ոմանց դրդում են դիակիզումը նախընտրելուն: Սակայն մարդկանց պետք է ամբողջ ճշմարտությունն ասել դիակիզման մասին: Դիակիզումով խոշոր ոսկորները, գանգը չեն փոշիանում, դրանք մանրացնում են հատուկ սարքով: Եթե փորձենք մենք էլ ոսկորներ վառել, կտեսնենք, որ դրանք մանր փոշու, մոխրի չեն վերածվում, այլ վառվածը պետք է այդպիսին դարձնել: Եվ չնայած դիակիզարաններում շատ բարձր աստիճանի է հասցվում կրակը վառարաններում, այնուամենայնիվ, դա բավական չէ խոշոր ոսկորների մոխրացման համար:

Բացի դրանից դիակիզարանների խնդիրների շարքում նշվում է այն հանգամանքը, որ վառարանները հաճախ բավականին կեղտոտ են լինում՝ լցված մոխրով ու փոշիով: Միանգամյա օգտագործումից հետո կիզարանները պետք է լավ մաքրել, իսկ դա հնարավոր է տևական ժամանակ հետո, երբ դրանք սառչում են: Սակայն շատ դեպքերում մաքրում տեղի չի ունենում, որով և մի վառված դիակի մոխիրները խառնվում են հաջորդ վառվածի մոխիրների հետ: Ուրեմն, դիակիզարանների մասին նախ պետք է ամբողջական և ընդարձակ տեղեկություններ տրամադրել՝ ներկայացնելով դրանց դրական և բացասական կողմերը, որպեսզի մարդիկ կարողանան ընտրություն կատարել:

Սփյուռքի մեր թեմերում պատահում են Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդների դիակիզման դեպքեր` նրանց իսկ ընտրությամբ: Այդպիսիներին Եկեղեցին չի մերժում, նրանց հարազատներին չի հեռացնում Եկեղեցուց, չի զրկում Հաղորդությունից, և հոգևորականները ներկա են լինում գերեզմաններում: Թաղման կարգ չի կատարվում, սակայն կատարվում է հոգեհանգստյան կարգ: Հոգևորականն աղոթում է մահացածի հոգու խաղաղության և հանգստության համար, խնդրում Աստծո Սուրբ Հոգու մխիթարությունը մահացածի հարազատներին:

Հարության պարագայում Աստված, իհարկե, կարող է նաև մոխիրները վերածել հարուցյալ մարմինների, քանի որ Նա, Ով ոչինչից ստեղծեց աշխարհը, մարդուն, տիեզերքը, կարող է նաև արդեն գոյություն ունեցող տարրերից նոր գոյավորման բերել: Այսպես է բացատրում նաև Սուրբ Գրիգոր Տաթևացին, երբ խոսում է մի ձկան մասին, որը մարդ է կերել, և հետո մի ուրիշ մարդ բռնել և կերել է այդ ձկանը: Բայց և այնպես, ամեն դեպքում պետք է հիշել, որ Հայ Առաքելական Եկեղեցին չի խրախուսում դիակիզումը: