ԴԻԱԿԻԶՈՒՄ ԵՎ ԱԶԱՏ ԿԱՄՔ

Մի՞թե մարդն ազատ չէ իր մարմնի ճակատագիրը տնօրինելու և ինքը որոշելու, թե մահանալուց հետո ինչպես է ուզում թաղվել: Չէ՞ որ հոգին ավելի կարևոր է, քան մարմինը, և, հետևաբար, մարմնին վերաբերող հարցը պետք է երկրորդական համարել:

Երբ ասում ենք, որ հոգին ավելի կարևոր է, քան մարմինը, նկատի ունենք, որ մարմինը ևս կարևորություն ունի, և հոգին առավել կարևոր է: Այդ խոսքով շեշտվում է նաև մարմնի կարևորությունը: Քրիստոս ևս այսպես ուսուցանեց՝ ասելով. «Ձեր հոգու համար հոգ մի՛ արեք, թե ի՛նչ պիտի ուտեք կամ ի՛նչ պիտի խմեք, և ոչ էլ ձեր մարմնի համար, թե ի՛նչ պիտի հագնեք. չէ՞ որ հոգին ավելին է, քան կերակուրը, և մարմինը` քան զգեստը» (Մատթ. 6.25):

Քրիստոնեությունը տարբերվում է մյուս կրոններից մարմնի և նյութի վերաբերյալ հարցերում: Բուդդայականության մեջ մարմինն արգելք է հոգևոր աշխարհ անցնելու, և այս կրոնի հետևորդը նպատակ ունի կյանքի ավարտին ի վերջո ազատվելու նյութական աշխարհից և հասնելու երանելի վիճակի, խաղաղության` նիրվանայի: Բուդդայական ավանդության մեջ նիրվանան նկարագրվում է որպես տանջանք պատճառող կրակի` կապվածության, անգիտության հանգչում, որով տանջանքները վերջանում են և գալիս է լիակատար հանգիստը:

Հինդուիզմում նպատակն է ի վերջո ազատվել վերամարմնավորումներից և միանալ Բացարձակ հոգևորին: Մարմնի մասին յուրահատուկ պատկերացում կար նաև հույների մոտ, հունական փիլիսոփայության մեջ: Պլատոնը հունարեն «մարմին` սոմա» բառը ստուգաբանում է որպես «գերեզման` սեմա» բառից առաջացած՝ ուսուցանելով, որ մարմինը հոգու բանտն է, և կյանքի ավարտին հոգին ազատություն է գտնում ու հեռանում բանտից: Դրա համար էլ, երբ Արիսպագոսում Պողոս առաքյալն աթենացիների դիմաց խոսում էր Քրիստոսի մասին, նրան ուշադրությամբ լսում էին, բայց հենց առաքյալն սկսեց խոսել հարության մասին, նրան ծաղրեցին (Գործք 17.32), որովհետև հույների համար հարությունը նույնն էր, ինչ բանտից ազատված մարդը, ազատություն գտնելով, նորից վերադառնար բանտ:

Սակայն քրիստոնեական ընկալումը բոլորովին այլ է: Քրիստոնեության մեջ մեծապես կարևորվում է նյութը: Աստված ոչնչից ստեղծեց նյութը, տիեզերքը, աշխարհը, մարդուն: Աստված, որ հոգի է և մարմին չունի, հանուն մարդկության փրկության նյութականացավ, մարմին առավ: Նաև համընդհանուր հարության ժամանակ մարդիկ հարություն են առնելու գերեզմաններից նոր, կատարյալ մարմիններով:

Այս առումով կարելի է ասել, որ քրիստոնեությունը նաև մատերիալիստական կրոն է, որովհետև քրիստոնեության մեջ մեծ կարևորություն է տրվում նյութին, և մարդը համարվում է ոչ միայն հոգի, այլ հոգու և մարմնի` այս երկուսի միավորությունը: Դրա համար էլ նաև թաղման արարողությունը կատարվում է մարդու մարմնի առկայությամբ: