ԴԻԱԿԻԶՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ դիակիզման նախապատվությունն ընդհանրապես:

Քրիստոնեության մեջ մեծ դերակատարություն ունեն արարողությունները, որոնց ընթացքում գործածվող առարկաները, խորհրդանշանները օգնում են կրոնական կարևոր գաղափարները, գիտելիքները մատուցել նաև արարողության պերճախոս լեզվով և դրանք ամրապնդել հավատացյալների գիտակցության մեջ:

Թաղման արարողության ժամանակ մահացածի մարմինը հիշեցնում է ննջեցյալ լինելու, փոխաբերական իմաստով քնած, ննջած վիճակում լինելու, մահացածի` հետագայում մարմնով հարություն առնելու մասին: Դեմքով դեպի արևելք դրվելը և գերեզմանոցում այդ դիրքով թաղվելը հուշում է արևելքից Քրիստոսի երկրորդ գալստյան մասին, երբ պիտի տեղի ունենա ընդհանրական հարությունը (Հովհ. 11.23-24, Գործք 17.31, 24.15, Ա Կորնթ. 15.12, 20-22, 51-53):

Հողի մեջ դրվելը, «հող էիր և հող պիտի դառնաս» (Ծննդ. 3.19) արտահայտությունը` կրկին բերում են ակնարկը Աստծո արարչագործության, ողջ տիեզերքի և մարդու` Աստծո կողմից ստեղծված լինելու, մարդ արարածի` հողից արարված լինելու (Ծննդ. 2.7) և հետո հոգևոր ու կատարյալ մարմնով հողից վեր հառնելու մասին (Ա Կորնթ. 15.42-44):

Դիակիզման լայնորեն կիրառման դեպքում թաղման ու հարության հետ կապված արարողության խորհրդանշանները կդադարեն գործադրվելուց, որով ամեն հուղարկավորության ժամանակ շեշտվող և բացատրվող վերոնշյալ իրողությունների մասին գիտակցությունը կարող է աղոտանալ հավատացյալների մոտ, և գուցե միտում ի հայտ գա մարմնի հարությունը մերժելու կամ անտեսելու: