ԴԱՐՎԻՆԻ ՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ինչպե՞ս եք վերաբերվում Դարվինի տեսությանը:

Դարվինի տեսությանը վերաբերվում եմ հումորով: Խորհրդային իշխանության տարիներին, երբ դպրոցներում մեզ սովորեցնում էին, որ մարդն առաջացել է կապիկից, և բուսական ու կենդանական աշխարհը էվոլյուցիայի արդյունք են, երեխաներն այդ տեղեկություններն ընդունում էին որպես հերթական դաս` առանց վերլուծելու տվյալ տեսության ճշմարտացիության հնարավորությունը:

Տեսե՛ք, մենք ասում ենք Դարվինի տեսություն, չենք ասում Դարվինի ճշմարտություն: Դա նշանակում է, որ որևէ գիտնական ազատ հնարավորություն ունի իրեն հավանական թվացող կարծիք, տեսակետ արտահայտելու, որը, սակայն, կարող է և բացարձակ ճշմարտություն չլինել: Դարվինի տեսության նկատմամբ Եկեղեցու վերաբերմունքը խստորեն դատապարտության ենթարկելու դիրքորոշում չէ, այլ գիտական մտքի, կարծիքների դրսևորման հնարավորության դիտարկում:

Դարվինի հեղինակած էվոլյուցիայի տեսությանը, սակայն, լայն քննդատությամբ հակադրվում է կրեացիոնիզմը, որն արդիական գիտական ուղղություններից մեկն է: «Կրեացիոնիզմ» բառն առաջացել է լատիներեն «creatio»` «արարում», «ստեղծագործում» բառից և, որպես տեսություն, ուսուցանում է գերբնական մտքի անհրաժեշտությունը` իբրև կարևոր պայման տիեզերքի, մարդու առաջացման:

Էվոլյուցիոնիզմի գիտական տեսակետներին զուգահեռ գիտական հիմնավորումներով լուրջ տեսակետներ են ներկայացնում նաև կրեացիոնիզմի ներկայացուցիչները: Այսօր աշխարհում կան կրեացիոնիզմի գիտական մեծ կենտրոններ, սակայն դարվինիզմը էվոլյուցիայի տեսությամբ ավելի շատ տարածում ունի: Այդ պատճառով էլ դպրոցական դասագրքերում մեծավ մասամբ տեղեկություններ են հաղորդվում Դարվինի տեսության մասին: Միջին Արևելքում, ԱՄՆ-ի մի շարք նահանգներում նախապատվությունը տրվում է կրեացիոնիզմի տեսությանը, և դպրոցական համապատասխան դասագրքերը էվոլյուցիոնիզմի փոխարեն ներկայացնում են կրեացիոնիզմը:

Կրեացիոնիզմի տեսությունն էվոլյուցիայի տեսությունից տարբերվում է ոչ միայն արարչագործության համար գերբնական մտքի, գերբնական ուժի անհրաժեշտության շեշտումով, այլև ժամանակային գոյության տարբեր սահմանումներով: Էվոլյուցիոնիզմի հետևորդները համարում են, որ տիեզերքը, Երկիր մոլորակը գոյություն ունեն միլիարդավոր տարիներ: Կրեացիոնիստների տեսակետով` տիեզերքը ոչ թե միլիարդավոր, այլ մոտ տասը հազար տարեկան է: Որոշ կրեացիոնիստներ այս տարիքը կապում են եթե ոչ տիեզերքի, ապա` Երկիր մոլորակի հետ:

Կրեացիոնիզմի շրջանակում գոյություն ունի նաև թեիստական էվոլյուցիայի տեսությունը, որն ամբողջովին ընդունում է Դարվինի տեսությունը` սակայն հավելելով, որ էվոլյուցիայի, կյանքի ծագման, նախնական կենդանատեսակների, բուսական աշխարհի տեսակների առաջացումը կապված է գերբնական ուժի արարչագործության ու ներգործության հետ:

Այսպիսի տեսությունների առկայության պարագայում, բացառելով հավատքի գործոնը, ընտրությունը թողնվում է մարդուն: Եթե մեկը նախընտրում է մտածել, որ առաջացել է կապիկից, կամ իր նախնիները կապիկից են առաջացել և կամ իր նախնիները կապիկ են եղել, ապա ոչ ոք նրան չպետք է բռնությամբ հակառակը պարտադրի:

Իսկ եթե մեկ ուրիշը նախընտրում է մտածել, որ ստեղծված է ըստ Աստծո պատկերի և նմանության, ապա գովելի է, քանզի այս համոզումն առնչվում է հավատքին և մարդու, տիեզերքի առաջացման աստվածային հայտնությանը, որը տրվել է մարդկությանն Աստվածաշնչի միջոցով: