ԴԱՏԱՎՈՐԻ ԿԻՐԱԿԻ. ԻՆՉՊԵՍ ՀԱՍՆԵԼ ԱՂՈԹՔԻ ՄՇՏԱՏԵՎՈՒԹՅԱՆ

Անիրավ դատավորի առակը մեզ հարատև աղոթքի է հորդորում: Եվ այն մարդիկ, ովքեր հարգելի պատճառներով չեն կարողանում հաճախակի եկեղեցի այցելել` ընդհանրական աղոթքին մասնակցելու համար, սակայն ցանկանում են կատարել Քրիստոսի միշտ աղոթելու օգտակար պատվիրանը, պետք է այսպես վարվեն:

Երբ արթնանում են քնից, գոհություն հայտնեն Աստծուն խաղաղ քուն և հանգիստ պարգևելու համար, երբ հագնվում են, գոհանան, որ Տերն իրենց մերկ չի թողնում, երբ ճանապարհ են գնում, աղոթեն որ Տերն ուղղի իրենց ընթացքը խաղաղության ճանապարհներով ապահովության մեջ, երբ աշխատանք են սկսում, աղոթեն աշխատանքի հաջողության համար, ամեն անգամ կերակուր ուտելիս գոհանան տիեզերքի Արարչից իրենց կերակրելու և լիացնելու համար, երեկոյան քնելիս աղոթեն, որ հավատացյալների պահապան Քրիստոս Աստված Իր Աջի հովանու ներքո պահպանի Իրեն հավատացողներին:

Այսպես մարդն ամբողջ օրն աղոթքի մեջ կլինի և կկարողանա կատարել միշտ աղոթելու հույժ օգտակար պատվիրանը: