ԴԱՏԱՍՏԱՆ

Մենք բոլորս էլ մեղքեր ենք գործում: Աշխարհում բազում մարդիկ խաբում են, գողանում, սպանում, շնանում: Բայց մարդ կա, որ խաբում է վախից, և մարդ կա, որ խաբում է չարությամբ, մարդ կա, որ սպանում է չարությամբ, մարդ կա, որ սպանում է ակամա:

Մենք մարդկանց դատում ենք երկու ձևով: Առաջինը կշտամբելն է կամ պախարակելը, որով մենք ցույց ենք տալիս, որ համաձայն չենք որևէ մեկի մի արարքի հետ և ցանկանում ենք, որ նա այդպես այլևս չվարվի և ուղղվի: Երկրորդը որևէ մեկին պիտակ կամ որակում կպցնելն է:

Օրինակ` այլ է, երբ մեկին ասում ենք` դու ինչ-որ բան ես գողացել, և այլ է, երբ ասում ենք` դու գող ես: Եկեղեցական հեղինակներից մեկն իրավամբ ասում է, որ մենք էլ Վերջին Դատաստանի ժամանակ դատվելիս այդպիսի նրբություն ենք ցանկանալու տեսնել:

Գուցե Դատաստանի ժամանակ շատեր կանգնեն Աստծո առջև և ասեն. «Ով Տեր Աստված, այնպես է եղել, որ ես ստել եմ, բայց ես խաբեբա չեմ, գողացել եմ, բայց գող չեմ, շնացել եմ, բայց ես անառակ չեմ»: Մեզ մի զարմանալի հնարավորություն է տրված. ինքներս կարող ենք որոշել, թե հետագայում ինչպես ենք դատվելու:

Քրիստոս ասում է, որ ինչ ձևով որ դատում ենք ուրիշներին, այնպես էլ դատվելու ենք, ինչ չափով որ չափում ենք, այն չափով էլ չափվելու է մեզ համար (Մատթ. 7.2): Եվ եթե մենք ցանկանում ենք, որ Վերջին Դատաստանի ժամանակ մեզ դատեն ոչ թե խիստ արդարությամբ, այլ սիրով ու ներողամտությամբ, ինքներս պետք է այդպես դատենք ուրիշներին:

Թող որ այնպես ապրենք, որ մեր սրտերից անպակաս լինեն սերն ու ներողամտությունը, որպեսզի մենք ինքներս տերունական Դատաստանի ժամանակ կարողանանք սեր և ներողամտություն գտնել: