ԴԱՏԱՍՏԱՆԻ ՕՐՎԱ ԺԱՄԱՆԱԿԸ

Ոչ ոք չգիտի, թե երբ է գալու Դատաստանի օրվա ժամանակը: Կա՞ն նշաններ, որ վերջին օրը մոտիկ է:

Քրիստոս ասում է, որ այդ օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտի, ո՛չ հրեշտակները և ո՛չ էլ նույնիսկ Որդին, այլ միայն Հայրը (Մատթ. 24.36, Մարկ. 13.32): Բայց Քրիստոս երբեմն Իրեն անգետ է ցույց տալիս մարդկանց օգտի համար: Օրինակ` Իրեն դիմողներին, ովքեր պնդում էին` Քո անունով մարգարեացանք, դևեր հանեցինք, զորավոր գործեր արեցինք, Քրիստոս ասում է, թե նրանց երբեք չի ճանաչել. չիմանալու այս խոսքով մերժում է նրանց (Մատթ. 7.22-23, Ղուկ. 13.25): Այդպես էլ վախճանաբանական դեպքերի հետ կապված այդ խոսքն է ասում, քանի որ մարդկանց համար օգտակար չէ իմանալ այդ օրվա և ժամանակի մասին:

Սակայն Քրիստոս որոշ նշաններ է տվել` վերջին ժամանակների մոտալուտ լինելը կանխատեսելու համար: Քրիստոս ասում է. «Բայց դուք այդ թզենո՛ւց սովորեցեք առակը. հենց որ նրա ոստերը կակղեն, և նրա վրա տերև դուրս գա, իմանում եք, որ ամառը մոտ է. նույնպես և դուք. երբ այս բոլորը կատարված տեսնեք, իմացե՛ք, որ Նա մոտ է, դռների առջև» (Մատթ. 24.32-33, Մարկ. 13.28-29, Ղուկ. 21.29-31): Այդպես էլ, երբ տեսնենք աշխարհի վախճանին առնչվող որոշակի նշանները, կիմանանք, որ վախճանը մոտ է:

Այդ նշանների մասին խոսք չկա Ավետարաններում, սակայն դրանց մասին պատմվում է առաքյալների գրություններում: Պողոս առաքյալն ասում է. «Թող ոչ ոք ձեզ չխաբի և ոչ մի ձևով. որովհետև այն օրը չի գալու, եթե նախ ապստամբությունը չգա, և չհայտնվի անօրենության մարդը` կորստյան որդին»: Խոսքն այստեղ նեռի` հակաքրիստոսի մասին է:

Նեռը լինելու է մեծ կառավարիչ ու ղեկավար, ամբողջ աշխարհն ընդունելու է նրան: Նա իր իշխանությունը տարածելու է ողջ մարդկության վրա երեք և կես տարի կամ հազար երկու հարյուր վաթսուն օր, ինչպես նշված է Հայտնության մեջ (11.3, 12.6):

Ապա նստելու է արդեն նորոգված Երուսաղեմի տաճարում` որպես Աստված, բայց մահ չճաշակած և կենդանության օրոք երկինք փոխադրված երկու մարգարեների` Ենովքի և Եղիայի քարոզչությամբ ցույց է տրվելու նեռի իշխանության չարից լինելը:

Մարգարեները սպանվելու են և հարություն առնելու, այնուհետ աստվածային զորությամբ նեռը ոչնչացվելու է, և լինելու է Քրիստոսի երկրորդ, փառավոր գալուստը (Բ Թեսաղ. 2.4-11, Հայտն. 11.3-14):