ԴԱՏԱՍՏԱՆԻ ՕՐԸ

Ի՞նչ է Դատաստանի օրը:

«Դատաստանի օր» հասկացությունը պետք է ընկալել ոչ մարդկային այսօրվա պատկերացումներով: Նախ` օրն իբրև այդպիսին գոյություն չի ունենալու, որովհետև Դատաստանին նախորդելու է աշխարհի վախճանը: Հետևաբար, օրը` իբրև Երկիր մոլորակի պտույտ իր առանցքի շուրջը Արեգակի դիրքի հետ կապված, դադարելու է գոյություն ունենալուց: Դատաստանի պատկերավոր գաղափարը ևս տրված է մարդկանց ընկալողունակությանը համապատասխան, որպեսզի հնարավոր լինի մոտավոր պատկերացում կազմել այն իրողությունների մասին, որոնք տեղի են ունենալու աշխարհի վախճանից հետո:

Քրիստոս ևս խոսում է Դատաստանի մասին, առաքյալներին ասում, որ նստելու են Իր հետ՝ դատելու մյուսներին (Մատթ. 19.28): Պետք է իմանալ, որ Դատաստանի ժամանակ բոլորը չէ, որ պիտի դատվեն, քանի որ դատավարությունն արվում է մեղադրվող և ոչ թե անմեղ մարդկանց համար: Ոմանք ո՛չ դատվելու են և ո՛չ էլ դատապարտվելու, ոմանք դատվելու են և չեն դատապարտվելու, իսկ ոմանք էլ դատվելու են և դատապարտվելու:

Դատաստանի չեն ենթարկվելու կատարյալ արդարները, սրբերը, ինչպես նաև բոլորովին մեղավորները, քանի որ նրանց վիճակն արդեն հայտնի է, և կարիք չկա առանձին քննության: Բայց պիտի դատվեն միջակները, այսինքն` նրանք, ովքեր միջին տեղ են գրավում այս երկու խմբի` սրբերի և բոլորովին մեղավորիների միջև:

Դատաստանի ենթարկվողներից նրանք, ովքեր ավելի շատ բարի գործեր ունեն, քան` մեղքեր, դատվելու են և չեն դատապարտվելու, այլ անցնելու են հավիտենական երանություն: Նրանք, որոնց չար գործերն ավելի շատ են, դատապարտվելու են դժոխքի:

Դատը լինելու է նաև ըստ հավատքի: Ովքեր հավատում են, բայց հավատքի գործեր չունեն, նույնպես պիտի դատապարտվեն, քանի որ հավատքն առանց գործերի մեռած է (Հակ. 2.20, 26): Իսկ ովքեր հավատք չունեն, նույնիսկ եթե բարի ընթացքով են ապրել, դարձյալ դատապարտվելու են, ինչպես անհավատ բարեգործները, քանի որ Երկնքի արքայության դռները բացվում են աստվածային շնորհով և մարդու անհատական, անձնական հավատքով:

Շատերը մտածում են, որ Դատաստանի օրը միլիարդավոր մարդկանց հոգիներ պետք է բերվեն Աստծո գահի առաջ, որպեսզի դատվեն իրենց գործերի համար: Ոմանք պետք է վարձատրվեն երկնային կյանքով, մյուսներն էլ տանջվեն դժոխքում: Ի՞նչ է լինելու Դատաստանի օրը:

Քրիստոս Մատթեոսի Ավետարանում այծերի, ոչխարների ու հովվի օրինակով խոսում է Վերջին դատաստանի մասին (Մատթ. 25.31-46): Կանչվում են այծերը` ձախ կողմում լինելու և ոչխարները` աջ կողմում. աջը խորհրդանշում է պատվավոր տեղը: Դատաստանին նախորդելու է Քրիստոսի փառավոր գալուստը և մեռյալների հարությունը:

Քրիստոնեական վարդապետությամբ մարդը հոգուց և մարմնից կազմված ամբողջություն է, հետևաբար, Դատաստանին ներկայանալու, հավիտենություն անցնելու համար պետք է ներկայանա այս տեսակետից մարդկային ամբողջ հատկություններով: Քրիստոնեական վարդապետությունը տարբերվում է հունական փիլիսոփայության մեջ տարածված կարծիքից, ըստ որի` մարդը միայն հոգին է` բանտարկված մարմնի մեջ, և մահից հետո հոգին ազատություն է գտնում և անցնում հոգևոր ոլորտ, գոյության ավելի կատարյալ ձևի մեջ:

Այս կարծիքն ընդունելի չէ քրիստոնեության տեսանկյունից: Այն մարդիկ, ովքեր Քրիստոսի գալստյան ժամանակ ողջ կլինեն, կնորոգվեն մի ակնթարթում, ինչպես ասում է Պողոս առաքյալը (Ա Կորնթ. 15.52), քանի որ մարդիկ արդեն լինելու են ավելի կատարյալ մարմիններով, «որովհետև պետք է, որ այս ապականացու մարմինը անապականություն կրի, և այս մահկանացու գոյությունը հագնի անմահություն (Ա Կորնթ. 15.53):

Իսկ Քրիստոսի գալուստը լինելու է արևելքից: Այս մասին ասել է Քրիստոս Ինքը. «Ինչպես փայլակը, որ ելնում է արևելքից և երևում է մինչև արևմուտք, մարդու Որդու գալուստը այնպես կլինի» (Մատթ. 24.27): Դրա համար էլ քիստոնեական գերեզմաններում ննջեցյալները թաղվում են դեմքով դեպի արևելք, որպեսզի Քրիստոսի գալստյան ժամանակ հարություն առնեն դեմքով դեպի Քրիստոս: Նաև մեր եկեղեցիների մուտքերը բացվում են դեպի արևելք, քանի որ այդ կողմից է լինելու Քրիստոսի փառավոր գալուստը:

Կարդալ նաև`