ԴԱՏԱՍՏԱՆԻ ՕՐԸ ԱՅԼ ԿՐՈՆՆԵՐՈՒՄ

Դատաստանի օրվա մասին խոսվո՞ւմ է մյուս կրոններում:

Դատաստանի մասին խոսվում է հին եգիպտական կրոնում` Մեռյալների գրքում, իսկ ներկայիս կրոններից դատաստանի գաղափարը շեշտվում է հատկապես հուդայիզմի, քրիստոնեության, մուսուլմանության, որոշ չափով բահայիզմի, հինդուիզմի մեջ:

Բահայիզմի և հինդուիզմի ընկալումները տարբերվում են հուդայիզմի, քրիստոնեության և մուսուլմանության ունեցած պատկերացումներից Դատաստանի վերաբերյալ, որոնց մեջ նմանություններ կարելի է գտնել: Բուդդայականության մեջ առավելաբար շեշտվում է ըստ ապրած կյանքի հոգևոր ոլորտում երանելի վիճակի` նիրվանայի հասնելու մասին:

Ըստ եգիպտական կրոնի` մահից հետո հանդերձյալ կյանքի աստված Անուբիսը` մարդու մարմնով և շնագայլի գլխով, կշռում էր մահացած մարդու սիրտը: Կշեռքի մի նժարին դրվում էր սիրտը, իսկ մյուս նժարին ճշմարտության և արդարության աստվածուհու` Մաատայի փետուրը: Այս աստվածուհին պատկերվում էր կնոջ տեսքով` գլխին ամրացրած ճշմարտության փետուրը: Դրա համար էլ, այս հավատալիքի համաձայն, դիակը մումիա դարձնելու ընթացքում մարմնի մեջ պահպանվում էր նաև մարդու սիրտը:

Եթե դատաստանի ժամանակ սիրտն ավելի էր կշռում, քան փետուրը, այդ դեպքում կոկորդիլոսի գլխով Ամատ հրեշը, որը նաև համարվում էր մեղքերի հատուցման աստվածուհի, հոշոտում էր սիրտը, և անձը մեռնում էր երկրորդ անգամ` ամբողջապես ոչնչացվելով, անէանալով: Իսկ եթե կշեռքի նժարները հավասար էին կանգնում, անձը տարվում էր հանդերձյալ աշխարհի թագավոր Օսիրիսի մոտ և արժանանում էր երանելի կյանքի:

Հին հունական հավատալիքներում բարի գործերով ապրած մարդիկ գնում էին Էլիզիում կամ այլ անունով` Ելիսեյան դաշտեր, որտեղ հավերժ գարուն էր` արժանանալով երանելի հավիտենական կյանքի, իսկ չարագործ մարդիկ ընկնում էին տարտարոս հավիտենական տանջանքների համար:

Բահայիզմում (արաբերեն «բահա» բառից, նշանակում է փառք), որը շեշտում է մեկ Աստծո գոյության և ողջ մարդկության հոգևոր միության գաղափարը, վերջին դատաստան է համարվում յուրաքանչյուր հազար տարին մեկ Աստծո կողմից ուղարկված մարգարեի հայտնվելը` երկրի վրա Աստծո թագավորությունը վերանորոգելու նպատակով:

Հինդուիզմում մահվան աստվածը դատում է մարդկանց` նրանց ապրած կյանքի և կատարած գործերի համաձայն, ըստ որի էլ` հոգիներն այլ մարդկանց կամ կենդանիների ու բույսերի մեջ են վերամարմնավորվում և կամ էլ ուղարկվում են տանջանքների հատուկ վայր: Ի վերջո, արժանավոր մարդն ազատվում է մահվան ու վերամարմնավորման շրջանից և մեկ դառնում աստծո հետ: