ԳՈՀՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հակառակ այն իրողությանը, որ շրջապատն ավելի ու ավելի է հարմարեցվում մարդուն, աստիճանաբար հազվադեպ են հանդիպում այնպիսի մարդիկ, որոնք վստահորեն կարող են ասել, թե գոհ են իրենց կյանքից: Ինչո՞ւ:

Երբ նայում ենք աշխարհի զարգացած երկրներին, որոնք մեզ համար ինչ-որ չափով իդեալական են ապրելակերպի ու բարեկեցության առումով, տեսնում ենք, որ այնտեղ նույնպես կան մեծ դժգոհություններ, նույնիսկ քանակությամբ ավելի շատ, և զանգվածային բողոքի ցույցեր` կապված կենսապայմանների բարելավման, կառավարությունների գործունեությանը անհամաձայն լինելու հետ:

Ուրեմն, ամեն տեղ կա գոհ չլինելու այս երևույթը: Քրիստոնեական գրողներից մեկն ասում է, որ կենդանի արարածներից միայն մարդը գոհացում չունի: Մի քիչ խոտ գոհացնում է գառանը, մի քիչ արյուն` վագրին: Միայն մարդն է արարածներից, որ չի կարողանում գտնել իր գոհացումը: Դրա պատճառը մարդկության չգիտակցված կարոտն է դրախտի և դրախտային երանության, որը մարդկության նախահորից անցել է իր սերունդներին:

Դժգոհությունը միայն չարիք է դժգոհող մարդո՞ւ համար, թե՞ այն համարվում է նաև մեղք:

Եկեղեցում մեղքերի խոստովանության ժամանակ ասվող մեղաների շարքում մեղքերի մեջ շեշտվում է դժգոհությունը: Քրիստոս պատվեր չտվեց դժգոհելու, այլ նույնիսկ ընդհակառակը` սիրելու թշնամիներին, օրհնելու անիծողներին (Մատթ. 5.44): Դժգոհությամբ մարդու հոգեվիճակն ավելի է վատանում: Բացի դրանից, չարը սիրում է չարախոսությունը և չի հեռանում, մինչդեռ օրհնությունից փախչում է, և Աստծո օգնությունն ավելի շուտ է հասնում:

Դժգոհությունը խաթարում է մարդու հոգևոր, մտավոր, զգացական հանգստությունն ու խաղաղությունը, քանզի երբ մարդը կենտրոնանում և մտասևեռվում է բացասական իրողությունների վրա, ներաշխարհում հայտվում և գերակայում են տհաճ զգացումները, ընկճվածությունը, անբավարարվածությունը, հուսահատությունն ու հիասթափությունը:

Այսպիսի վիճակը հաղթահարելու համար պետք է ոչ թե դժգոհության հասցնող երևույթների, իրադարձությունների մասին անընդհատ խորհել, այլ դրանք հաղթահարելու, հույսով զորանալու շուրջ մտածել` աղոթքով խնդրելով Աստծո զորակցությունը դժվարին իրավիճակներում:

Սակայն դժգոհությունը կյանքից ընդհանրապես բացառել չի կարելի, որովհետև այն կարող է նաև դրական նշանակություն ունենալ, երբ անընդունելի իրողությունները մատնանշելով` մարդը ելնում է` ընթանալու սրբագրումի, առավել կատարյալի ճանապարհով:

Կարդալ նաև`