ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԽՈՆԱՐՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Եթե ձեզ հարցնեն, թե որն է խոնրարհության սահմանումը, հավանաբար կդժվարանաք պատասխանել: Իսկ ինչպե՞ս կարող եք լինել այն, եթե դրա մասին չգիտեք, թե այն ինչ է:

Խոնարհությունը լինում է երեք տեսակի` բնական, տեսական և գործնական: Բնականը այնն է, որ մարդ հիշելով իրերի բնական ընթացքը, թե որտեղից է սկսվել, և ուր է գնալու, հեռու է մնում հպարտությունից: Խոնարհության այս տեսակը կա սաղմոսերգուի մոտ, որն ասում է. «Անօրենությամբ հղիացավ և մեղքերի մեջ ծնեց ինձ մայրն իմ» (Սաղմ. 50.7): Նաև Աստվածաշնչի խոսքը, թե` հող էիր և դարձյալ հող պիտի դառնաս (Ծննդ. 3.19):

Տեսական խոնարհությունն այն է, որ մարդ անդրադառնալով իր ամոթալի մեղքերին տեսնում է, որ անարժան է այն բարիքներին, ուրախություններին, որոնց իրեն արժանի է դարձնում Աստված: Իհարկե, չպետք է անտեսենք մեր արժանիքները, որպեսզի թերարժեքության բարդույթի մեջ ընկնենք, սակայն միևնույն ժամանակ նաև չպետք է ինքնակարծիք կամ ինքնագնահատական ունենանք, որովհետև մարդու գնահատականը իր արժանիքների մասին գրեթե միշտ  չափազանցված է լինում, ինչը և տանում է հպարտության:

Օրինակ` Պողոս առաքյալը, իր թղթերում ապացուցելով իր առաքելական արժանիքները, իր հավասարությունը մյուս տասներկու առաքյալներին, միևնույն ժամանակ նաև ասում է. «Ես իսկ եմ առաքյալների տրուպը» (Ա Կորնթ. 15.9), նաև` «ես եմ գլուխը մեղավորների» (Ա Տիմ. 1.15): Նույնպես Աստծո կողմից ընտրված Աբրահամն ասում է. «Ես հող եմ ու մոխիր» (Ծննդ. 18.27), նաև Դավիթ թագավորը, ով Աստծո ողորմության շնորհիվ արժանացել էր մեծության, ասում էր` աղքատ և տնանկ եմ ես (Սաղմ. 69.6):

Գործնական խոնարհությունն այն է, երբ մարդ իրեն ենթարկելով իմաստավոր զրկանքների` աղոթքի, պահքի, իրենից հեռու է վանում ամեն չար մտածում և հակում, հետևաբար նաև` հպարտությունը և կարողանում է խոնարհ վիճակ ձեռք բերել:

Երբ մարդը, գիտակցելով իր հպարտությունը, գնում է խոստովանահոր մոտ, խոստովանահայրը պետք է ճիշտ դեղ նշանակի հպարտությունը վերացնելու համար: Եթե որպես դեղ նշանակվում է ողորմություն, կամ կերակրի չափավորություն, պահք, ապա դրանից հպարտությունը չի վերանա, որովհետև հատկապես կերակրի չափավորությունը դրվում է հիմնական երկու մեղքերի դիմաց` որկրամոլության և բղջախոհության, իսկ հպարտության դիմաց դրվում է խոնարհությունը, և բարկության դիմաց` հեզությունը:

Հպարտ և խոնարհ մարդու արտաքին դրսևորումները ցույց են տալիս բնության գեղեցիկ օրինակները: Հպարտները նման են բարդիների, որոնք դեպի վեր են ձգտում և գլուխները վեր ցցում, իսկ խոնարհները նման են վարդի թփերի, որոնց վրա բացվում է վարդի գեղեցիկ ծաղիկը:  Սա է ցույց տալիս նաև Աստծո խոսքը. «Ես ու՞մ եմ նայելու, եթե ոչ հեզերին ու խոնարհներին» (Ես. 66.2): Նաև հպարտ մարդու օրինակ են անպտուղ ծառերը, որոնց ճյուղերը վեր են ցցվում դատարկությունից, իսկ խոնարհ մարդու օրինակ են պտղաբեր ծառերը, որոնց ճյուղերը գեղեցիկ կերպով խոնարհվում են բերքերի առատությունից: