ԳԻՏԱԿՑՎԱԾ ԵՎ ՉԳԻՏԱԿՑՎԱԾ ՄԵՂՔԵՐ

Որո՞նք են գիտակցված և չգիտակցված մեղքերի տարբերությունները:

Եկեղեցական հեղինակներն ավելի շատ խոսում են կամա և ակամա կամ էլ գիտությամբ և անգիտությամբ մեղքերի մասին: «Կամա և ակամա» նշանակում է կամքով և կամքից անկախ, իսկ անգիտությամբ մեղանչելը նշանակում է, որ մարդ չի իմացել, որ իր տվյալ արարքը մեղք է, հակառակ է Աստծո կամքին: Սա հետևանք է հոգևոր գիտելիքների, Աստծո կամքի վերաբերյալ իմացության պակասի կամ բացակայության:

Մարդու մեղք գործելը կարող է լինել գիտությամբ ու միևնույն ժամանակ ակամա, այսինքն` մարդ իմանալով, որ տվյալ արարքը մեղք է, այնուամենայնիվ, գործում է այն` հակառակ իր գիտության ու դիրքորոշման: Այս հակասական վիճակը լավագույնս պատկերում է Պողոս առաքյալը Հռոմեացիներին ուղղված թղթի 7-րդ գլխում:

Առաքյալն ասում է. «Ոչ թե անում եմ բարին, որ կամենում եմ, այլ գործում եմ չարը, որ չեմ կամենում: Իսկ եթե անում եմ այն, ինչ չեմ կամենում, այլևս ե՛ս չէ, որ անում եմ այն, այլ իմ մեջ բնակվող մեղքը: Իմ մարմնի անդամների մեջ տեսնում եմ այլ օրենք, որ պայքարում է իմ մտքի օրենքին հակառակ և ինձ գերի է դարձրել մեղքի օրենքին, որ կա իմ մարմնի անդամների մեջ» (Հռ. 7.19-20, 23):

Մարդ կարող է իր բարոյական գիտակցությունից անկախ` ակամա սայթաքել և մեղք գործել: Առաքյալը հարցադրում է անում, թե ո՞վ կփրկի այս վիճակից (Հռ. 7.24): «Բայց գոհություն Աստծու` մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով» (Հռ. 7.25),- եզրափակում է նա: Այսինքն` Հիսուս Քրիստոսի միջոցով կարող ենք ներում, մեղքերի քավություն ու թողություն գտնել, սրբվել մեղքերից և նորից առաջ ընթանալ:

Եբրայեցիներին ուղղված թղթում առաքյալը խոսում է արյուն թափելու չափ մեղքին հակառակվելու մասին (12.4), ինչը ցույց է տալիս, որ ակամա մեղքի մեջ ընկնելիս, այնուամենայնիվ, պետք է պայքարել, հակառակվել մեղքին, առաքյալի պատկերավոր խոսքով` արյուն թափելու չափ:

Մեղքերը գործվում են գիտակցված` մեղավոր կյանքը նախընտրած մարդկանց կողմից, իսկ չգիտակցված մեղքերը հոգևորից, Աստծո խրատներից դեռ հեռու մարդկանց վարմունքներն են:

Հեթանոսների մասին ասվում է, որ նրանք թեկուզ չունեն օրենքը, որը բացատրում է Աստծո կամքը, բայց նրանք էլ են դատվելու, սակայն ոչ թե ըստ օրենքի, որը չունեն, այլ ըստ իրենց խղճի վկայության (Հռ. 2.12), քանի որ յուրաքանչյուր մարդու մեջ առկա խիղճը մարդուն հուշում է աստվածային կամքի համաձայն ապրելու մասին: