ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԻՐԳՈՐԾՈՒՄՆԵՐԸ

Այս օրերին Եկեղեցու դեմ շրջանառվող որոշ դժգոհությունների նկատառումով սխալ է գոնե համառոտ չանդրադառնալ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետության շրջանի իրագործումներին:

Հավատացյալների հոգևոր կարիքների սպասավորության համար նախկինում չափազանց քիչ եկեղեցականների թիվը համալրվեց նոր սերնդի հոգևորականության պատրաստմամբ: Այս նպատակով Հայոց Հայրապետը դեռևս Արարատյան Հայրապետական թեմի փոխանորդության տարիներին հիմնեց Սևանի Վազգենյան Հոգևոր Դպրանոցը, այնուհետ բարելավեց Գևորգյան Հոգևոր Ճեմարանի առաքելությունը, ուսումնական ծրագիրը, դասախոսական կազմը: Լավագույն ուսանողները հնարավորություն ստացան ուսումնառությունը շարունակելու աշխարհի հեղինակավոր համալսարաններում, որպեսզի նոր գիտելիքներով իրենց ծառայությունն արդյունավետությամբ բերեն մեր ժողովրդին և Եկեղեցուն:

Նկատի ունենալով Հայաստանում տնտեսական դժվարին պայմանները՝ Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը Հայաստանի տարբեր քաղաքներում հիմնեց բարեգործական ճաշարաններ, որտեղ իրենց ամենօրյա սնունդն են ստանում կարիքավոր հայորդիներ, թոշակառուներ, նպաստառուներ: Սոցիալական անբարենպաստ պայմաններում, նեղության մեջ գտնվող անձանց ու ընտանիքներին օգնության ձեռք մեկնելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսը հիմնեց Մայր Աթոռի Սոցիալական բաժինը, որը նյութական օգնություն է տրամադրում բազմաթիվ մարդկանց, ինչպես և սահմանամերձ շրջաններում ապրողներին: Մանուկների ու պատանիների քրիստոնեական ու հայեցի դաստիարակության համար Գարեգին Երկրորդ Հայրապետը հիմնեց Հայորդյաց տները, որտեղ ուսանում են շուրջ չորս հազար երեխաներ ու պատանիներ: Հայորդյաց տների սաները ծանոթանում են նաև հայ մշակույթին, արվեստին ու արհեստին, մասնակցություն բերում Եկեղեցու բարեսիրական ծրագրերին, բարեգործական ճաշարանների օգնությունը հասցնում այն թոշակառուներին, որոնք առողջության պատճառով չեն կարողանում իրենք ճաշարաններ հաճախել:

Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հայաստանի տարբեր շրջաններում անվճար բուժօգնություն, բժշկական տարբեր ծառայություններ է մատուցում կարիքավորներին: Եկեղեցու բարեգործական ծառայությունները տարածվում են միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաների, զոհված ազատամարտիկների ընտանիքների վրա: Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի անվան տնաշինական ծրագիրն օգնել է շատ ընտանիքների սեփական տունն ու օթևանն ունենալու, Մայր Աթոռի կողմից տներ են նվիրաբերվել կարիքավոր, բազմազավակ ընտանիքներին, նեղ պայմաններում ապրող զինծառայողների ընտանիքներին: Սիրիայում պատերազմական իրավիճակի մեջ գտնվող մեր քույրերին ու եղբայրներին օգնելու համար Հայոց Հայրապետի նախաձեռնությամբ Սուրբ Էջմիածինը և թեմերը դրամական մեծ օգնություն են ցուցաբերել Սիրիայի հայ համայնքին, կրթական հաստատություններին: Օգնություն է ցուցաբերվել Հայաստանում ապաստանած սիրիահայերին:

Ամենայն Հայոց Հայրապետը բանակում ծառայող մեր զինվորականների հավատքն ամուր և մարտական ոգին բարձր պահելու համար առաջնորդության կարգում է հաստատել Զինված Ուժերի հոգևոր սպասավորությունը, և այսօր մեր բազմաթիվ հոգևորականներ մեր զինվորների հետ են, հայրենիքի պաշտպանության դիրքերում ամուր կանգնած: Նոր ժամանակների հիմնախնդիրներին առնչված դիրքորոշումները բանաձևելու համար Մայր Աթոռում հիմնվեց Հայեցակարգային գրասենյակը, ստեղծվեցին անհարժեշտ այլ կառույցներ ու գրասենյակներ: Մեծապես ընդարձակվեց և հիմնովին նորոգվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքը, վերանորոգվեցին շինությունները, կառուցվեցին Սուրբ Էջմիածնի մատենադարանը, Գարեգին Ա գիտական կենտրոնը, Էռնեկյան դպրոցը: Միաբանների կեցության պայմանները բարելավելու համար կառուցվեց միաբանական նոր շենքը: Թեմերում եկեղեցականների ծառայությունները կանոնակարգելու համար մշակվեց թեմական ու ծխական կանոնադրությունների նախաշավիղը, որը թեմերը կարող են որդեգրել ըստ իրենց նախատեսության համապատասխանեցնելով տվյալ երկրի օրենքներին:

Անթիլիասի հետ համագործակցությունը արդյունավետ դարձնելու նպատակով Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը սերտ պահեց հարաբերությունները Արամ Առաջին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ, նախաձեռնեց եպիսկոպոսական միասնական համաեկեղեցական ժողովը Մայր Աթոռում: Միջեկեղեցական ասպարեզում ամրապնդվել է Հայ Եկեղեցու բարձր հեղինակությունը: Հայաստանում և սփյուռքի թեմերում բազմաթիվ եկեղեցիներ կառուցվեցին, որոնց հովանու ներքո են մատուցվում Սուրբ Պատարագները, եկեղեցիների շուրջն է աշխույժ և արթուն մնում համայնքների հոգևոր-եկեղեցական կյանքը:

Եկեղեցու և Կաթողիկոսի հետ կապված դժգոհությունների զգալի մասն անուղղակի են՝ Եկեղեցի-պետություն հարաբերությունների ընթացքում իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումների մեղադրանքով: Նման հանդիպումները, սակայն, իրականացվում են Եկեղեցի-պետություն հարաբերությունների շրջագծում, ինչպես որ այլ Եկեղեցիների և պետությունների ղեկավարները միշտ փոխհարաբերություններ են պահպանել տվյալ պետության ներկայացուցիչների հետ: Հայաստանի հիմնախնդիրները՝ աղքատություն, գործազրկություն, արտագաղթ, սոցիալական դժվարին պայմաններ և այլն, միշտ բարձաձայնվել և արձանագրվել են Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության հայրապետական կարևոր պատգամներում, դրանց առնչությամբ մտահոգությունները բարձրաձայնվել են պաշտոնյաների հետ առանձին հանդիպումներում: Եկեղեցուն, հոգևորականությանը առնչվող հոգատար, ոչ չարակամ դժգոհությունները կարող են դիտվել Եկեղեցին միշտ իր սրբազան առաքելության բարձրության վրա տեսնելու ցանկություն, որով, սակայն, երբեք չպետք է մոռանալ հանուն ազգի, Եկեղեցու և հայրենիքի բոլոր կարևոր ու նվիրյալ իրագործումները: