ԳԱՐԵԳԻՆ Ա ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԵՎ ԷԿՈՒՄԵՆԻԶՄԸ

Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը էկումենիկ շարժման ակտիվ կողմնակից էր, անձամբ ճանաչել է էկումենիզմի ջատագովներից շատերին և շարժման պատմության մեջ հայտնի է իբրև էկումենիզմի գաղափարախոսներից մեկը: Ի՞նչն էր հատկապես կարևորում երջանկահիշատակ Վեհափառը, քանզի ենթադրելի է, որ նրա մոտեցումը պայմանավորված էր ոչ միայն աստվածաբանության տեսանկյունից, այլ նաև Հայ Եկեղեցու շահերից:

Գարեգին Առաջինը, երկար տարիներ լինելով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, կարևոր գործունեություն է իրականացրել Կիլիկիո կաթողիկոսության հոգևոր իրավասության ներքո գտնվող հայորդիների հոգևոր զարթոնքի, եկեղեցականների պատրաստման, եկեղեցական կառույցների զորացման գործում: 1976–77 թթ. Լիբանանում բռնկված քաղաքացիական պատերազմի տարիներին նա մեծ դեր է խաղացել լիբանանահայությանն օժանդակելու և սատարելու համար: Նա աստվածաբանության, գրականության, պատմության և մշակույթի թեմաներով դասախոսել է տարբեր բարձրագույն կրթական հաստատություններում:

Դառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոս` Գարեգին Առաջինը հատուկ ուշադրություն դարձրեց Հոգևոր ճեմարանի արդյունավետ գործունեությանը, ինչպես նաև Հայ Եկեղեցու առաքելությունն առավել նպատակաուղղված դարձնելու նախանձախնդրությամբ վերափոխեց Հայաստանում մեր Սուրբ Եկեղեցու թեմական կառուցվածքը:

Երջանկահիշատակ Գարեգին Վեհափառը երկար տարիներ աշխուժորեն մասնակցել է էկումենիկ շարժմանը, բազմաթիվ էկումենիկ ժողովների ու համագումարների: Նա էկումենիզմն առաջին հերթին տեսնում էր բոլոր քրիստոնյաների հետ հոգևոր, աղոթական միասնություն կազմելու մեջ և էկումենիկ շարժման հիմնական նպատակը համարում Եկեղեցու միության վերահաստատմանն ուղղված առաքելությունը:

Այն ժամանակ էկումենիկ շարժման մեջ ծագած հիմնական խնդիրը հետևյալն էր` մտավախություն կար այս շարժմանը մասնակցությամբ կորցնելու ավանդական Եկեղեցիների ինքնուրույնությունը, եզակիությունը, եկեղեցական նվիրական ավանդույթներին հավատարմությունը: Սակայն եթե Գարեգին Կաթողիկոսի օրոք նկատվում էր բողոքականների պաշտպանությունը սեռական փոքրամասնությունների կողմնորոշման, քրիստոնեական բարոյական արժեքների չափազանց ազատ մեկնաբանության գաղափարների, ապա այսօր այդ դիրքորոշումը վերածվել է փաստական իրողության:

Ոչ ոք 20-րդ դարում չէր էլ կարող պատկերացնել, որ բողոքական բազմաթիվ եկեղեցիներ պիտի միանգամայն ընդունելի համարեին միասեռականությունը, իրենց եկեղեցիներում կատարեին միասեռականների ամուսնության օրհնություններ և անգամ պսակի արարողություններ, չափազանցված ազատականություն դրսևորեին բարոյական արժեքների ընկալման հարցում:

Գարեգին Ա Կաթողիկոսն էկումենիկ շարժմանը մասնակցությամբ պաշտպանում էր իր ընկալմամբ` Քրիստոսի ողջ Եկեղեցու միության շահը, չնայած պետք է նշել, որ միևնույն ժամանակ միության ամրապնդման մեծ անհրաժեշտություն կար Հայ Առաքելական Եկեղեցու անդաստանում, մասնավորաբար` Կիլիկիո կաթողիկոսության կողմից դրսևորվող դիրքորոշումների և Մայր Աթոռի հետ հարաբերությունների կանոնակարգման անհրաժեշտությամբ: