ԳԱԼՍՏՅԱՆ ԿԻՐԱԿԻ. ԽՈՐՀՐԴԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Մեծ Պահքի վեցերորդ կիրակին կոչվում է Գալստյան կիրակի` մեզ հիշեցնելով Քրիստոսի գալուստը աշխարհ: Քրիստոս եկավ և մարդկությանը բարձրացրեց հոգևոր-բարոյական ավելի բարձր հարթակի: Նախքան դա մարդկությունն ավելի շատ գնում էր կրքերի հետևից: Եվ Քրիստոս Իր ուսուցմամբ ոչ միայն ցույց տվեց ճիշտ ճանապարհը, այլև մարդկությանը շնորհներ տվեց` Իր ավանդած պատվիրանները կատարելու համար:

Քրիստոսի գալստյան մասին մարգարեությունները եղել են Մովսես մարգարեից առաջ և հետո: Հուդայի օրհնության ժամանակ Հակոբը ասում է. «Հուդայից իշխան չի պակասելու, ոչ էլ առաջնորդ` նրա կողերից, մինչև որ գա նա, ում պատկանում են հանդերձյալները: Նրա՛ն են սպասում ժողովուրդները» (Ծննդ. 49.10): Եվ Քրիստոս եկավ հենց այն ժամանակ, երբ հրեաների թագավորն այլևս Հուդայի ցեղից չէր, այլ թագավորում էր Հերովդեսը, ով նույնիսկ ազգությամբ հրեա չէր: Իսկ Մովսեսը, Քրիստոսի մասին մարգարեանալով, ասել էր. «Քո եղբայրների միջից քո Տեր Աստվածը ինձ նման մարգարե պիտի մեջտեղ հանի, նրա՛ն կլսեք» (Բ Օր. 18.15):

Փիլիսոփայությունը պահանջում է տրամաբանություն, կրոնը` հավատ: Սակայն հավատը հատկապես Քրիստոսի գալստյան հանդեպ հիմնված չէ վերացականի վրա, այլ այն տեսնված, վկայված և նույնիսկ շոշափված իրականություն է: Հովհաննես առաքյալն իր Ավետարանում ասում է. «Եվ Բանը մարմին եղավ ու բնակվեց մեր մեջ, և տեսանք նրա փառքը» (1.14): Առաքյալը նաև իր Ընդհանրական առաջին թղթի հենց ամենասկզբում ասում է. «Խոսում ենք Նրա մասին, որ սկզբից էր, որի մասին լսեցինք, որին ականատես իսկ եղանք, որին նայեցինք, և որին մեր ձեռքերը շոշափեցին, այսինքն` Կենաց Բանը» (1.1): Եվ առաքյալը եզրակացնում է իր թղթի վերջին` հինգերորդ գլխում, որ «Նա՛ է ճշմարիտ Աստված և հավիտենական կյանք» (5.20):

Գալստյան կիրակին մեզ հիշեցնում նաև Քրիստոսի երկրորդ գալստյան մասին, որին հաջորդելու է աշխարհի վախճանը, ինչպես նշում է Մաղաքիա մարգարեն և հայտնում, որ Տիրոջ փառավոր գալստյան ժամանակ նրա կարապետը լինելու է Եղիա մարգարեն (Մաղ. 4.4): Փիլիսոփա Կանտը, խոսելով աշխարհի վախճանի մասին, սովորեցնում է աշխարհի վախճանը փնտրել ոչ թե մեզանից դուրս, այլ մեր մեջ:

Ինչ որ իմաստով այս դատողությունը ճիշտ է, որովհետև մարդու մահով նրա համար դադարում է այս աշխարհը, և նա փոխադրվում է հանդերձյալ աշխարհ: Սակայն աշխարհի վախճանին անդրադառնում են նաև պատմաբանները` խոսելով արդեն աշխարհի իրական և ոչ թե փոխաբերական վախճանի մասին: Պատմությունը ցույց է տալիս, որ տարբեր ժամանակաշրջաններում եղել են շատ զարգացած քաղաքակրթություններ, որոնք, սակայն, ոչնչացել են ծագած խնդիրների պատճառով:

Պատմաբանները նշում են, որ մեր օրերում քաղաքակրթության մեծ մասը կանգնած է ոչնչացման վտանգի առջև: Բայց պատմաբանների մյուս մասը գալիս է այն եզրակացության, որ հին ժամանակներում ոչնչացել են առանձին քաղաքակրթություններ, որովհետև ոչնչացման պատճառ հանդիսացող խնդիրները կրել են միայն տեղական բնույթ, մինչդեռ հիմա այդ խնդիրները կրում են ոչ թե տեղական, այլ համամոլորակային բնույթ, և հետևաբար ոչնչացում սպառնում է ողջ մոլորակին:

Այսօր մարդկային քաղաքակրթության և հասարակությունների մեջ առկա խնդիրները լուծելու համար ներդրվում են բավականին նյութական միջոցներ: Սակայն նման խնդիրների լուծման համար բավարար չեն նյութական միջոցները, այլ ավելի շատ անհրաժեշտություն է զգացվում նաև հոգևոր միջոցների: Իսկ հոգևորի զորացման համար անհրաժեշտ է Քրիստոսի գալուստը նաև մեր ներաշխարհ, որով և Քրիստոսի գալուստը պետք է ակնկալենք ոչ միայն մեզանից դուրս, այլև մեր մեջ: Քրիստոս Ինքն է ասում. «Ահա՛վասիկ Ես դռան առաջ եմ և բախում եմ» (Հայտն. 3.20): Եվ եթե մենք բացենք մեր սրտի դուռը, Քրիստոս կհյուրընկալվի մեզ մոտ` ուրախություն և զորություն բերելով մեր հոգիներին: