ԲՆՈՒԹՅԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԸ

Բնության շահագործումն իրապես հանգեցնում է բնության օրինաչափ վիճակի խաթարման: Որո՞նք են հիմնական վտանգները և ինչպե՞ս պայքարել դրանց դեմ:

Մարդու կողմից բնության անխնա շահագործման հետևանքներն իրենց զգացնել են տալիս հենց մարդկության կյանքում բացասական ազդեցություններով և իրողություններով: Այսօր բնության հետ կապված մտահոգիչ խնդիրներից են գլոբալ տաքացումը, կլիմայական օրինաչափությունների խաթարումը, դրա հետևանքով բնական աղետների ավելացումը, երկրագնդի հյուսիսային ու հարավային բևեռների սառույցների հնարավոր մեծամասշտաբ հալչելը, ինչն անցանկալի և անդառնալի լուրջ հետևանքների կարող է հանգեցնել ընդհանրապես ողջ մոլորակի վիճակը, երկրի աղտոտվածությունը, որը մեծապես վտանգում է ոչ միայն մարդկային, այլև ցամաքային, ջրային կենդանիների, թռչունների կյանքը:

Մարդկային գործոնով բնությանը վնասներ են հասցվում ոչ միայն երկրի, հողի վրա, ջրային տարածքներում` գետերում, լճերում, ծովերում և օվկիանոսներում, այլև օդային տարածության մեջ: Գիտության զարգացմամբ նոր տեխնոլոգիաների օգտագործումն ապահովում է մարդու կամ մարդու կողմից ստեղծված սարքերի հասանելիությունն օդային տարածքներ: Դա պատճառ է դառնում ավտոմեքենաների, գործարանների արտանետումների պատճառով օդի աղտոտումից զատ նաև տիեզերքի ուսումնասիրման նպատակով անզեն աչքով տեսանելի երկնքից ավելի վեր բարձրացող սարքավորումների կողմից քայքայման օզոնային շերտի, որը պաշտպանում է երկիրն արեգակի վնասակար, ուլտրամանուշակագույն ճառագայթներից:

Օզոնային շերտի քայքայումը վտանգավոր է ողջ բնության, ներառյալ մարդկային կյանքի համար. այն հանգեցնում է բուսականության աճի նվազման, օրգանիզմի գենետիկ ձևափոխումների, մաշկի քաղցկեղի, վարակիչ հիվանդությունների, աչքի ոսպնյակի մթագնման, իմունիտետի թուլացման և այլն:

Մարդու կողմից նաև ոչնչացվել են շատ կենդանատեսակներ, շատեր գտնվում են ոչնչացման եզրին, ինչը լուրջ վնաս է հասցնում էկոհամակարգին` կենդանի օրգանիզմների, նրանց բնակության միջավայրի, միմյանց միջև կապի և նյութի փոխանակության կենսաբանական ընդհանրությանը: Այս ամենը, իհարկե, չի կարող բացասաբար չանդրադառնալ մարդկության կյանքի վրա:

Հարկ է նշել, որ կենդանական աշխարհի սպառումն ու ոչնչացումը կապված է եղել և է ոչ միայն մարդու կենսական պահանջների, անհրաժեշտ կարիքների բավարարման, այլև մարդկային հաճույքի կամ քմահաճույքի հետ, ինչպիսիք են զվարճանքի համար կատարվող որսորդությունը, կենդանիների մորթիների կամ գլուխների, կենդանիներից պատրաստվող խրտվիլակների անհարկի գործածումը, զարդեղենների պատրաստման համար փղոսկրի օգտագործումը և այլն:

Այս տխուր իրողության դեմ պայքարելու, բնության շահագործումից արդեն առաջ եկած անցանկալի հետևանքները վերացնելու համար գործում են բնապահպանական կազմակերպություններ, որոնց խնամատար, բացատրողական, քարոզչական գործունեությունը միանգամայն խրախուսելի է Եկեղեցու կողմից: Կենդանական աշխարհի չարաշահման դեմ ներկայումս հանդես են գալիս նաև «կենդանիների իրավունքների» պաշտպանության կազմակերպություններ, որոնք, սակայն, երբեմն որոշ ծայրահեղ դիրքորոշումներ են արտահայտում:

Իսկ օզոնային շերտի քայքայման վերաբերյալ լուրջ մտահոգությամբ դեռևս 1994 թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան սեպտեմբերի 16-ը հռչակել է օզոնային շերտի պահպանության միջազգային օր: Օզոնային շերտի պահպանման մասին կազմվել են տարբեր միջազգային համաձայնագրեր, որոնց անդամակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը: