ԲՆՈՒԹՅԱՆ ԱՆԽՆԱ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ՀԱԿԱՌԱԿ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ

Մարդն իր սննդակարգում օգտագործում է կենդանիներին ու բույսերին: Բույսերն ու կենդանիները, օրինակի համար, ծառերի փայտը կամ կենդանիների կաշին գործածվում են կենցաղային իրերի պատրաստման համար: Աստվածաշնչում նշվում է, որ Աստված Ինքը մարդուն թույլատրեց այդպես օգտվել բնությունից: Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ մարդն Աստծո կամքին հակառակ ոչինչ չի անում` բնությունն իր շահերի համար օգտագործելով:

Մարդն այսօր բնությունն օգտագործում է հաճախ անխնա կերպով` այն նկատելով իբրև մի պահեստ, որտեղ օգտակար նյութեր ու մթերքներ կան իր կյանքի համար: Բնությունից օգտվելիս այն իբրև պահեստ դիտարկելը հակառակ է ոչ միայն քրիստոնեական վարդապետությանը, այլև ողջ Աստվածաշնչի դիրքորոշմանը:

Ճիշտ է, Հին Կտակարանում տրվեց բույսերն իբրև կերակուր գործածելու, ապա` ջրհեղեղից հետո նաև կենդանիներին որպես ուտելիք, ինչպես նաև զոհաբերությունների համար օգտագործելու պատվերը: Սակայն Աստված մարգարեի միջոցով ասաց. «Ողորմություն եմ կամենում և ոչ թե` զոհ» (Օսեե 6.6): Սա կրկնեց նաև Քրիստոս Նոր Կտակարանում (Մատթ. 9.13, 12.7):

Թեև Աստվածաշնչում կան բույսերն ու կենդանիներին մարդու համար օգտագործելու թույլտվությունները (Ծննդ. 1.28, 2.16, 9.13), բայց Սուրբ Գրքում արձանագրված են նաև Աստծո կողմից տրված հրահանգներ` բնության և հատկապես զգացականությամբ օժտված կենդանիների հանդեպ խղճահարությամբ ու խնամքով վարվելու համար (Ելք 20.10, Ղևտ. 25.17, 23-24, Բ Օր. 5.14, 22.67,10, Առ. 12.10, Հովհ. 10.24): Ուրեմն, բնությունը մարդու համար նյութ և ուտելիք հայթայթելու պահեստ չէ, այլ ենթակա է խնամակալության, սիրո և հոգածության:

Կաթոլիկ Եկեղեցին սրբեր ունի, ովքեր բնության հետ խորը, ներքին կապ են պահպանել, խոսել, անգամ քարոզել են կենդանիներին, ինչպիսիք են Ֆիլիպ Ներին, Ֆրանցիսկոս Ասիզացին, ում անունը նախընտրել և կրում է ներկայիս Հռոմի Պապը: Այս սրբերի օրինակով ևս Կաթոլիկ Եկեղեցին իր հավատացյալներին ուսուցանում է սեր և հարգանք դրսևորել բնության հանդեպ:

Բնությունը սոսկ որպես պահեստ նկատելու և միայն սպառողականության դիրքորոշմամբ վերցնելու, օգտագործելու, սպառելու նպատակով կատարվող հսկայական և համընդհանուր ընթացքները տանում են ոչ միայն բնական աշխարհի խաթարման, այլև շատ բնական ռեսուրսների սպառումով հետագա սերունդներին զրկում են բնության պաշարներից օգտվելու իրավունքից և հնարավորությունից:

 

image75 Հասկանալի է, որ մարդու կողմից պետք է հարգանք դրսևորվի նաև բնության մեջ առկա կյանքի հանդեպ: Սակայն մարդկությունը լայնորեն օգտագործում է նաև հողը, երկրի ընդերքը, որն ինքը կյանք չի պարունակում: Այս դեպքում ինչպիսի՞ն պիտի լինի վերաբերմունքը:

Հողը շնչավոր և զգայական չէ այն իմաստով, ինչ բույսերն ու կենդանիները: Քարը, քարածուխը, երկաթը և այլ մետաղներ ու հանածոներ ընդհանրապես անկենդան ու անշունչ են: Սակայն հողի հորատումներով օգտակար հանածոների ձեռքբերումը բնության ծայրահեղ շահագործումով ընդունելի չէ: Թեկուզ և հանածոներն անկենդան են, բայց բնության աղճատումով դրանց ձեռքբերումը վնասում է շրջակա բուսական ու կենդանական, ինչպես և մարդկային կյանքը:

Հողի ու ընդերքի օգտագործումն առանց բնությանը կործանարար վնաս հասցնելու գովելի է և օգտակար է մարդկության բարօր գոյության ապահովման համար: Բայց հաճախ բնության մեջ մարդու բացասական գործողությունների հետևանքներն անդառնալի են: Դրանք ազդում են ոչ միայն անշունչ, այլև շնչավոր բնության վրա:

Հանածոների մշակման պրոցեսները, որոնք կատարվում են քիմիական տարբեր նյութերով, հաճախ թունավորում են շրջապատը, տարածքում ապրող ոչ միայն բույսերի ու կենդանիների, այլև մարդկանց կյանքը, քայքայում բնակիչների առողջությունը: Ուրեմն, ոչ միայն բուսական ու կենդանական աշխարհի գործածումը, այլև հողի, երկրի ընդերքի օգտագործումը պետք է կատարվի բնության հանդեպ խնամքի և մարդու` մեծագույն արժեք լինելու գիտակցությամբ: