ԲԱՐԻ ԵՎ ՉԱՐ ՆԱԽԱՆՁ

Մարդիկ հաճախ են գործածում «բարի նախանձ», «չար նախանձ» արտահայտությունները: Ի՞նչ կասեք այս տարբերազատման մասին, և ունե՞ն արդյոք նախանձը և խանդն ընդհանրություններ:

Նախանձը և խանդը ընդհանրություններ ունեն դրական իմաստով, որովհետև «նախանձ» բառը կարող է նշանակել նաև նախանձախնդրություն, իսկ «խանդ» բառի առաջնային իմաստն է խանդավառություն, եռանդ, ոգևորություն: Խանդավառություն, նախանձախնդրություն իմաստով «նախանձել» բայը գործածված է Առակաց գրքում (6.6). «Մրջյունի մո՛տ գնա, ո՛վ ծույլ, նախանձի՛ր նրա գործերին և իմաստո՛ւն եղիր նրանից ավելի»:

Եկեղացական հեղինակներից նախանձի մասին առանձին ճառեր ունեն Սուրբ Հովհան Ոսկեբերանը, Սուրբ Բարսեղ Կեսարացին, մեր հայ եկեղեցական հեղինակներից` Սուրբ Գրիգոր Տաթևացին: Հովհան Ոսկեբերանը և Բարսեղ Կեսարացին խոսում են դատապարտելի նախանձի մասին, սակայն Գրիգոր Տաթևացին առանձնացնում է նախանձի տեսակները` ասելով, որ նախանձը լինում է չար և բարի:

Նախանձը չար է, երբ բարի մարդուն տեսնելով` ցավում են, որ նա բարիքներ ունի և կամ ուրախանում են, երբ մեկին չար բան է պատահում: Նախանձը չար է նաև այն դեպքում, երբ մեկը, չարագործների վատ ընթացքը տեսնելով, ինքը ևս ուզում է նմանվել նրանց:

Նախանձը բարի է, երբ մարդը, բարի գործեր տեսնելով, ցանկանում է ինքը ևս դրանք գործել: Այս բարի գործերից Սուրբ Գրիգոր Տաթևացին նշում է պահքը, աղոթքը, ողորմությունը, հավատը, հույսը, սերը: Սրա համար է առաքյալն ասում. «Նախանձախնդիր եղեք շնորհների» (Ա Կորնթ. 12.31, 14.1, 12):

Այսպիսի նախանձը բարի է ու հաճելի Աստծուն և մարդկանց ևս բարի է երևում: Այսինքն` եթե նախանձը ուրիշի բարիքների համար ցավալը, վշտանալը չէ, այլ ուրախանալը և նույնպես այդպիսի բարիքներին հասնելու նախանձախնդրությունը, ապա այդպիսի նախանձը բարի է կոչվում: