ԲԱՐԵՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԶՈՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Հռոմեական կայսրությունում քրիստոնյաների վիճակը վատացավ, երբ գահ բարձրացավ Հուլիանոս Ուրացող կայսրը (361-363): Նա անվանվեց Ուրացող, որովհետև նախկինում քրիստոնյա էր, բայց հետո ջանաց կայսրությունում վերականգնել հեթանոսությունը: Գրիրգոր Աստվածաբանը Հուլիանոս Ուրացող կայսեր դեմ իր գրություններում հայտնում է, որ երիտասարդության տարիներին Հուլիանոսն իր եղբայր Գալլի հետ մասնակցում էր մարտիրոսներին նվիրված մի տաճարի շինարարությանը, որի ընթացքում Հուլիանոսի եղբոր ջանքերը պսակվում էին հաջողությամբ, իսկ Հուլիանոսի աշխատանքը չէր ստացվում: Գրիգոր Նազիանզացին համարում էր, որ դեռ այն ժամանակ Հուլիանոսի ձեռքի գործերն անընդունելի էին Աստծո համար:

Գրիգոր Աստվածաբանի և Հուլիանոսի առաջին հանդիպումը եղել է Աթենքի համալսարանում: Այս առաջին հանդիպումից իսկ Սուրբ Գրիգորը կանխատեսեց Հուլիանոսի վատ ընթացքը նախ նրա տեսքից, քանի որ Հուլիանոսը տգեղ ու այլանդակ էր, նաև խոսվածքից, քանի որ խոսում էր ոչ կապակցված և կցկտուր: Գրիգորը հայտնում է, որ Հուլիանոսը եկել էր Աթենք երկու նպատակով. առաջինի մասին շատերը գիտեին` այցելելու ուսումնական հաստատությունները, իսկ այցի երկրորդ նպատակը քչերին էր հայտնի` Հուլիանոսը եկել էր այցելելու գուշակներին, նրանցից տեղեկություններ հարցնելու իր ապագայի մասին: Ահա այս ամենից Գրիգոր Աստվածաբանը կանխատեսեց, որ Հուլիանոսի իշխանությունը վատ ընթացք կունենա քրիստոնյաների համար:

Սակայն Սուրբ Գրիգոր Աստվածաբանը Հուլիանոսի հալածանքներն առաջին հերթին համարում է Աստծո պատիժ քրիստոնյաներին, քանի որ այդ ժամանակ քրիստոնյաները հոգևոր-բարոյական բարձրության վրա չէին: Երրորդ դարի սրբերից Կիպրիանոս Կարթագենացին նույնպես պատիժ է համարել քրիստոնյաների դեմ ուղղված հալածանքները, որ եղան Դեկոս կայսեր օրոք: Այդ ժամանակ էլ քրիստոնյաները հոգևոր-բարոյական անկյալ վիճակում էին. սկզբնական հալածանքներին նախորդած խաղաղ ժամանակաշրջանում պակասել էր քահանաների բարեպաշտությունը, իսկ եպիսկոպոսներն անգամ քաղաքից քաղաք էին շրջում նյութական շահի ակնկալիքով:

Իր ժամանակի հոգևորականների դեմ այս իմաստով քննադատաբար է խոսում նաև Գրիգոր Աստվածաբանը: Նա նաև այն միտքն է արտահայտում, որ բարեպաշտ Կոստանդիանոսի օրոք պետությունում բարօրություն էր և մարդկանց համար խաղաղություն, ինչը վերջ գտավ ուրացող Հուլիանոսի օրոք: Հետևաբար, Գրիգոր Աստվածաբանը պետության բարօրությունը կապում է նաև տիրակալի բարեպաշտության հետ: Այսպիսի միտք նրանից առաջ արտահայտել է եկեղեցական հայտնի պատմիչ Եվսեբիոս Կեսարացին, ով Կոստանդիանոսի օրոք եկեղեցական և պետական գլխավոր գաղափարախոսն էր: Հետևաբար, այսօր էլ պետության զարգացման համար մեծապես կարևոր է երկրի ղեկավարի կամ ղեկավարների բարեպաշտությունը և ժողովրդի հոգևոր-բարոյական բարձ աստիճանին գտնվելը, որովհետև միայն այդ դեպքում Աստված Իր օրհնությունը կբերի այդ երկրին ու ժողովրդին` բազմապատկելով և հարյուրապատիկ անգամ ավելացնելով ստացվող բոլոր արդյունքները: