ԲԱՆԱԿՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ավետարաններում Հիսուս Քրիստոսի ուրվագծած կատարյալ մարդը նա է, ով լի է բոլորի հանդեպ սիրով և երբեք սպանություն չի գործում, ինչպիսին որ եղավ Քրիստոս Ինքը։ Սակայն ճակատագրական պահերին զենքի դիմելու թույլտվությունը տրվել է մարդկանց խստասրտության պատճառով, ինչպես որ Քրիստոս ապահարզանի մասին հրեաներին ասաց, որ այդ օրենքով Մովսեսը ոչ թե աստվածային կատարյալ կամքն է արտահայտել, այլ հրեաների խստասրտության պատճառով է թույլ տվել կանանց արձակելը (Մատթ. 19.8, Մարկ. 10.5)։

Իսկ պատերազմի ժամանակ ինքնապաշտպանության նպատակով զենքի դիմելու արդարացիությունը կարող ենք ցույց տալ նաև Նոր Կտակարանով։ Երբ Հովհաննես Մկրտչի մոտ մկրտության եկած զիվորները նրան հարցրեցին` իսկ մենք ի՞նչ անենք, Հովհաննեսը պատասխանեց նրանց. «Ոչ ոքի մի նեղեք, ոչ ոքի մի զրպարտեք, ձեր ռոճիկը թող ձեզ բավարար լինի» (Ղուկ. 3.14), և ոչ թե ասաց՝ զենք վերցնել չի կարելի, բանակը վատն է, թողեք և հեռացեք։

Նաև Պողոս առաքյալը, խոսելով այն մասին, որ ինքը փորձել է նեղություն չտալ ոչ ոքի, ասում է. «Ո՞վ երբևէ զինվորություն կանի իր ծախսով» (Ա Կորնթ. 9.7)։ Ինչպես նաև եբրայեցիներին ուղղված իր թղթում առաքյալն ասում է, թե հավատքի շնորհիվ էր, որ Սամսոնը, Դավիթը և այլ զորականներ կարողացան հաղթել օտար բանակների (Եբր. 11.32-34)։

Սակայն թշնամին ևս մարդ է, նա գուցե մի փոքրիկ աղջնակի կամ տղայի հայրն է, ինչ-որ մեկի սիրեցյալ ամուսինը, մեկի սիրելի զավակը, ով, սակայն, հարձակվող լինելու պարագայում չար մտադրությամբ ցանկանում է վնաս, մահ ու ավեր պատճառել։ Բացի դրանից յուրաքանչյուր մարդ ստեղծված է Աստծո պատկերով։ Դրա համար էլ նույնիսկ պատերազմի ժամանակ սպանություն գործած մարդը պետք է դիմի Եկեղեցու կողմից կարգված ինքնամաքրման:

Կանոնագրքում նշվում են այն մեծ և փոքր մեղքերը, որոնք գործած մարդկանց պետք է խոստովանության բերել։ Սպանողների պարագային նշվում են այն մարդիկ, ովքեր սպանել են կամ նախանձից, կամ իշխանությամբ, կամ արբեցությամբ, կամ պատերազմի ժամանակ և այլն։ Եկեղեցական կանոններով, սակայն, Հայրենիքի, մարդկային կյանքի, սրբազան արժեքների պաշտպանության նպատակով պատերազմում թշնամուն վնասազերծած մարդը չի համարվում որպես մարդասպան, այլ` պաշտպան:

Հոգևորականները ևս միշտ պատերազմի են ելել ճակատագրական պահերին, մարդկանց ոգեշնչելու ու քաջալերելու, երբ, ինչպես նշում է Եղիշե պատմիչը Հովսեփ Կաթողիկոսի, Ղևոնդ Երեցի և մյուս հերոս հոգևորականների պարագային, պատերազմը բացի մարմնական կռիվ լինելուց համարվել է նաև հոգևոր առաքինություն։

Եվ այսօր ևս Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականները շարունակում են մեր հայ զինվորների կողքին լինել, օգնում են նրանց իրենց սիրով, աղոթքով, խրատներով և խորհուրդներով, որպեսզի մեր զիվորները նաև ոգով անկոտրում ու անպարտելի լինեն։

Սպառազինությունների քանակն ու մեծությունը չէ զորություն բերում բանակին, այլ ոգին ու քաջությունը: Եվ այսօր աշխարհում առկա սպառազինությունների մրցավազքի մեջ չէ անպարտելությունը, այլ ոգու և սխրանքի: Հիշենք մեծ զենքերով հսկա Գողիաթին պարտության մատնած պատանի Դավթին:

Բանակն անպարտելի ու հաղթական է իր քաջարի զինվորներով: Այսօր մեր հաղթական բանակի տոնն է: Թող Աստված խաղաղ պահի մեր հայրենիքը, Իր պահպանության մեջ ապահով ու անվտանգ` մեր խիզախ զինվորներին, համբերություն ու հույս` մեր զինվորների մայրերին ու հայրերին, քույրերին ու եղբայրներին, Աստծո օրհնությունները մեզ ամենքիս: Տոնդ շնորհավոր, Հայոց հաղթական ու քաջարի բանակ: